Էջմիածնում հրավիրատոմս ստացել են, բայց ո՞ւմ անունով

Էջմիածնում հրավիրատոմս ստացել են, բայց ո՞ւմ անունով

Երեկ մենք գրել էինք, որ Հանրապետության հրապարակի տոնական միջոցառմանը ներկա չէ Ամենայն հայոց կաթողիկոսը: Գրել էինք, որ «Հայոց առաքելական եկեղեցու առաջնորդը, որն անկախությունից ի վեր բոլոր պաշտոնական միջոցառումներին մասնակցել է` անկախ իր անձից եւ անկախ ՀՀ ղեկավարի անձից, երեկ ներկա չէր Հանրապետության հրապարակում: Այսինքն, Հայաստանի իշխանությունն այնքան չի ընդունում հոգևոր իշխանությանը, որ մի շարքային հրավեր անգամ չեն ուղարկում Ամենայն հայոց կաթողիկոսին։ Եռաբլուր այցի ժամանակ էլ առանց նրա եւ առհասարակ` որեւէ հոգեւոր անձի ուղեկցության են գնում: Հայերը, որպես աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ, միշտ մեծ տեղ են տվել հոգևոր իշխանության ներկայացուցիչներին։

Հայաստանի պատմության մեջ բոլոր պետական միջոցառումներին պարտադիր ներկա են գտնվել մեր կաթողիկոսները, և ելույթ են ունեցել, իսկ մյուս ելույթ ունեցողները պարտադիր առաջինը հենց Վեհափառին են դիմել, հետո անցել երկրի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ և այլք։ Այսօր՝ Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարությանը, որը գործադիր իշխանության ղեկավարը անվանել էր «գունագեղ տոնակատարութուն՝ ի հիշատակ զոհերի», կաթողիկոսը ներկա չէ»։

Մեր հրապարակումից առաջ մեկնաբանություն էինք խնդրել Էջմիածնից, սակայն Տեր Վահրամ Քահան Մելիքյանը չէր արձագանքել: Միայն այսօր նա մեզ արձագանքեց, գրելով.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված տոնական համերգին մասնակցության հրավերներ։ Նպատակահարմար է նկատվել, որ հիշյալ տոնական համերգին ներկա գտնվեն Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Ասողիկ աբեղա Կարապետյանը»։

Մեր մյուս հարցերը, թե` ում անունով են եղել հրավիրատոմսերը եւ արդյո՞ք Կաթողիկոսին անվանական հրավեր է եկել, մնացին անպատասխան: Ուստի կարող ենք ենթադրել, որ հրավիրատոմսերը պատշաճ չեն եղել, գուցե եկեղեցուն են ուղղված եղել եւ Էջմիածինը որոշել է, որ դա անհարգալից վերաբերմունք է Վեհափառի հանդեպ, եւ ընդամենը պատվիրակներ է ուղարկել համերգին, որոնք էլ թերեւս եղել են վերջին շարքերում եւ նրանց ներկայությունը նկատելի չի եղել: