Որտեղ է Հայաստանին նվիրաբերած սուպերհամակարգիչը․ երբ է հասնելու Երևան ու որտեղ է տեղադրվելու

 Որտեղ է Հայաստանին նվիրաբերած սուպերհամակարգիչը․ երբ է հասնելու Երևան ու որտեղ է տեղադրվելու

2017 թվականին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը պատրաստվում է Հայաստանի ԳԱԱ-ին նվիրել իրենց, այսպես կոչված, սուպեր համակարգիչը, որն ունակ է լուծելու տարբեր ոլորտներին վերաբերող դժվարագույն խնդիրներ ու հաշվարկներ։ Ավելի քան 12 հազար պրոցեսոր ունեցող այս համակարգիչը ունի ցանցային ենթակառուցվածքներ, տվյալների պահպանման միջավայր: Սուպերհամակարգիչը հնարավորություն կստեղծեր լուծելու տվյալների պահպանման անվտանգության հարցը, ինչպես նաև նպաստելու տնտեսական, գիտական, սոցիալական խնդիրների լուծմանը։

Համակարգի առկայությունը կարևոր է, մասնավորապես, բնական աղետների, կլիմայի փոփոխության և եղանակի կանխատեսման, առողջապահական, շրջակա միջավայրի պահպանման, հանցագործությունների բացահայտման, գյուղատնտեսական խնդիրների լուծման համար:  Վերլուծության հնարավորություն ունեցող այս գիգանտը առաջին հերթին պիտի կիրառվեր գիտության ոլորտում՝ գենոմիկայից մինչև ֆիզիկա: Բոլոր այս ոլորտներում հավաքագրվող տվյալները կարճ ժամանակահատվածում մշակելով, վերլուծելով և համադրելով՝ հնարավորություն պիտի ստեղծվեր  մեծ խնդիրները լուծել փոքր ժամանակահատվածում: Արդեն տևական ժամանակ է անցել, բայց համակարգչից տեղեկություն չկար, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե տեղափոխման ժամկետների հետ կապված ի՞նչ աշխատանքներ են տարվել մինչ այս պահը, ո՞ր փուլում են տեղափոխման աշխատանքները, ե՞րբ է նախատեսվում համակարգչի տեղադրումը և որտեղ, արդյոք կան խոչընդոտներ տեղափոխման մասով և այլն։

ԲՏԱ նախարարության արձագանքը ներկայացնում ենք ստորև՝

«Ինժեներական քաղաքում Գերհամակարգչային կենտրոնի համար տարածքի հատկացման և շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ։ Նախապատրաստվել են համապատասխան փաստաթղթեր և կատարվել է հողհատկացումը։ 2022 թվականի մայիս ամսին ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից հայտարարվել է շինարարական նախագծի պատրաստման մրցույթ, որը ամփոփվել և հայտարավել է հաղթող ընկերությունը։ Կառուցապատման նախագիծը մշակվել և հաստատվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Այնուհետև, համաձայն ընդունված ընթացակարգի, բոլոր համապատասխան փաստաթղթերը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան՝ շինարարության թույլտվության ստացման նպատակով։ Երևանի քաղաքապետարանի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո՝ կհայտարարվի մրցույթ շինարարություն իրականացնելու նպատակով։ Նախատեսվում է Ֆրանսիայի Հանրապետությունում Գերհամակարգչի գործարանային ընդունումն իրականացնել ս․թ․ դեկտեմբերի 15-ին, իսկ տեղափոխումը Հայաստանի Հանրապետութուն իրականացնել 2023թ-ի հունվարին։

Ըստ նախնական հաշվարկների Գերհամակարգիչն Երևանում կլինի 2023թ․ մարտ ամսին։ Գերհամակարգիչը տեղադրվելու և գործելու է Ինժեներական քաղաքում։ Տեղադրման ակնկալվող ամսաթիվը՝ 2023 թվականի մարտ ամիսն է։ Տվյալ պահին տեղափոխման հետ կապված խոչընդոտներ չկան, նախատեսվում է գերհամակարգչի տեղափոխումը կազմակերպել նշված ժամկետներում»։