«Հրապարակ». Տաշիրի բնակչությանը զգուշացրել եմ` օրերից մի օր կարող ենք արթնանալ Վրաստանում

«Հրապարակ». Տաշիրի բնակչությանը զգուշացրել եմ` օրերից մի օր կարող ենք արթնանալ Վրաստանում

«Հրապարակի» զրուցակիցը Լոռու մարզի Սարչապետ համայնքի 2003-2008 թթ․ ղեկավար Արգամ Պողոսյանն է։

- Օրերս գրել էինք, որ Սարչապետ համայնքի Լոք լեռան հատվածում՝ հայ-վրացական սահմանին, սահմանային ցուցանակ է հայտնվել։ Վարչական ղեկավարն ասել էր` նոր չէ, իսկ հաջորդ օրը «Հայկական ժամանակին» ասել էր, որ 2 տարի առաջ է տեղադրվել: Տեղյա՞կ եք հայ-վրացական սահմանի գործընթացներից։

- Մինչեւ 2008-ը հայ-վրացական սահման, որպես այդպիսին, գոյություն չուներ։ ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանումը հերթապահություն էր իրականացնում։ Խորհրդային տարիներից հայ-վրացական սահմանն այդ հատվածում միշտ կրել է վիրտուալ բնույթ։ Երկու կողմի պատկերացումը եղել է այն, որ սահմանն անցնում է Վիրահայոց լեռնաշղթայով, որի մաս է կազմում նաեւ Լոքի լեռնազանգվածը։ Խնդիրը, որը Դուք արծարծել եք, կապված է մատուռի հետ, որը գտնվում է Լոքի լեռնազանգվածի վրա՝ կենտրոնում։ Այնտեղով սահման անցկացնելն անհեթեթություն է, որովհետեւ, եթե լեռնագագաթը կիսում ենք, եւ հյուսիսային հատվածը մնում է Վրաստանին, այդ հատվածում ուխտատեղին է՝ Ճգնավորի խուցը, որտեղ հարյուրամյակներով ուխտագնացություն է կատարվում։ Ստացվում է, որ մատուռի մեջտեղո՞վ է անցնելու սահմանը։ Դա անհեթեթություն է։ Այդ մատուռը սովորական ուխտատեղի չէ, ամբողջ տարածաշրջանից են գալիս, հարյուրամյակներով ձեւավորված տրադիցիա է՝ Համբարձման տոնն է նշվում, ո՞նց կարող է մատուռը կիսվել, սահմանապահներ կանգնեն։ Մեր գյուղացիներն աշխարհով մեկ տարածված են՝ ԱՄՆ-ից մինչեւ Շվեդիա։ Այդ օրերին գալիս են՝ հենց մատուռ բարձրանալու համար։ Այդ վիրտուալ սահմանի վրացական հատվածում Քվեմո Քարթլի երկրամասի եւ Բոլնիսի բնակավայրերը հիմնականում բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով։ Խորհրդային շրջանում այդ բնակավայրը կոչվում էր Ջանդարի, հետո վրացիները փոխել են անվանումը եւ դարձրել Լոք Ջանդարի։ Այս եւ մի քանի այլ բնակավայրեր էթնիկ ադրբեջանցիներով են բնակեցված՝ ամբողջ հայ-վրացական սահմանի երկայնքով մեկ, Մառնեուլի շրջանն ամբողջությամբ ադրբեջանաբնակ է։ Շատերն այս մասին տեղյակ չեն, բայց պատկերացնո՞ւմ եք՝ սահմանը գծվում է, մատուռը մեջտեղում է մնում, ու հայկական կողմից մարդիկ գնում են ուխտագնացության, ինչ ազգամիջյան խնդիրներ կարող են առաջանալ։ Ժամանակին, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարց էի ուղղել սահմանի այդ հատվածի մասին, նա ինձ հստակ պատասխանել էր, որ Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվածություն կա, որ սահմանը պետք է անցնի ոչ թե լեռնաշղթաների գագաթներով, այլ բոլոր գագաթները պետք է մնան հայկական տարածքում։ Սահմանը պետք է գծվեր Վիրահայոց լեռնաշղթայի գագաթներից 300-500 մ հեռավորության վրա, իսկ կոնկրետ Լոքի հատվածում` նույնիսկ 800-ից մինչեւ 1 կմ հեռավորության վրա, որպեսզի մատուռի հետ կապված ընդհանրապես խնդիր չլինի։

- Սարչապետի ղեկավարը մեզ ասել էր, որ Google քարտեզով Լոքի հատվածը Վրաստան է։ Այսինքն՝ այս փոփոխությունը տեղի է ունեցել վերջին 2 տարիների՞ն, ինչպես GPS-ով Շուռնո՞ւխը դարձավ Ադրբեջան։

- Ես Ձեզ ներկայացրի այն տեղեկատվությունը, որին տիրապետել եմ իմ ղեկավարման տարիներին։ 2008-ից հետո ինչ-որ քննարկումներ եղել են, բայց ես հանգիստ էի այն առումով, որ գիտեի՝ ընդհանուր պայմանավորվածությունն այնպիսին է, որ Լոքի լեռնազանգվածի հետ խնդիրներ չենք ունենա։ Ես 2020 թ. պանդեմիայի ամբողջ տարին անցկացրել եմ գյուղում եւ դեռեւս 20-ին նկատեցի, որ արդեն ինչ-որ սահմանային հսկողություն է ձեւավորվում՝ թե՛ հայկական, թե՛ վրացական կողմից, ու զարմանալին այն էր, որ անընդհատ խոսակցությունների մեջ շրջանառվում էր, որ սահմանն անցնում է Լոքի լեռնագագաթով։ Մենք գիտենք, թե Google-ն ինչպես է սահման գծում՝ ով վճարի, իր ուզածն են նշում։ Եվ ես վերջին օրերին առաջին անգամ ուշադրություն դարձրի, որ այդ Ջանդարի գյուղը վերանվանվել է Լոք Ջանդարի։ Սա նշանակում է, որ վրացական կողմից հավակնություններ ունեն։ Նախկինում Անդրանիկ Մարգարյանի եւ իրենց վարչապետի միջեւ եղել է բանավոր պայմանավորվածություն, հետո իրավիճակ է փոխվել, ու վրացական կողմն իր աշխատանքը կատարել է՝ թե՛ վերանվանումների հետ, թե Google-ի քարտեզների հետ կապված։

- Ստացվում է, որ վրացական կողմը փորձում է նախապես ինչ-որ արգումենտներ ստեղծել եւ օգտվել ՀՀ իշխանությունների հանձնվողական կեցվածքից ու տարածքային հավակնություններ ներկայացնել մեզ:

- Ես մի քանի անգամ հարցը նաեւ այլ ռակուրսից եմ բարձրացրել՝ Լոռու չեզոք գոտու հետ կապված։ Լոռու չեզոք գոտին 1921-ին նոր վերամիավորվել է Հայկական ԽՍՀ-ին, ու ես միշտ այդ հարցը բարձրացրել եմ եւ Տաշիրի շրջանի ազգաբնակչությանը զգոնության կոչ եմ արել, որ եթե մենք վստահում ենք այս ՔՊ-ական իշխանությանը, օրերից մի օր կարող ենք արթնանալ Վրաստանի Հանրապետությունում։ Չի բացառվում, որ հանուն «խաղաղության», այս իշխանությունը Վրաստանին էլ տարածքներ հանձնի։ Որեւէ հարցում նրանց չի կարելի վստահել։

- Ասում են` Լոքի մատուռ բարձրանալու համար սահմանապահների թույլտվությունն է հարկավոր․ սա էլ է վերջին 2 տարվա ընթացքում եղել, նախկինում նման բան բնակիչները չեն հիշում։

- Այո, սահմանապահները հարցնում են՝ ո՞ւր եք գնում, մարդիկ պատասխանում են, որ մատուռ ենք գնում։ Բարձրանալու արգելք այս պահին չկա, բայց սահմանապահներ կան։ Ականջիս լուրեր են հասնում, որ մարդիկ մատուռ բարձրանալու համար պետք է տեղյակ պահեն, եւ ինչ-որ պրոցեդուրա կա անցնելու։ Ես՝ ինքս, 4 տարի է՝ չեմ բարձրացել, դրա համար մանրամասները չեմ կարող ասել, բայց ամեն ինչ հուշում է, որ գործընթացը գնում է նրան, որ օրերից մի օր կարող է արթնանանք, ցանկանանք բարձրանալ հարյուրամյակներով գոյություն ունեցող մեր մատուռը, ու մեզ ասեն՝ չի կարելի։

- Բացի Լոքի հատվածից, հայ-վրացական սահմանի այլ հատվածներում է՞լ ռիսկեր կան։ Մենք 2022-ին Ջիլիզայից էլ էինք ահազանգ ստացել՝ Վրաստանն Ախքյորփի գյուղի Խուճապի վանքի նկատմամբ հավակնություններ ունի։ 

- Ականջովս ինչ-որ բաներ անցել են։ Ես հիշում եմ, որ Անդրանիկ Մարգարյանն ասում էր, թե պայմանավորվածություն կա, որ Ախքյորփին, որն անտառի մեջ գտնվող գյուղ է, մնա հայկական կողմում։ Ես եղել եմ այդ գյուղում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ ժամանակ ինչքան ամուր են եղել հայկական կողմի դիրքերը։ Այդ թվականներին ընդհանրապես խոսք չկար, որ Վրաստանի հետ սահմանագծման հետեւանքով մենք տարածքային կորուստ կարող ենք ունենալ, ընդհակառակը՝ մեզ համար շատ բարեհաջող էր գործընթացը։ Մեր լեռնաշղթաները՝ իրենց ստորոտներով, մնում էին հայկական տիրույթում։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ, բացի այն, որ ստորոտներն արոտավայրեր են, վերահսկողություն է սահմանի նկատմամբ, քանի որ լեռնաշղթաները բարձունքներ են, ու, ըստ նախկին պայմանավորվածությունների, գործընթացը մեզ համար շատ բարենպաստ էր։ Թե ինչեր են տեղի ունեցել ՔՊ-ի իշխանավարման տարիներին․․․ Ես նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Բորչալուի գավառի նկատմամբ (ներառել է Լոռու մարզի հյուսիսը՝ Թումանյան, Ստեփանավան, Տաշիր եւ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի հարավը՝ Բոլնիս, Դմանիս, Ծալկա, Մառնեուլ՝ խմբ․), որը ցարական Ռուսաստանի տարածք է համարվել, Ադրբեջանը 20-ականներին հավակնություններ է ունեցել։ Այսինքն՝ եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ոնց որ Կիրանցի կողմից են առաջ գալիս, մի օր էլ կարող է լսենք, որ Ադրբեջանը հավակնում է ամբողջ Բորչալուի տարածքին։ Ադրբեջանն այսօր ինչ ուզում, ասում է, որովհետեւ ո՛չ դեմն առնող կա, ո՛չ ընդդիմացող։ Այս իշխանությունը ձեռքերը վեր է բարձրացրել ու ասում է՝ ինչ ուզում եք, տանք, միայն թե պատերազմ չլինի։ Հիմա Հայաստանում այդ սկզբունքն է աշխատում։ Բայց ես համոզված եմ, որ այս ամենը մի օր պայթելու է՝ ոչ միայն Կիրանցի հատվածում, Սյունիքում, այլեւ հենց Լոռու մարզում, որը թվում է, թե ամենախաղաղ հատվածն է։ Մենք ազգովի պետք է այս լեթարգիական քնից արթնանանք ու կարողանանք մեր հարցերը ճիշտ ձեւով լուծենք։