Չնայած Նիկոլ Փաշինյանի բանակցած տարբերակով Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը՝ Քյարքին, ըստ լուրերի, մտնելու է Ադրբեջանին հանձնվելիք տարածքների մեջ, սակայն նախկին մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, ով Տիգրանաշենում շքեղ երկհարկանի առանձնատուն ունի, բիզնեսներ, հեկտարներով այգիներ, երեկ մեզ հետ զրույցում վստահ պնդեց, որ Տիգրանաշենը որեւէ պարագայում չի հանձնվելու թուրքին։
Հիշեցնենք․ հունիսի 1-ին՝ Մոլդովայի հետ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Փաշինյանը, պատասխանելով Տիգրանաշենն Ադրբեջանին տալու հարցին, ասել էր․ «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի: Մենք ասում ենք, որ պետք է գնանք, իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք… Ես ուզում եմ, որ մենք էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ տենց անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է: Չկա տենց հարց, որովհետեւ, եթե ճանապարհը սենց չի կարող անցնի, նենց կարող է անցնի: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն էսօր էնքան ենք զարգացնում, որ էդպիսի անլուծելի ոչ մի խնդիր չկա»։
Իրականում Տիգրանաշենի ռազմավարական նշանակության փաստն անժխտելի է, այն, ըստ էության, կապող օղակ է Հայաստանի հյուսիսային հատվածի` Վայոց Ձորի եւ Սյունիքի միջեւ, եւ Տիգրանաշենը տալուց հետո այդ մարզերը, մեծ հաշվով, կտրվելու, մեկուսանալու են, բացի այդ՝ այս պահին չկա մի նախանշված ճանապարհ, որը կարող է փոխարինել Տիգրանաշենով անցնող ճանապարհին:
Իսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Տիգրանաշենը տալու վերաբերյալ կասկածներն ավելի խորացրեց, որի մասին խոսվում էր պատերազմից ամիսներ անց, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը պաշտոնապես հրապարակվելու շրջանում որոշ շրջանակներ տարածում էին եռակողմ հայտարարության մի տարբերակ, որում ներառված էին Տիգրանաշենն ու Տավուշի մի քանի գյուղեր։ Դիցուք՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էր իր տելեգրամյան հարթակում հրապարակել։ Սակայն վերջերս պարզ դարձավ, որ ԳՇ գեներալներն են կանխել Տիգրանաշենի եւ Տավուշի գյուղերի հարցը, եւ ենթադրվում է, որ հետագա բանակցությունների ժամանակ Փաշինյանը չի դիմադրել, եւ հարցը կրկին օրակարգ է մտել։ Ինչեւէ, երբ երկու տարի առաջ հանրությունն ակտիվ քննարկում էր Տիգրանաշենի հարցը, այն ժամանակվա մարզպետ Թեւոնյանը մի ռազմահայրենասիրական հայտարարություն տարածեց՝ այս տեղեկությունը վերագրելով ընդդիմությանը, թե իբր ընդդիմությունն է դա տարածում։ «Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրեւ առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։ Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր եւ լկտի ստերը՝ այդպիսով նպատակ ունենալով նաեւ խուճապ եւ լարվածություն առաջացնել բնակչության մոտ։ Այս գործելաոճը մեկ անգամ եւս փաստում է մերկապարանոց եւ ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։
Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության եւ անձամբ իմ անունից կոչ եմ անում՝ չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի զինված ուժերի կողմից, եւ որեւէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբեւէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշել էր Թեւանյանը դեռեւս 2021-ի հունվարի 4-ին։
9 ամիս անց, երբ նա ազատվեց մարզպետի պաշտոնից, այդ լուրերը կրկին ակտիվացան, որպես մարզպետի հեռանալու պատճառ՝ այս անգամ նշվում էր հենց Տիգրանաշենի հանձնումը, ասել է թե՝ բանը հասել էր նրա տանը, սակայն այդ ժամանակ էլ Թեւոնյանը փութաջանորեն հերքեց։ Երեկ նախկին մարզպետին, որի որդին, ի դեպ, Արարատի գործող մարզպետն է, հարցրինք՝ այդուհանդերձ, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, եւ հիմա Փաշինյանն է հայտարարել, որ Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ տարածքի մեջ, որը պատրաստվում է ճանաչել, մտնում է նաեւ Տիգրանաշենը։ «Ես էլի պնդում եմ, որ նման բան չի լինելու, մոռացեք, չկա»,- հորդորեց Թեւոնյանը՝ նշելով, որ խոսքը Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Ճշտող հարցին՝ հիմա Ձե՞զ հավատանք, թե՞ Փաշինյանին, ով բառացի խոստովանեց, որ Տիգրանաշենը եւս այն տարածքների մեջ է, որը տալու են Ադրբեջանին։ «Ես ասում եմ՝ չկա, մենք մեր դիրքերում մնալու ենք, մենք մեր ճանապարհով գնալու ենք, ոչ մի բան էլ չի կարա լինի»: Բայց ինչի՞ց ելնելով եք նման պնդում անում։ «Ես գիտեմ»: Որտեղի՞ց։ «Ես մենակ ասում եմ, որ ըտենց բան չկա»: Չկա՞, թե՞ Դուք չեք ուզում հավատալ, որովհետեւ այդտեղ շքեղ տուն ունեք, այգիներ, բիզնես։
«Հիմա էլ ես իմ այգիներում եմ, գործ եմ անում, հեսա տուն էլ եմ գնալու, ըտենց բան չկա, ոչ էլ ստեղի ժողովուրդը մտածում ա, որովհետեւ ըտենց բան չկա»: Իսկ վարչապետի հայտարարություննե՞րը։ «Վայ, վարչապետի հայտարարությունն էլ ոչ մի բան չկա, ես ըտենց եմ հասկանում իր հայտարարությունից»: Նորից ներկայացրինք ասվածը, որ Փաշինյանը տրամագծորեն հակառակն է ասել։ «Լավ, էլի, ես ասում եմ, ուրեմն ըտենց ա, եթե չես հավատում, արդեն քեզնից ա, վարչապետն էլ ուրիշ բան չի ասում»։ Թեւոնյանն ասաց, որ վերադարձել է եւ ղեկավարում է Երասխի գինու, կոնյակի գործարանը: Հարց տվեցինք նաեւ Երասխում կառուցվող նոր մետալուրգիական արտադրամասի մասին, որն իբրեւ թե ամերիկյան ներդրում է, սակայն իրականում կառուցում է Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան, որի վերաբերյալ Ադրբեջանի բնապահպանները հայտարարություն տարածեցին, թե թույլ չեն տալու աշխատել, որովհետեւ էկոլոգիական խնդիրներ են առաջանալու, ապա հարցրինք՝ մտահոգություն չունե՞ք, որ մի օր էլ Ձեր բիզնեսի հետ կապված նման բողոքի նոտա կհղեն, գուցե գործարանը փակելու պահանջ ներկայացնեն։ «Թող խոսան, ի՞նչ ա եղել` մինչեւ հիմի որ չեն խոսացել, չեն խոսա»։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ