Շահրամանյանն ասել է՝ չի մասնակցելու Փաշինյանին «գահընկեց» անելու որեւէ գործընթացի․ նոր մանրամասներ

Շահրամանյանն ասել է՝ չի մասնակցելու Փաշինյանին «գահընկեց» անելու որեւէ գործընթացի․ նոր մանրամասներ

«Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, պարոն Շահրամանյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների բոլոր հարցերին»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ մեկնաբանելով Շահրամանյանի եւ ՔՊ-ականների հանդիպումը։

Սամվել Շահրամանյանը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում հարցաքննվելու ոչ՛ սկզբում, ո՛չ վերջում չցանկացավ լրագրողների հետ առերեսվել։ Դատելով հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցից՝ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։

Դռնփակ նիստին, Վլադիմիր Գրիգորյանի խոսքով, Շահրամանյանին ուղղված հիմնական հարցերը վերաբերվել են Արցախի հայաթափումից առաջ սեպտեմբերյան մեկօրյա պատերազմին եւ դրան հաջորդած գործողություններին։

«Մասնավորապես, թե ինչ դերակատարություն են ունեցել արտաքին եւ ներքին ուժերը, հնչել են հարցեր նաեւ ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ»,-ընդգծեց նա։

Սամվել Շահրամանյանը բացառել է իր մասնակցությունը Հայաստանում իշխանափոխության համար կազմակերպվող գործընթացներին։

«Սամվել Շահրամանյանը ՀՀ տեղափոխվելուց անմիջապես հետո հրապարակային, եւ ոչ հրապարակային հանդիպումներում ու քննարկումներում նշել է, որ Արցախի հանրապետության կառավարությունը եւ աշխատակազմը Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին չի մասնակցել եւ չի մասնակցելու, ինչպես որ նախորդած 32 տարիների ընթացքում»,-ասաց Գրիգորյանը։

Այլ կերպ ասած՝ Շահրամանյանը բաց տեքստով ասել է՝ «մի անհանգստացեք, իշխանությունների դեմ որեւէ ակցիայի չեմ մասնակցելու, չեմ ղեկավարելու, եթե անգամ դա կազմակերպեն սովի մատնված, անտուն ու անհայրենիք մնացած արցախահայերը»։

«Հրապարակն» ավելի վաղ գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի երեկվա հարցաքննությունն անցավ գաղտնիության ռեժիմում, բայց ջերմ մթնոլորտում: Չնայած ՔՊ-ականները որոշել էին նրա վախը բռնել, որ երբեւէ քաղաքական ակտիվության մասին չմտածի, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ ո՛չ նման մտադրություն ունի, ո՛չ ցանկություն, եւ անտրտունջ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք դուրս են եղել հանձնաժողովի իրավասության շրջանակից։

Պատերազմից 4 ամիս առաջ Շահրամանյանն ԱՀ ԱԱԾ տնօրենն էր, իսկ պատերազմի օրերին՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարը: Նրան հարցրել են` ունեցե՞լ եք օպերատիվ տվյալներ հնարավոր պատերազմի մասին, վստահեցրել է, որ ոչ` պատերազմի որեւէ նախանշան չի եղել։ Ի զարմանս ՔՊ-ականների, ԱՀ նախագահը պատասխանել է նաեւ պատերազմին չվերաբերող հարցերին: Դիցուք, հարցրել են` ինչո՞ւ է համաձայնել ստանձնել նախագահի պաշտոնը, երբ Արցախը փակուղային վիճակում էր, ինչո՞ւ է ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը: Նա պատասխանել է, անգամ երկար-բարակ պատմել է նախկին նախագահների՝ Արցախում վերջին օրերի կյանքի մասին՝ որտեղ էին ապրում եւ այլն։ Բացահայտումներ չի արել` նրա ասածները հիմնականում հայտնի էին, ասել է, որ նախկին նախագահները գտնվել են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, իսկ մյուս պաշտոնյաները` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատանը։ Հարցրել են բենզինի բաքի ողբերգական պայթյունից` դա ադրբեջանցիների կողմից տեռա՞կտ էր, Շահրամանյանը վստահեցրել է, որ պատկան մարմինների անփութության հետեւանք էր։ Ապա հավաստիացրել է, որ Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու, չի առաջնորդելու արցախցիների պայքարն ընդդեմ ՀՀ իշխանությունների: Ասել է, որ դեմ է պետության մեջ պետություն ունենալուն, սակայն պետք է ուղիներ փնտրել ԱՀ պետական ինստիտուտները պահպանելու համար։ Հանդիպումն այնքան է ոգեւորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին` սեղան են գցել հենց ԱԺ-ում։