Տերն ու ծառան

Տերն ու ծառան

Քաղաքացին իրավունք ունի, ավելին` պարտավոր է միշտ դժգոհ լինել իր իշխանությունից: Քաղաքացու գործը պահանջելն է, որ իր ձեւավորած, իր կողմից վճարվող անձինք լավ աշխատեն:

«Գործատուն» միշտ պետք է ստիպի, պահանջի, պարտադրի, որ իր «աշխատողը» լավ կատարի իր պարտականությունները: Ի վերջո, հենց 60 հազար դրամ ստացող առաքիչի, 120 հազար դրամ ստացող ուսուցչի, 200 հազար դրամ ստացող վարորդի վճարած հարկերից են միլիոնանոց աշխատավարձեր ստանում պաշտոնյաները:

Աշխատավարձը ստանում են, բայց իրենց պարտականությունները շատերը վատ են կատարում` դեռ մի բան էլ իրենց «գործատուներին» վերեւից են նայում, արհամարհում են, չեն ընդունում, չեն լուծում նրանց խնդիրները: Եվ երբ ՊԵԿ-ի մի ամբարտավան ու լկտի չինովնիկ սկսում է քննարկել ու քննադատել ՊՆ-ին պատկանող նախկին շենքում ինքնակամ բնակություն հաստատած մարդկանց, նրանց վիրավորել ու անպատվել` իբր թե օրենք ու կարգ են խախտել, ուզում ես այդ չինովնիկի դեմքին նետել` ախր, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն վիրավորում ես, անվանարկում, նվաստացնում:

ՊՆ-ի այդ շենքը, որը 2008 թվականից ի վեր անտերության էր մատնվել ու քանդվում էր մեր աչքի առաջ, ոչ մեկին պետք չէր: Հանկարծ իշխանությունը որոշեց այն հատկացնել ՊԵԿ-ին, ու նկատեցին, որ անտուն մնացած ինչ-որ մարդիկ այդ լքված շենքում ապաստան են գտել: Եվ պետությունը փոխանակ այդ մարդկանց հարցերը լուծի, սկսեց տարհանման ամոթալի մի գործընթաց: 90-ականներին, երբ մեր երկիրը շատ ավելի ծանր վիճակում էր, մարդիկ մտել, գրավել էին Պուշկինի 43 նորակառույց շենքը եւ դուրս չէին գալիս: Բնակարանները տերեր ունեին, սակայն ամիսներ տեւեց ապօրինի ներխուժածների տարհանումը: Այն ժամանակվա իշխանությունը ոչ թե մարդկանց փողոց նետեց, այլ շատերի հարցը լուծեց: