Հասարակություն

«Հրապարակ». Արցախից զենք բերելու քրեական գործերի մասին հիշում են, երբ սրվում է դիմադրությունը

«Հրապարակ». Արցախից զենք բերելու քրեական գործերի մասին հիշում են, երբ սրվում է դիմադրությունը

Իրավապահ մարմինները շարունակում են հավաքել պատերազմից հետո Արցախից բերված զենք-զինամթերքը, առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, նռնականետեր, փամփուշտներ եւ այլն։ Զենք «ձեռք բերող-հափշտակողների», «ապօրինի պահողների» դեմ տասնյակներով քրեական գործեր են հարուցվում։

Անցյալ տարի՝ մոտավորապես այս ժամանակ, դատախազությունը հաղորդում էր, որ նման մեղադրանքներով 95 քրեական գործ է հարուցվել։ Դրանց մի մասով վարույթները  կասեցվեցին կամ կարճվեցին։ 63 գործով նախաքննությունը շարունակվեց։ 39 անձի, ըստ դատախազության տվյալների, մեղադրանք էր առաջադրվել։ Անցել է մեկ տարի, եւ դատախազությունը «զենքի տեղափոխման» գործերով նոր թվեր է «զեկուցում» հանրությանը՝ արցախյան պատերազմի համար նախատեսված զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու եւ շրջանառելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ն արդեն դատապարտվել է, 60 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Գործերով անցնողները հիմնականում անհայտ, հասարակ քաղաքացիներ են։ Ահա դեպքերից մեկը, որի մասին հաղորդվել էր դեռ 2020 թվականի նոյեմբերին։ «Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ղ.-ի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահված՝ հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող 16 նռնակ, 7.62 մմ տրամաչափի 30 եւ 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, սառը զենք հանդիսացող 1 սվին-դանակ, որոնք վերցվել են ավտոմեքենայի զննության ժամանակ»: Կամ՝ մի դրվագ դատական գործից․ «Ա․ Ս․-ն, չունենալով մարտական զենքի եւ դրա փամփուշտների շրջանառության իրավասություն, 2021 թվականի փետրվարի 12-ին, իր հետ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում հերթապահություն իրականացրած Ա․ Մ․-ի վարած «Վազ 21-05» մակնիշի ավտոմեքենայով նշված գյուղից վերադառնալուց փոխադրել է մարտական զենք եւ փամփուշտներ։

Պատերազմներից հետո, երբ հանրությունը կորցնում է անվտանգության զգացողությունը, եւ զենքն ավելի, քան երբեւէ, մոտենում է մարդկանց առօրյային, նման դեպքեր շատ են պատահում։ Իրավապահները հետպատերազմյան շրջանում դիմում են փափուկ մեթոդների, չեն սեւեռվում նման հանցադեպերի վրա, զենք տեղափոխողներին ազատում են պատասխանատվությունից՝ խթանելով զենքի հանձնումը։ Հենց այդպես էին վարվում 90-ականներին՝ արցախյան առաջին պատերազմից հետո։ Դժվար չէ նկատել, որ այսօր զենքի գործերը քաղաքական շահարկումների տեղիք են տալիս։ Ահա, օրինակ, հաղորդվում է, որ զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերը ստուգելու ժամանակ, իսկ զգալի մասը՝ «հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում», մյուս մասն էլ քաղաքացիներն ինքնակամ են հանձնել:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումները», որոնց մասին գրված է հաղորդագրության մեջ, հայտնի են՝ Վայքի, Սյունիքի, Ապարանի, Վարդենիսի, Արարատի ոստիկանները պատերազմից հետո օր ու գիշեր խուզարկություններ են իրականացնում ավտոճանապարհներին։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խուզարկվողների շարքում է եղել։ Վերջերս նրա ավտոմեքենան  կանգնեցրել են Սիսիանի մոտակայքում։ «Դիմադրության շարժումը սկսվելուն պես Սիսիանի մոտ մեքենաները կանգնեցնում էին, նույնիսկ ինձ են փորձել կանգնեցնել, խուզարկության ենթարկել։ Տարօրինակ մարդիկ էին, անտակտ, անդաստիարակ, ես նույնիսկ վիճել եմ իրենց հետ։ Ասում եմ՝ ես պատգամավոր եմ, դուք իրավունք չունեք խուզարկելու իմ մեքենան։ Կարծում եմ՝ հատուկ էին կանգնեցրել։ Ես էլ բացել եմ ճամպրուկս, որտեղ ներքնաշորերս էին, ցույց եմ տվել»։

Պատգամավորը կարծում է, որ զենքի տեղափոխման դեպքերը շատ են եղել պատերազմից անմիջապես հետո, երբ մարդիկ խուճապահար էին։ «Նոյեմբերի 7-ին, երբ այստեղից սկսեցին տարհանման անվան տակ շատերն ուղղակի փախչել եւ ոչ միայն արցախցիներ, այլեւ հայաստանցիներ, աշխարհազորայիններ, այդ պահն անկառավարելի էր, որեւէ մեկը չէր վերահսկում, ու շատ-շատերը, ես ունեմ տեղեկություն, որ հենց այդ ժամանակ փորձել են զենք տեղափոխել։ Բայց հետագայում հանձնողներ շատ եղան»։ Մետաքսե Հակոբյանն ինքն էլ Արցախում ստացած օրինական զենք ունի։ «Ես օրինական զենք ունեմ, բայց  իրավունք չունեմ իմ զենքով գալ Հայաստան, այդ դեպքում իրենք կարող են բռնագրավել։  Հնարավոր է, որ շատերը չգիտեն այս մասին»։  

Ի՞նչ նպատակներով է զենքը բերվել, ովքե՞ր են այդ «չարագործները», գոնե մի երկու անուն՝ դատախազությունը չի հայտնում։ Եթե այդ անձինք վտանգավոր են հանրության համար, ուրեմն տրամաբանական է, որ հանցադեպերի մասին տեղեկատվությունն ավելի լիարժեք լինի։ Իսկ եթե նպատակը հերթական անգամ տպավորիչ թվեր հրապարակելն է՝ առանց հստակ փաստերի, եւ հանրությանն ահաբեկելը, քաղաքական շահարկումների տեղիք տալով, ապա ընդունենք, որ այդ նպատակին դատախազությունը կարողացել է հասնել։

Ցանկացած «հայտնաբերված» զենք-զինամթերք, անկախ նրանից, թե որ հատվածում է առգրավվել, ներկայացվում է որպես Արցախից Հայաստան ճանապարհին հայտնաբերված, ինչն անխուսափելիորեն քաղաքական շահարկումների տեղիք է տալիս։ Իշխանությունը սպասարկող «ֆեյք» ԶԼՄ-ներն անմիջապես սկսում են գոռալ, թե Արցախից Հայաստան զենք են բերում։ «Փաշինյան ջան, Արցախից զենք են բերում Հայաստան, ցրեք այդ ցույցերը, ինչպես Եվրոպայում՝ ջրաշիթերով, գազով, կանխեք նոր մարտի 1-ը»,- կոչ է անում արյան ծարավ նիկոլական մի կին։
«Ասենք, Մեղրիից մարդ է եկել, Գորիսում բռնում են, ձեւակերպում են որպես Արցախից Հայաստան բերված։ Այսքան մարդ է նշված, բա ո՞ւր են դրանք։ Չե՞ք նկատել, որ հենց Երեւանում ցույցերն ուժգնանում են, սրանք խոսում են Արցախից բերվող զենքի մասին»,-  ասում է նախկին իրավապահներից մեկը։ Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք, որ այդ զենքը բերվի ցուցարարների համար, նա պատասխանեց․ «Իհարկե, ցուցարարները եթե կրակող լինեին, հիմա վաղուց կրակել էին»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image