Լավանդայի Արայիկին ձերբակալել են ու բաց թողել

Լավանդայի Արայիկին ձերբակալել են ու բաց թողել

Դեռ  մեկ տարի առաջ Հաղթանակի զբոսայգու սկզբնամասում, Կասկադի անմիջապես հարևանությամբ «Պրեմիում Հաուս»  կոչվող թաղամասում շինարարական ընկերությունն առաջարկում էր մարդկանց բնակարաններ և կոմերցիոն տարածքներ ձեռք բերել՝ 80-ից մինչև 450 քառ. մետր, յուրաքանչյուր հարկում 1 բնակարան։ 

Դրանք գտնվում էին Ազատության պողոտա 1 հասցեի ենթահասցեներում։ Այս ամռանն արդեն բոլոր բնակարանները վաճառված էին, և ցանկացողներին ընկերությունից պատասխանում էին, որ ազատ բնակարան չունեն։ 

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պայմանագրերի կնքման ինչ որ հանցավոր սխեմա է կիրառվել, որի հետևանքով հարկերը 500 մլն դրամով քիչ են հաշվարկվել։ «Քննությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Ա․ Հ․-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն․ Ա․-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով բնակարանների օտարման գործարքների փոխարեն նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետևանքով պակաս է հաշվարկել և չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ», - ներկայացնում է քննչական կոմիտեն։

Կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 290 հոդվածով՝ «Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը» և որ 500 մլն  դրամի հարկային պարտավորությունից վերականգնվել է 250 մլն-ը։ ՔԿ որոշումներով Ա․ Հ-ն և Ն․Ա-ն ձերբակալվել են, ապա ազատվել արգելանքից։ 

Մեր տեղեկություններով, «Պրեմիում Հաուս» թաղամասի կառուցապատողը հայտնի գործարար, Լավանդայի Արայիկն է՝ Արայիկ Հայրապետյանը։ Նա Սերժի ժամանակներում Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ի անդամ էր, իշխանափոխությունից հետո համարավետ տեղավորվել էր նոր իշխանության  սրտի օլիգարխների շարքերում` ՔՊ-ի տանիքի տակ։ Փաստորեն, լավ չէր տեղավորվել։ Թե ինչ հանցավոր սխեմա է գործել, այնքան էլ հասկանալի չէ։ Կփորձենք առաջիկայում ավելի հստակեցնել մեղադրանքի էությունը: