Վարչական դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» հայցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ։ Դեռեւս հուլիսի սկզբին կուսակցությունը նախ դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով վերականգնել իրենց կորցրած մանդատը, որը կուսակցությունը ստացել էր Արման Բաբաջանյանի համար եւ կորցրեց վերջինիս՝ ԼՀԿ-ից դուրս գալուց հետո։ ԿԸՀ-ն մերժել էր ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը։ Մուկուչյանի գլխավորած հանձնաժողովն արձանագրել էր․ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որեւէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել մանդատը։ Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, եւ դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։
Այս ամենից հետո ԼՀԿ-ն որոշել էր բողոքարկել ԿԸՀ որոշումը։ Խմբակցությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան, որը մերժվել է այն հիմքով, որ խմբակցությունը որպես դիմումատու սուբյեկտ հանդես գալու իրավունք չունի, քանի որ իրավաբանական մարմինը կամ ֆիզիկական անձինք կարող են վարչական հայց ներկայացնել, իսկ խմբակցությունը ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը։ Ավագանու ԼՀԿ-ական անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ կուսակցության կողմից էլ հնարավոր չէր հայց ներկայացնել, քանի որ չի կարող մի սուբյեկտ դիմել ԿԸՀ, մեկ այլ սուբյեկտ բողոքարկել ԿԸՀ որոշումը։ Ուստի դիմել են վերաքննիչ դատարան՝ ստանալու նախադեպային որոշում, որ խմբակցությունն էլ կարող է դիմել․ «Հիմա գործը վերաքննիչում է այն հիմքով, որ վարչական դատարանը մերժել է որպես սուբյեկտ ճանաչել ֆրակցիային։ Իսկ մենք պնդում ենք՝ քանի որ ԿԸՀ-ն վարույթը սկսել է այդպես եւ պատասխան է տվել՝ նշելով, որ հնարավոր է բողոքարկել, չի կարող իր որոշումը մնալ առանց բողոքարկելու։ Ընդ որում, վարչական դատարանը չի ասել, որ գնացեք հայցը կուսակցության անունից բերեք, այլ հստակ մերժել է»։
Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ Երեւանի մասին օրենքը թույլ է տալիս, որ ավագանու խմբակցությունը դիմի դատարան, ուստի ոչինչ չի խանգարում, որ խորհրդարանի պարագայում էլ նույնը կիրառեն։ «Եթե ԱԺ-ի մասով վերաքննիչը չշտկի այս բացը, կստացվի, որ ԿԸՀ որոշումը մնալու է անբողոքարկելի, ինչը, իհարկե, աբսուրդ է»,- ասաց Խաժակյանը։ Ի դեպ, վերաքննիչ բողոքը մուտք է արվել հուլիսի 31-ին։