Վալերի Պողոսյանը եղբորը հակասող ցուցմունք է տվել․ մանրամասներ

Վալերի Պողոսյանը եղբորը հակասող ցուցմունք է տվել․ մանրամասներ

«ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մեղադրանքը փոխելուց հետո նրա մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ Գեւորգյանի մեղադրանքը չի հաստատվել․ «Քրեական գործի ողջ նյութերին ծանոթանալուց հետո հերթական անգամ կարող ենք վստահ ասել, որ Արմեն Գեւորգյանի մեղադրանքը չի հիմնավորվել։ Կաշառքի դրվագով նրա դեմ վկայող ընդամենը Սիլվա Համբարձումյանի իրարամերժ, մտացածին ցուցմունքներն են։ Սահմանադրական կարգի տապալման մասով միայն Վիկտոր Պողոսյանի ցուցմունքն է եւ այն մասին, որ իբր իր միջոցով Արմեն Գեւորգյանն ազդել է իր եղբոր վրա, մինչդեռ Վալերի Պողոսյանը ցուցմունքով հայտնել է, որ իր վրա ոչ մեկ, այդ թվում՝ Գեւորգյանը ազդեցություն չի գործադրել եւ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դիմումի քննությանը չի մասնակցել հիվանդության պատճառով․ գործի նյութերում հիվանդության տեղեկանքն էլ կա։ Փողերի լվացման դրվագով մեղադրանքը նույնպես չի հիմնավորվել, առկա փաստական տվյալներն անգամ աննշան կասկած չեն ստեղծում առ այն, որ Արմեն Գեւորգյանը գումարներ է «լվացել»»։

Ալեքսանյանը նաեւ ավելացրեց․ «Հատուկ քննչական ծառայությունը չի կատարել նաեւ բազմաթիվ քննչական գործողություններ, եւ կարծում եմ՝ դրա պատճառն եղել է այն, որ կատարելով այդ քննչական գործողությունները՝ դրանով էլ ավելի կհերքվեր Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը»։

Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է եւ այն մակագրվել է Վարդան Գրիգորյանին։