Կաթողիկոսը գերիների վերադարձի ուղղությամբ քայլեր է ձեռնարկել

Կաթողիկոսը գերիների վերադարձի ուղղությամբ քայլեր է ձեռնարկել

Ամենայն հայոց կաթողիկոսը գերիների վերադարձի կապակցությամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության իշխանություններին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին հարցրինք, թե ճի՞շտ է այս տեղեկությունը, պատասխանեց․

«Հայոց Եկեղեցին մասնավոր հովվական հոգատարություն է իրականացնում տարբեր խմբերի նկատմամբ, որոնց թվում են նաև գերության մեջ հայտնվածների, անհայտ կորածների և զոհվածների ընտանիքները։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որոշակի քայլեր է ձեռնարկել՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետի Կիրիլ պատրիարքի ուշադրությանը հանձնելով զոհվածների մարմինների և հատկապես ռազմագերիների շուտափույթ վերադարձի կարևոր հարցը։ Մենք լիահույս ենք, որ գերիների հարցը լուծվելու է մարդասիրության ոգով, խաղաղության և արդարության արժեքների կարևորումով և հարգումով։ 

Այս օրերին հաճախ է հնչում հարցադրումն այս ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվելիք հնարավոր քայլերի առնչությամբ։ Նշեմ, որ եկեղեցական մեր կառույցների կողմից այս ուղղությամբ աշխատանք տարվում է նաև զանազան միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների հետ։

Մեր Եկեղեցին եղել և մնում է մեր ժողովրդի կողքին` շատ հաճախ լուռ իր խոնարհ ծառայությունը բերելով հանուն ազգի հարատևության և բարօրության։ 

Եկեղեցին գիտակցում է, որ խաղաղությունը չի կարող հաստատուն լինել, եթե չլուծված են մնում ժողովուրդների կյանքում նման նուրբ և զգայուն հարցեր։ Պետք է ամեն ջանք ի գործ դնել և, վստահեցնում եմ, այս հարցը գտնվում է Ամենայն Հայոց Հայրապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում, որի մասին ըստ պատշաճի ապագայում կտեղեկացնենք, հուսով եմ` դրական ելքով»։