Անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, պայքարելու եմ, որ պատժվեն․ դպրոցի տնօրենը՝ իր ձերբակալության մասին

Անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, պայքարելու եմ, որ պատժվեն․ դպրոցի տնօրենը՝ իր ձերբակալության մասին

Ուղիղ 4 տարի առաջ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը ձերբակալվեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ:

Տնօրենը մեղադրվում էր երեք հոդվածներով՝ (կաշառք վերցնելը, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Այնուհետև նրա նկատմամբ ընտրված կալանքի խափանման միջոցը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, և Կարինե Լալազարյանն ազատ արձակվեց: Գործով մինչ օրս ընթանում է դատաքննություն:

Գյումրու թիվ 27 դպրոցի արդեն իսկ նախկին տնօրենն այդպես էլ չի համակերպվում այն բանի հետ, ինչ կատարվել է իր հետ այդ օրերին:

«18 օր ինձ ձերբակալեցին, անմարդկային վերաբերմունք դրսևորեցին, անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, իսկ հետո էլ հարազատներիս շանտաժ անելով՝ ինձանից կորզեցին աշխատանքից ազատման դիմումս, որից հետո միայն ազատ արձակեցին: Ես մինչև այսօր պայքարում եմ, դիմել եմ դատական մարմիններին եւ շարունակելու եմ դիմել, որ իմ նկատմամբ նման անօրինականություններ անողները դատապարտվեն: Բոլորը միմյանց հետ համագործակցում են:Ներկա դատախազին էլ եմ դիմել, որ իմ բողոքին ընթացք տան, պատժվեն այն պաշտոնյանները, որոնք իմ նկատմամբ անարդարություն են գործել, բայց անընդհատ կասեցվում է, գալիս է պատասխան, թե հանցակազմը բացակայում է: 1-ին ատյանի դատարանը մերժեց, վերաքննիչը բավարարեց, վճռաբեկը կրկին մերժեց: Եթե այսպես շարունակվի, մի օր կհասնեմ, երևի, Եվրոպական դատարան: Ես ուզում եմ, որ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը պատասխան տա այն ամենի համար, ինչ արեց ինձ հետ»,- hraparak.am-ին ասաց Կարինե Լալազարյանը՝ իր ձերբակալության դեպքից որոշ մանրամասներ պատմելով․

«2019 թ-ի մարտի 26-ին իմ գործավարուհուն հրավիրել էին հարցաքննության, նա զանգահարեց ինձ եւ ասաց, որ իրեն ձերբակալում են՝ պատճառաբանությամբ, թե նրա միջոցով ես կաշառք եմ վերցրել : Ես անմիջապես հասկացա, որ թիրախը ես եմ, քանի որ տեսչական մարմինն իբր ստուգումներ անցկացրեց դպրոցում, չարաշահումներ բացահայտեց: Ի դեպ, ապրիլ ամսին ինձ արդեն նամակ եկավ, որ տեսչական մարմինն իր լիազորություններն անցել է : Ուսուցիչներին տրամադրեցին իմ դեմ, եւ իհարկե, ինձ էլ ձերբակալեցին, ու այդ պահից սկսվեց ինձ համար անասելի ծանր ապրումները : 

Ձերբակալությունից հետո նախ քրոջս են թողնում մտնել քրեակատարողական հիմնարկ, որի իրավունքը չկար, որպեսզի ինձ համոզի՝ աշխատանքից  ազատման դիմում գրեմ : Հանկարծ  իմանում եմ՝ մարզպետարանի աշխատակիցն է մեր տուն այցելել, թե իբր երեխային խնամող չկա, ուղարկում են մանկատուն: Այն դեպքում, երբ երեխաս ապահով ձեռքերում էր: Հասկանում եք՝ իմ թույլ տեղից  էին բռնել: Հետո ամուսնուս հորեղբոր տղայի միջոցով ուղղորդում են, որպեսզի ես համաձայնեմ ինձ փաստաբան ընտրել այն անձին, որը իրենց մարդն էր, եւ նա  ինձ համոզում է աշխատանքից ազատման դիմում գրել, որպեսզի կրկին հայտնվեմ ազատության մեջ: Ազատման դիմումս գրելուց հետո ինձ բաց թողեցին: Մի հանգամանք ևս պատմեմ: Երբ ինձ ձերբակալեցին, դպրոցի կնիքը մնացել էր իմ պայուսակի մեջ : Երբ ամուսնուս հետ գնացինք փաստաբանի հետ հանդիպման , նա անմիջապես կնիքը ուզեց, ես տվեցի, մեր ներկայությամբ զանգահարեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին ու ուրախությամբ տեղեկացրեց՝ թե  պարոն մարզպետ, կնիքն իմ ձեռքին է: Բացահայտ անօրինականություն․ ոչ ընդունում, ոչ հանձնում, իրենց դա չէր հետաքրքրում, կնիքն էր պետք ու վերջ»:

Կարինե  Լալազարյանը հատուկ ընդգծեց  նաև, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ էր, հասցրել էր պարգևատրվել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից․ դրանք հանգամանքներ  էին,  որոնք ըստ մեր զրուցակցի՝ նպաստել էին իր նկատմամբ գործ հարուցելուն:

Նշենք, որ դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու ընթացք չի տրվում նախկին տնօրենի բողոքին, գրավոր հարցում պահանջեցին, որի պատասխանն ստանալուն պես, կհրապարակենք: