Ադրբեջանը հայ գերիներին վերադարձնելու դիմաց նախապայմաններ է առաջ քաշել․ Ն․ Զոհրաբյան

Ադրբեջանը հայ գերիներին վերադարձնելու դիմաց նախապայմաններ է առաջ քաշել․ Ն․ Զոհրաբյան

Հունիսի 21-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստին (Ստրասբուրգում է տեղի ունեցել) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձել է քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։

Զոհրաբյանը նշել էր, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ասել է, թե Ադրբեջանում «որևէ հայ ռազմագերի չկա, ու մնացյալը տեռորիստներ են»։ 

«Հրապարակի» հետ զրույցում Զոհրաբյանը որոշ մանրամասներ ներկայացրեց իր և Սեիդովի առանձնազրույցից, որի ժամանակ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորը հայ գերիներին վերադարձնելու դիմաց մի քանի նախապայման է առաջ քաշել։

«Մի քանի նախապայման ներկայացրեց, որոնցից մեկն այն էր, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինձ ուղղակի, շատ ուղիղ տեքստով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ասաց, որ «եթե ուզում եք քննարկենք ձեր տեռորիստների վերադարձի հարցը, բնականաբար, դատավճիռները լինելուց հետո, արե՛ք առաջին քայլը, ճանաչե՛ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար` Արցախի 75 տոկոսը ներառյալ։ Սկսե՛ք սահմանազատման և սահմանագծման գործընթաց խորհրդային քարտեզներով», - ասաց պատգամավորը։

Զոհրաբյանի խոսքերով՝ Ադրբեջանի կողմից առաջադրվող նախապայմանները հայկական կողմի համար պետք է լինեն «բացարձակապես և միանշանակ անընդունելի»։ «Որովհետև ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ, մենք դրանով ինքներս մեր ձեռքով փակելու ենք երբևէ Շուշին, Հադրութը և մեր հայկական պատմական հողերը վերադարձնելու հնարավորությունը», - հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Հայ պատգամավորի և ադրբեջանական խորհրդարանի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահի առաձնազրույցը տեղի է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակահատվածում։ 

«Ես և ադրբեջանական պատվիրակության ղեկավարը տարիներ շարունակ` 2008 թվականից, Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում ենք։ Մեր խմբում դիսկուրսը սկսվեց, որից հետո հենց քաղաքական խմբում ես և Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը շարունակեցինք զրույցը։ Խմբի նիստի ավարտից հետո մենք ունեցել ենք առանձնազրույց։ Ես նշել եմ, որ հայկական կողմը բարի կամք դրսևորեց, ազատ արձակեց [նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից հետո] նաև մարդասպաններ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին, որոնք հայ քաղաքացիական անձ էին գլխատել, և նրանց մեղքն ապացուցված էր։ Եվ, բնականաբար, իմ բոլոր փաստարկները, որ հայկական կողմը հանձնել է նաև 1990-ականներին Արցախի տարածքում զոհված ադրբեջանցի զինծառայողների ոսկորները, բնականաբար, որևէ ազդեցություն չունեցան։ Ես հասկացա, որ ադրբեջանական կողմն ունի իր հստակ թեզերը, հստակ նախապայմանները, որոնցից չի պատրաստվում հրաժարվել», - նշեց ԲՀԿ պատգամավորը։    

Զոհրաբյանը հայ գերիներին վերադարձնելու հարցում միակ ռացիոնալ տարբերակը տեսնում է միջազգային կառույցների հետ շատ ավելի ակտիվ աշխատանքում։ «Տեսանելի ապագայում հայ գերիներին վերադարձնելու համար միակ ռացիոնալ տարբերակը տեսնում եմ միջազգային կառույցների հետ աշխատելով, որպեսզի Ադրբեջանի վրա ոչ թե բանաձևերով, հորդորներով, կոչերով ազդեն, այլ կոնկրետ, առարկայական պատժամիջոցներ կիրառեն, ինչը ես առաջարկել եմ Ստրասբուրգում։ Կալանք դնեն Ալիևի, նրա կլանի բոլոր եվրոպական հաշիվների վրա, սառեցնեն։ Եվ կոնկրետ, առարկայական պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի հանդեպ, օրինակ՝ կասեցնեն Ադրբեջանի պատվիրակության անդամակցությունը ԵԽԽՎ-ին կամ զրկեն ձայնի իրավունքից գոնե մեկ տարի կամ գոնե մեկ նստաշրջան, ինչն իրենք  շատ մեծ հաճույքով անում են Ռուսաստանի և Բելառուսի դեպքում։ Տնտեսական սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի հանդեպ, ինչո՞ւ նույնը չանել Ադրբեջանի հանդեպ», - ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը։    

Ըստ նրա՝ այլ տարբերակ, որ հայ գերիները կհայրենադարձվեն տեսանելի ապագայում, չկա․ «Մեր ռազմագերիները մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի ամենածանր քրեական հանցագործություններով՝ ահաբեկչություն, դիվերսիա, պայթեցումներ և այլն։ Ինչն իրենց քրեական օրենսգրքով նախատեսում է 14-20 տարի ազատազրկում և որոշ դեպքերում` նաև ցմահ ազատազրկում»։

Հարցին՝ «Ձեր առանձնազրույցից հետո խմբի մյուս անդամներին` եվրոպացի և այլ պետությունների գործընկերներին տեղեկացրե՞լ եք Ադրբեջանի նախապայմանների, պահանջների մասին», Զոհրաբյանը պատասխանեց, որ ԵԽԽՎ-ականները տեղեկացված են։ 

«Իրենք բոլորը տեղեկացված են Ադրբեջանի պահանջներից։ Եվ դրա մասին հատուկ տեղեկացնելու անհրաժեշտություն չկա, որովհետև նույն բանն Ադրբեջանը նաև ասում է իրենց՝ «դրանք մեր տարածքներն են եղել, և Հայաստանը պարտավոր է ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ»։ Ադրբեջանի դիրքորոշումը երբևէ իրենց համար նորություն չի եղել։ Ես տեսնում եմ եվրոպական կառույցների կողմից մտահոգություն, որ ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա` ռազմագերիներին վերադարձնելու համար, բայց իրենց մտահոգություններն այս պահին ավարտվում և միայն ձևակերպվում են մտահոգիչ հայտարարություններով։ Հայտարարություններով, բանաձևերով Ադրբեջանը ռազմագերիներ չի վերադարձնելու, կոնկրետ, առարկայական, նյութական պատժամիջոցներ են անհրաժեշտ», - եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ Սեիդովը նաև Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավարն է։

Հունիսի 21-ին տարածած հայտարարության մեջ Զոհրաբյանը նաև գրել էր, թե Սեիդովն ասել է, որ «իրենց հանձնված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են»։ Հունիսի 12-ին ադրբեջանական կողմը Վրաստանի սահմանով Աղդամի ականապատ տարածքների քարտեզների դիմաց Հայաստան էր հայրենադարձրել 15 հայ ռազմագերու։ Վերադարձը, ըստ պաշտոնական հայտարարությունների, կատարվել էր Վրաստանի կառավարության միջնորդությամբ ու Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։