Թալինում ոստիկանական եւ քրեածին տարրերը ողջ գիշեր տեռոր են արել

Թալինում ոստիկանական եւ քրեածին տարրերը ողջ գիշեր տեռոր են արել

Ավագանու անդրանիկ նիստից մեկ օր առաջ՝ Թալինում ողջ գիշեր ոստիկանական ուժերն ուժեղացված «հսկողություն» են իրականացրել «Հայք» կուսակցությունն առաջնորդած Կարեն Գրիգորյանի բազմաբնակարան շենքի տարածում, իսկ քրեածին տարրերը Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի գլխավորությամբ շարունակել են հոգեբանական ճնշումները թեկնածուի վրա: 

Բանն այն է, որ չնայած իշխանության ճնշումներից հետո օրերս Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ իր ղեկավարած ուժը ինքնաբացարկի դիմում է ներկայացնում, իսկ սա փոխում է ուժերի հարաբերակցությունը եւ Քաղպայմանագրի թեկնածու Տավրոս Սափեյանին հնարավորություն տալիս մանդատային մեծամասնության շնորհիվ համայնքի ղեկավար ընտրվել, սակայն պարզվում է, որ «Հայք»-ից այդուհանդերձ երեք հոգի՝ ի դեմս Կարեն Գրիգորյանի, վերցրել են մանդատները ու պատրաստվում են ներկայանալ անդրանիկ նիստին, իսկ սա նշանակում է, որ «Զարթոնքի» եւ «Մեր համայնք» կուսակցության հետ կոալիցիոն պայմանավորվածություններն ուժի մեջ են, որ Հայկ Գրիգորյանին առաջադրեն համայնքի ղեկավարի թեկնածու եւ համատեղ 11 մանդատով նրան ընտրեն այդ պաշտոնում:

Թալինից մեզ հայտնում են, որ Չաղ Ռուստամը, որ բարեկամական կապեր ունի Գրիգորյանի հետ, ողջ գիշեր Գրիգորյանի հետ բանակցել-համոզելու աշխատանքներ է տարել,  զուգահեռ իշխանությունը փորձել է հոգեբանական ճնշումը մեծացնել եւ թեկնածուի բնակության վայրում ոստիկանական մեծ խմբեր են ծառայություն իրականացնում, որպեսզի այսօր՝ 12,00-ին նշանակած ավագանու նիստին Գրիգորյանն իր թիմով կամ չներակայանա, կամ ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկեն: Եթե անգամ Գրիգորյանը վերջին պահին ինքնաբացարկ ներկայացնի,  ձայները հավասարվեն, ապա համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ թե իշխանությանը կանցնի, այլ ընդդիմությանը՝ թեկնածուներից ամենաավագը կստանձնի: