«Արհմիության» փողերն ու քաղաքապետարանի «ամանորյա» Բրեգովիչը

«Արհմիության» փողերն ու քաղաքապետարանի «ամանորյա» Բրեգովիչը

Քաղաքապետարանն այս տարի 325 մլն դրամ կծախսի ամանորյա միջոցառումների համար, որի մեծ մասը՝ 270 մլն դրամը, տրամադրել է կառավարությունը։ Մենք արդեն գրել ենք, որ տոնական միջոցառումներն այս տարի նույնպես կանցկացվեն մեկ անձից գնումով՝ առանց մրցույթի։
«Այդ 325 միլիոնը, որը հրապարակված է, դրանից մոտ 270 միլիոնը կառավարության տված փողն է, 54 միլիոնը համայնքային բյուջեից է։ Բացի դրանից՝ վարչական շրջաններն առանձին բյուջե ունեն՝ տոնական զարդարանքների, փողոցների լուսավորության համար եւ մշակութային միջոցառումների համար։ Վաղը Տիգրան Վիրաբյանի ասուլիսն է լինելու, ինքն այդ թվերը հստակ կհրապարակի, թե ամեն վարչական շրջան առանձին որքան գումար է նախատեսել»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանը։

Ի դեպ, տոնական միջոցառումներն այս տարի նույնպես կազմակերպելու է «Ֆակտորի փրադաքշն» ընկերությունը, որը նախկինում մայրաքաղաքային միջոցառումներ էր կազմակերպում։ Այս տարի, կառավարության առաջարկությամբ, եւս 4 ընկերություն կմասնակցի՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ, 4-րդին կընտրի  քաղաքապետարանը։ Հայտնի դարձավ, որ ոչ պակաս ճոխ ամանոր են պատրաստվում նշել նաեւ վարչական շրջանների աշխատակազմերը։

Ըստ արդեն իսկ հրապարակված տվյալների՝ թաղապետարանների աշխատակիցների ամանորյա քեֆ-ուրախությունների համար նախատեսվել է համայնքային բյուջեից ծախսել մոտ 14,5 մլն դրամ, որից Ավան վարչական շրջանի աշխատակազմին` 1 միլիոն 300 հազար դրամ, Շենգավիթի` 2 միլիոն, Դավթաշենի` 1  միլիոն 300 հազար, Էրեբունու ` 400 հազար, Նորք-Մարաշի` 1 միլիոն, Նուբարաշենի՝ 200 հազար, Քանաքեռ-Զեյթունի` 2 միլիոն, Նոր Նորքի` 1 միլիոն 600 հազար, Աջափնյակի՝ 400 հազար, Արաբկիրի՝ 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ ամենաճոխ Ամանորը կլինի Կենտրոն շրջանում՝ 3 մլն դրամ գումար։ Միայն Մալաթիա-Սեբաստիան 0 դրամ է ծախսելու։

Մենք զանգահարեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ հասկանալու, թե ինչու է կորպորատիվի համար 0 դրամ սահմանել, ինչով են Մալաթիայի թաղապետարանի աշխատակիցները մյուսներից պակաս, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ թաղապետարանի աշխատակազմն ամանորյա հավաքույթ չի անելու։ «Չէ, ունենալու է, մենք արհմիության գումարներով ենք անելու, դա ավանդույթ է եղել»,- ասաց Կարապետյանը։
Հարցրինք, թե որքան է նախատեսվել։ «Այս պահին արհմիության հոգաբարձուների խորհուրդը զբաղված է տարբեր տեղերում գինը հասկանալով, հետո, երբ ժողով կանեն, թիվը կհասկանան՝ տրամաբանակա՞ն է, թե՞ ոչ, որ ըստ դրա շարժվեն առաջ։ Այս պահին թիվ չկա»։ Կարապետյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչ գումար է դա, ովքեր են արհմիության հոգաբարձուների խորհրդի կազմում։ Նա չպատասխանեց, ասաց՝ ուսումնասիրեք համացանցը, որտեղ, ի դեպ, որեւէ բան չկա Մալաթիա-Սեբաստիայի արհմիության մասին։ Վարչական շրջանի ղեկավարին հարցրինք նաեւ, թե որքան է տրամադրվել քաղաքապետարանից վարչական շրջանի ամանորյա միջոցառումների համար։ «Մենք ունեինք լուսավորություններ, որոնք վերանորոգվել են հաջորդ տարի օգտագործվելու համար, դա այն գումարն է, որը ըստ նախահաշվարկի կազմվել է։ Այսինքն՝ հաշվարկը եղել է 9.6 միլիոնի, բայց մրցույթը հաղթել են 8․2 միլիոնով։ Իհարկե, մրցույթով է լինելու, այս պահին անունները չեմ հիշում, բայց բոլորը մրցույթով է, առանց մրցույթի գումար չի ծախսվում»։

Զրուցեցինք նաեւ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հետ։ Հարցրինք, թե դա ինչ «արհմիություն» է, որն ամանորյա կորպորատիվ է կազմակերպում Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ «Ես էլ չեմ հասկանում՝ արհմիությունը որն է։ Արհմիությունները սովորաբար կառույցներում Նոր տարվա տոմսեր էին բաժանում ժամանակին, հիմա չգիտեմ ինչ հնարավորություններ ունեն։ Գիտեմ, որ անդամավճարներ են մուծում աշխատողները, իրենք էլ ուզում են ձեւակերպել, որ այդ վճարած գումարներից արհմիությունում հավաքագրվել է որոշակի ֆոնդ, որը, իբրեւ, ուղղելու են այդ ծախսերին»։ Առաքելյանին հարցրինք, թե ինչու այս տարի նույնպես որոշվեց ամանորյա միջոցառումներն անցկացնել մեկ անձից գնման կարգով՝ հատկապես, որ նման աստղաբաշխական գումար է տրամադրվել։ «Մեկ անձից գնման կարգով արվել է, քանի որ գնումների վերաբերյալ կառավարության որոշման մեջ լրացում է արվել, որ 1 միլիոնից ավելի գումարի դեպքում, եթե խոսքը վերաբերում է ստեղծագործական, բեմադրական ծախսերին, կարող են մեկ անձից գնում անել, եթե խոսքը չի վերաբերում շինարարական ծախսերին, իսկ այս դեպքում, պարզ է, շինարարական աշխատանք չկա»,- պատասխանեց նա։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ այս տարի նույնպես միջոցառումները վստահվել են «Ֆակտորի» ընկերությանը։ Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունը պատկանում է Տիգրան Վիրաբյանի մտերիմներից մեկին։ «Ինչպես հասկացա, «Ֆակտորին» այն ընկերությունն է, որը քաղաքապետարանի լավ գործընկերն է դարձել, տարբեր միջոցառումների մեջ մենք այդ անվանը պարբերաբար հանդիպում ենք։ Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ում է պատկանում, ես նման հայտարարություն չեմ կարող անել, բայց պարզաբանումներում նշում են, որ Հայաստանում նման միջոցառումներ կազմակերպող լավագույն ընկերությունն է, այդ մոտիվացիայով էլ պարբերաբար աշխատանքները կազմակերպում են այս ընկերության հետ եւ այս դեպքում մեկ անձից գնման սկզբունքով կարողանում են իրենց հետ շատ ավելի հեշտ աշխատել»։

Ամանորյա միջոցառումների համար տրամադրված 325 մլն դրամի մեջ է մտնում նաեւ Գորան Բրեգովիչի համերգը։ Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ հարցում է ուղարկել քաղաքապետարան․ «Ես ավագանու նիստի ժամանակ իրենց հարցրի Բրեգովիչի համերգի մասին, իրենք ցրեցին, ասացին, որ չեն իմանում, թե ծախսերը որքան են եւ այլն։ Մամուլը գրել է 290 հազար դոլար, բայց ես հրատապ ռեժիմով հարցում եմ ուղարկել իրենց, որ իրենք ինձ շտապ պատասխանեն՝ տեսնեմ, թե Բրեգովիչի համերգի ծախսերն ինչքան են լինելու, որովհետեւ իր հետ Երեւան է գալու մոտավորապես 10 մարդ, եւ ինձ հասած հստակ տեղեկություններով՝ շուրջ 3 օր Բրեգովիչը մնալու է Երեւանում։ Երեւի շաբաթվա վերջին հստակ կիմանանք թիվը»։