Թուրքիան շարունակում է փակ պահել օդային տարածքը Flyone Armenia-ի համար

Թուրքիան շարունակում է փակ պահել օդային տարածքը Flyone Armenia-ի համար

Ապրիլի 29-ին Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտարարել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն, առանց նախօրոք տեղեկացնելու, չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը` Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթnեր իրականացնելու համար։ Անանյանը մասնավորապeս նշել էր.

«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ։ Flyone Armenia ընկերությունը աշխատանք է տանում չեղարկված չվերթերի ուղևորների հետ և առաջիկայում կիրազեկի ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հայցում ենք մեր ուղևորների ըմբռնումը մեզնից անկախ պատճառով ստեղծված անհարմարության համար»:

NTV հեռուստաալիքի եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Մենք փակել ենք Հայաստանի համար օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ շարունակվում են սադրանքները»: «Սադրանք» ասելով՝ Չավուշօղլուն նկատի է ունեցել օրերս Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումը:

«Հրապարակ» -ը Արամ Անանյանից հետաքրքրվեց՝ դեռեւս փա՞կ է Թուրքիայի օդային տարածքն իրենց ավիաընկերության համար, Թուրքիան, որի հետ ՀՀ իշխանությունները եւ Flyone Armenia ավիաընկերության հետ սերտորեն կապված Խաչատուր Սուքիասյանը բարեկամանալու ծրագրեր են մշակում, դեռեւս բարյացակամություն չի՞ ցուցաբերել օդային տարածքը բացելու համար և վերջապես ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ խնդիրը կարգավորվելու եր չվերթները վերսկսելու համար: Նկատենք, որ ուղիղ մեկ տարի առաջ` 2022-ի մայիսի 5-ին թուրքական կողմը կրկին արգելել էր չվերթներ իրականացնել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ, սակայն որոշ ժամանակ անց մտափոխվելով բացել էր իր օդային տարածքը:

Արամ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ փոփոխություն չկա, իրավիճակը նույնն է. «Փոփոխություն չկա: Ավիացիոն ոլորտում կան հստակ ձևաչափեր: Մենք արդեն հայտարարել ենք իրավիճակի մասին և շարունակելու ենք իրազեկել մեր ուղևորներին և հասարակությանը, եթե լինեն այլ փոփոխություններ մենք կտեղեկացնենք»- նշեց նա:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախորդ տարի գարնանը Թուրքիան կարճ ժամանակահատված թույլ տվեց չվերթներն իրականացնել, Անանյանը խուսափեց մեր հարցին պատասխանել, նշելով, որ ավիաընկերությունը հայտարարել է իրավիճակի մասին և այս պահի դրությամբ նոր ասելիք չունի, քանի որ որևէ փոփոխություն չկա: