Խոհեր անկշռելիության կետում

Խոհեր անկշռելիության կետում

Հռոմի ստատուտի հաշվով ռուսները, փաստորեն, ճիշտ էին: Մերոնք ինչքան էլ փիլիսոփայեցին, թե էդ թուղթը կամ կոնվենցիան կամ չգիտեմ ինչը Պուտինին ձերբակալելու նպատակ չի հետապնդում, միեւնույն է, պարզվեց, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի ապահարզանի թուղթն է: Վերջացավ: Քանի դեռ Նիկոլը կլինի ՀՀ վարչապետ, Պուտինը Հայաստան չի գա: Նիկոլն էլ Ռուսաստան չի գնում, փաստորեն, քանի դեռ Պուտինը ՌԴ նախագահն է: Ճիշտ է, Ռուսաստանը Հռոմի ստատուտը չի վավերացրել, բայց դա Պուտինի համար խոչընդոտ չէ Նիկոլի ձեռուոտը կապելու եւ ФСБ-ի պադվալ ուղարկելու համար, եթե Նիկոլը հանկարծ ժամանի Ռուսաստան:

Նիկոլից բացի Ռուսաստան գնալուց խուսափում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Պնախարար Սուրեն Պապիկյանը եւ բազմաթիվ այլ ՔՊ-շնիկներ, որոնք ողջունել են Հռոմի ստատուտի ընդունումն ու վավերացումը: Ամենահամարձակը, թերեւս, Արարատ Միրզոյանն է, որ, ճիշտ է, Ռուսաստան չի գնում, բայց դեռ հեռախոսով շփվում է Լավրովի հետ: Իրար զանգըմ-մանգըմ են, հասկանում ես:

Կարելի էր ասել, որ միմյանց չայցելելու հաշիվն այս պահին ոչ-ոքի է՝ 1:1, հայերը բացեցին այն, իսկ ռուսները հավասարեցրին: Իսկ խաղի ավարտին, ինչպես ասում են հաղորդավարները, դեռ շատ ժամանակ կա: Ո՞ւմ կժպտա բախտը, Հայաստանի՞ն, որ փորձում է տեղավորվել Արեւմուտքի վերմակի տակ, թե՞ Ռուսաստանին, որ այս պահին լուրջ խնդիրների է բախվում համաշխարհային քաղաքականության մեջ: Այս հարցի պատասխանը, ավաղ, կախված չէ հայ արեւմտականներից, որոնք անբացատրելի ցնծության մեջ են հայ-ռուսական ապահարզանի կապակցությամբ: Նրանք, այո, Նիկոլին հասցրել են անվերադառնալիության կետին, բայց դրանից անդին տանել չեն էլ կարող, որովհետեւ հաջորդ քայլն արդեն Արեւմուտքինն է, իսկ Արեւմուտքը, որքան հասկանում եմ, պատրաստ չէ, Ուկրաինայի հարցը չլուծված, նոր «բազարների» մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ արդեն Հարավային Կովկասում: Այնպես որ, Հայաստանը մի տեսակ զրոյական կետում է, եթե կուզեք՝ անկշռելիության վիճակում, որից նրան կարող է հանել միայն Աստված: Դե իսկ Ռուսաստանը կամ ռուսները որեւէ խնդիր չունեն Հայաստանի հետ սեփական նախասիրություններով վարվելու հարցում: Պուտինը չի գալիս Հայաստան, բայց նրա փոխարեն ՌԴ փոխվարչապետն է գալիս: Ի՞նչ տարբերություն, չէ՞: Պնախարարությունից իջնելիս նրա համար Գայի պողոտան այնպես էին փակել, ասես Բայդենն էր եկել Երեւան: Թերթերն էլ գրեցին, որ նա Մոսկվա չգնացող Պապիկյանի հետ կարեւոր հարցեր է քննարկել… Բա Ռուսաստան չգնացող Նիկո՞լը ոնց ընդունեց ՌԴ փոխվարչապետին: Պատմելու չի: Տպավորություն ստացանք, որ Հռոմի ստատուտն ուր որ է թաղելու ենք, բայց նման բան տեղի չունեցավ: Գոնե մինչեւ այսօր տեղի չունեցավ, որովհետեւ Ալեն Սիմոնյանը, արդեն երկրորդ անգամ, հրաժարվեց Մոսկվա գնալ ու մասնակցել ՀԱՊԿ ԽՎ նիստերին:

Չգիտեմ որքանով է ճիշտ կամ սխալ, բայց պատմում են, որ այս օրերին ՔՊ-ում շատացել են ռուսական «շպիոնները»: Նույնիսկ անուններ են տալիս՝ ՀՀ ՆԳ նախարար, էկոնոմիկայի նախարար… Այսինքն՝ մարդիկ, որոնք չեն վախենում, ի հեճուկս Նիկոլի, Ռուսաստան մեկնել կամ ռուսների հետ գործ ունենալ: Հայ արեւմտականները պանիկայի մեջ են այս մարդկանց հարցով, բողոքում են Նիկոլին, բայց Նիկոլը դեռ չի շտապում որոշում կայացնել նրանց հեռացնելու մասին: Ըստ երեւույթին, նրանք Նիկոլի վերջին հույսն են, որ, եթե բան է, Ռուսաստանը սկսի ամրապնդել դիրքերը մեր տարածաշրջանում, բարեխոսեն իր համար եւ իրեն այլ լույսի ներքո ներկայացնեն Մոսկվային: Հայ արեւմտականները, անշուշտ, իրենց «քցված» կհամարեն, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, երբ հարցը վերաբերում է Նիկոլի «կաշվին», որը պետք է փրկել ամեն պարագայում՝ թքած Արեւմուտքի էլ, արեւմտականների վրա էլ:

Առանձին վերլուծաբաններ վերջերս հայտարարեցին, որ Նիկոլի հակառուսական կեցվածքն ընդամենը խաղ է, եւ նա հստակ ռուսական պրոյեկտ է: Չէ, մի շտապեք ծիծաղել, որովհետեւ Նիկոլն իր քաղաքական արմատներով ռուսական կողմնորոշում ունեցող ուժի ծնունդ է: Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ թույլ չի տա ստել: Ինքն անձամբ է հայտարարել, որ ռուսամետ է, իսկ թե ում աֆերիստ հոգեժառանգն է Նիկոլը, բոլորը գիտեն: Նիկոլը, ինչպես Պանիկովսկին էր ասում, կարող է Արեւմուտքին ծախել, նորից գնել եւ կրկին ծախել, բայց արդեն ավելի թանկ գնով: Այնպես որ, հայ արեւմտականները թող շատ էլ չուրախանան, որ իրենց հաջողվել է Նիկոլին հասցնել մի կետի, որից հետո Ռուսաստանի ճամփեքը փակվեցին նրա համար: Հնարավոր է, սակայն, որ ոչ մի ճամփա էլ փակ չէ Նիկոլի առաջ, եւ նա ընդամենը ներկայացում է բեմադրում: Արեւմուտքն առայժմ հաճույքով է վճարում այս ներկայացման համար, քաղցր աչքով է նայում հայ արեւմտականներին, բայց դա ժամանակավոր է, քանզի շուտով ամեն ինչ կվերջանա հայ-ռուսական ապահարզանի չեղարկմամբ:

ՀԳ. Ես մի քանի անգամ հարց եմ բարձրացրել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի երկօրյա պաշտոնական այցի մասին Ռուսաստան: Դա նրանց առաջին եւ առայժմ միակ պաշտոնական այցն էր ՌԴ, որի ժամանակ Հայաստանից ժամանած զույգին տարան նաեւ Նովգորոդի մարզ եւ ցուցադրեցին Նիժնի Նովգորոդ քաղաքի արվարձանները: Շատ սովորական հարց եմ տվել՝ ի՞նչ են ցույց տվել Նիկոլին եւ Աննային այնտեղ: Չար լեզուներն ասում են՝ մի առանձնատուն են ցույց տվել, որտեղ նրանք կարող են անցկացնել իրենց «երջանիկ» կյանքի վերջին տարիները: Հայ արեւմտականներ, հապա անցեք գործի: Բա չիմանա՞նք այդ ինչ առանձնատուն է, որ Հայաստանի վրա մի ողջ Արցախ նստեց: