Նվնվացող տղամարդկանց ժամանակը

Նվնվացող տղամարդկանց ժամանակը

Որ լսում եմ՝ մի թիկնեղ, ճանապարհ անցած հասուն տղամարդ բողոքում է, թե իրեն ճնշում են, հալածում են, իր հասցեին վատ բաներ են գրում` հասեք, փրկեք, կանգնեցրեք, հիասթափվում եմ տղամարդկային սեռից առհասարակ։ Անգամ կինը երբ նվնվում է, թե իր մասին Պողոսը վատ արտահայտվեց, Պետրոսն իրեն թթու խոսք ասաց, Կիրակոսն էլ թարս նայեց, տհաճություն եմ զգում։

Այս բոլոր մարդիկ չեն հասկացել, որ մենք անցել ենք անդառնալիության կետը, եւ հայհոյանքը, մաղձը, գոտկատեղից ներքեւ հարվածները, բամբասանքը, ճնշումներն ու հալածանքներն այլեւս մեր կյանքի անբաժան մասն են կազմում։ Դրա դեմը կարելի էր առնել 2018-ի աշնանը, մաքսիմում` 2019-ին, եթե այս իշխանությունը գիտակցեր, որ ֆեյքեր պահելը, «քֆուրը» խրախուսելը, կեղծ քրգործեր հարուցելը քանդում են հասարակության հիմքերը, եւ այդ մեթոդների կիրառմամբ քաղաքական հակառակորդների դեմ աշխատելը ոչ միայն ստոր պահվածք է, այլեւ՝ վտանգավոր, քանի որ ինչ-որ ժամանակ անց դա նաեւ իրենց դեմ է շրջվելու: Ոչ մեկը բումերանգի կանոնը չի չեղարկել, եւ ոչ ոք ապահովագրված չէ, որ իր կիրառած մեթոդները մի օր իր դեմ դուրս չեն գա: Բայց դե՝ ո՞ր հարցում այս իշխանությունը ճիշտ կողմնորոշվեց, որ այդ հարցում ճիշտ պահեր: Ուստի պետք է հասկանալ, որ չարության եւ մաղձի քանակը հայկական իրականության մեջ նվազեցնելն այլեւս լուրջ, ծանր, ինստիտուցիոնալ աշխատանք է, որն այս իշխանությունների «հագով» չէ. սպասենք ավելի լավ ժամանակների:

Բայց դառնանք «նվնվացողների կաստային»: Ահա, լսում եմ ֆուտբոլային հայտնի թիմի` «Փյունիկի» սեփականատիրոջ` Արթուր Սողոմոնյանի ելույթը, բողոքում է Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունից եւ հայտարարում, որ հոգնել է ինտրիգներից` վաճառում է թիմը: Հետո լսում եմ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խոսքը, թե արցախցիների նկատմամբ տեղեկատվական տեռոր է իրականացվում: ՄԻՊ Անահիտ Մանասյանն է 24/7 ռեժիմով բողոքում, թե իրեն հալածում են, հայհոյում, վիրավորում` չեն թողնում աշխատել: Նախօրեին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էր գրել, թե Դոգն իրեն պարբերաբար զրպարտում է, կեղծ տեղեկություններ է տարածում: Այլ անհատ գործիչներ էլ են բողոքում իրենց դեմ կիրառվող անարդարություններից, ճնշումներից:

Բոլորը ջերմոցային պայմաններ են երազում, որ իրենց միայն գովերգեն, հաճելի բաներ ասեն, չհայհոյեն, չճնշեն, գործեր չհարուցեն իրենց նկատմամբ, չբամբասեն իրենցից, չփորձեն վարկաբեկել ու զրպարտել: Ուզում են, որ լինի հաճելի միջավայր, առողջ քննադատություն, քաղաքակիրթ հարաբերություններ, բարեկիրթ լեքսիկոն: Իսկ ո՞վ չի ուզում, իսկ ո՞ւմ չեն խանգարում: Անգամ ֆեյքերի «պապաներն» են դա ուզում` գոնե խոսքով, բայց՝ միայն իրենց ուղղված:

Չի լինելու նման միջավայր այլեւս, հաշտվեք այս իրականության հետ եւ արեք-ասեք ձեր անելիքն ու ասելիքը: Մի լսեք, թե կողքից ով ինչ է ասում: Ուշադրություն մի դարձրեք քրգործերին ու տարբեր վարույթներին: Մի ճնշվեք հայհոյանքից ու մեղադրանքներից: Նախ՝ նրա համար, որ հայհոյողների, ճնշող-խանգարողների ծրագիրն էլ հենց դա է, որ դուք հրաժարվեք ձեր անելիքից-ասելիքից: Եվ ինչքան դուք շատ եք հրաժարվում, այնքան իրենք ավելի շատ են համոզվում, որ գտել են ձեր դեմ պայքարելու ճիշտ ուղին:

Եվ երկրորդ` ասելիք-անելիք ունենալն է կարեւոր եւ ամեն գնով դա իրականացնելը: