Որպես ներում հայցելու ակտ

Որպես ներում հայցելու ակտ

Մենք անակնկալների ժողովուրդ ենք։ Սկզբում չէինք սպասում, որ պատերազմում կարող ենք պարտվել, որովհետեւ մեզ ներշնչել էին, որ «հաղթում ենք», եւ հալած յուղի տեղ էինք ընդունում ռազմի դաշտից մեզ տրամադրվող միակողմանի տեղեկատվությունը։ Կային, իհարկե, մարդիկ, որոնք հասկանում էին, որ մեզ խաբում են, բայց նրանք քիչ էին եւ չէին համարձակվում բարձրաձայնել։ Հետո եկավ սթափության պահը, երբ պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը, որն օրը յոթ անգամ «լայվ» է մտնում, մեր թիկունքում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել՝ առանց իր պաշտելի ու հպարտ ժողովրդին տեղեկացնելու։

Եվ այդ փաստաթղթի բովանդակությունն ուղղակի շոկի մեջ գցեց բոլորիս, անգամ՝ ամենահոռետեսներին։ Որովհետեւ պարտություն էլ կա՝ պարտություն էլ, անգամ կապիտուլյացիան տարբեր է լինում։ Այս դեպքում գործ ունենք ամենախայտառակ ու ամենավատ կապիտուլյացիայի հետ, որը մանյովրի ոչ մի տեղ չի թողնում։ Այս պարագայում, ինչպես ասում են, եղածը եղած է, եւ փաստաթուղթը ստորագրողը, թվում է, պետք է ծնկաչոք ներողություն խնդրեր կամ ուղղակի հրաժարականի դիմում գրեր՝ որպես ներում հայցելու ակտ։ Բայց նա մեղադրանքներ է շպրտում սրա-նրա հասցեին։ Պարզվում է, միջազգային հանրությունն է մեղավոր, հայ կամավորներն ու բանակը, որ լավ չեն կռվել, Ծառուկյանն ու Վանեցյանը, որոնք չեն գնացել ու ռազմի դաշտում չեն զոհվել։ Նաեւ փորձում է պատասխանատվության բեռը կիսել այլոց հետո։ Մե՛կ Արայիկ Հարությունյանն է հայտարարում, որ ինքն է այս խայտառակ կապիտուլյացիայի հեղինակը, մե՛կ՝ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, մե՛կ Պնախարար Դավիթ Տոնոյանը։ Ես դեմ եմ մեղավորներ փնտրելուն՝ դա արդեն կարեւոր էլ չէ, ուղղակի կհարցնեմ՝ ինչո՞ւ շուտ չէիր կնքում այս համաձայնությունը, որ կյանքեր փրկվեին, եւ ամբողջը չհանձնեինք։