«Հրապարակ». Տզրուկի պես կպչելով` մի լուսանկար պոկելու այց

Աշխատանքային քառօրյա այցով փետրվարի 3-ից Միացյալ Նահանգներում գտնվող Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում չորս օր մանր-մունր բազմաթիվ հանդիպումներից հետո երեկ հաջողացրել է հանդիպել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը Թրամփի կառավարության ներկայացուցիչն է, բայց իր ազդեցությամբ շատ քիչ է տարբերվում մեր Վահագն Խաչատուրյանից։ Մինչ բուռն քննարկումների եւ ծաղրի արժանացած հանդիպման լուսանկարին անդրադառնալը, հիշեցնենք, որ Փաշինյանն ԱՄՆ էր մեկնել կրոնական միջոցառման մասնակցելու համար, սակայն բոլորին պարզ էր, որ նպատակը Թրամփի վարչակազմի հետ շփումներն էին, որով ցույց կտար, որ իր իշխանությունը վայելում է նաեւ ԱՄՆ նորընտիր իշխանությունների աջակցությունը, ու հիմնավոր չեն քննադատությունները, թե ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումն ընդամենը Բայդենի նվերն էր Փաշինյանին։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանը նախորդ՝ Բայդենի վարչակազմի աջակցությամբ է հայ-ռուսական հարաբերությունները բերել հասցրել մազից կախված վիճակի, սառեցրել ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը, հայ-իրանական սահմանից եւ «Զվարթնոցից» հանել ռուս սահմանապահներին, հիմա էլ բռնել ԵՄ-ին անդամակցելու ուղին, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար։ Եվ ԱՄՆ այցելելով՝ Փաշինյանը խնդիր էր դրել ցույց տալ, որ բան չի փոխվել` Թրամփի վարչակարգը նույնպես աջակցում է իրեն, հետեւաբար՝ հակառուսական գիծը։
Այս նպատակով այցից առաջ գործի էին դրվել դիվանագիտական եւ ԱՄՆ-ում հայ համայնքի բոլոր կապերը, որպեսզի հասնեին փափագած հանդիպմանը՝ եթե ոչ Թրամփի, ապա գոնե պետքարտուղարի, պաշտպանության քարտուղարի, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի կամ փոխնախագահի հետ։
Վերը նշված պաշտոնյաները մերժել էին հանդիպման խնդրանքները, եւ միայն փոխնախագահ Վենսն էր համաձայնել մի քանի րոպեով ընդունել ՀՀ վարչապետին` զուտ նրան մի լուսանկար պարգեւելու համար: Ըստ Փաշինյանի խոսնակի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, սակայն պարզ էր, որ «ոտքի վրա» տեղի ունեցած հանդիպման միակ արդյունքը հեռախոսով արված այդ լուսանկարն էր, եւ անգամ չէին հասցրել կարգի բերել լուսանկարի հետին ֆոնը` Վենսի աշխատասեղանը, որի վրա խառը իրեր, անձեռոցիկի տուփ է դրված, իսկ հետին ֆոնում ՀՀ դրոշը չկա: Այսինքն, պաշտոնական արարողակարգը չի պահպանվել, ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, չեն էլ նստել, հակառակ դեպքում նման լուսանկար էլ կտեղադրեին։
Եվ, սովորաբար, պաշտոնական հանդիպումների մասին հաղորդում է ոչ թե մեկ կողմը, այլ՝ երկուստեք։ Ամերիկյան կողմը Փաշինյան-Վենս հանդիպման, շփման մասին որեւէ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հաղորդագրություն, նույնիսկ գրառում X-ի հարթակում չի տեղադրել։
Ավելի ուշ Փաշինյանն իր էջում հաղորդեց, որ փոխնախագահ Վենսի հետ ունեցել է «ճանաչողական հանդիպում եւ լավ խոսակցություն»։ Ի՞նչ ասել է «ճանաչողական հանդիպում», եւ ի՞նչ հետեւություններ կարելի է անել Փաշինյանի ամերիկյան այցից՝ հարցրինք արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին։ «Մեր կառավարող խմբակը տարօրինակ ձեւակերպումներ սահմանելու ռեկորդակիր է, երբեք բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպումը ճանաչողական չի լինում, լինում է փորձագիտական մակարդակով, երբ որ ինչ-որ երկիր գնում են, դիցուք հասկանալու համար՝ հաջողե՞լ են արդյոք որեւէ ոլորտի բարեփոխում, փորձագիտական եզրակացության հիման վրա, որպեսզի սեփական երկրում ձեռնարկեն կամ չձեռնարկեն։ Վարչապետի, նախագահի պարագայում չեն լինում ճանաչողական այցեր, հավանաբար, հանդիպումն այնքան բովանդակազուրկ է եղել, որ ստիպված նման ձեւակերպում է տրվել, որովհետեւ իրենց նախնական պահվածքը՝ ԱՄՆ դեմոկրատական խմբակի կողմից այդ ծրագրերն անվերապահ սպասարկելը, երդվյալ աջակից ներկայանալը, ըստ ամենայնի, այլ տեղ չեն թողել․․․ ԱՄՆ իշխանությունները՝ լինի դեմոկրատական, թե հանրապետական, եթե գործ ունեն մի իշխանության հետ, որոնց մի մատի շարժումով կարողանում են կառավարել, իրագործել իրենց քմահաճույքները, բնականաբար, լուրջ չեն ընդունում այդպիսիներին, եւ չէր էլ կարող լինել խորքային, լուրջ քննարկում։ Եթե այս ամենին զուգահեռենք, որ իշխանության ղեկին նստած անձնավորությունն ամեն կերպ փորձում էր ԱՄՆ նոր վարչակարգի հետ հարաբերություններ ստեղծել, ուստի այս այցը կարող ենք բնութագրել տզրուկի պես կպչելով մի լուսանկար պոկելու, որը հետագայում կկարողանան ներկայացնել իբրեւ թե հարաբերությունների կարգավորման, առաջ մղման գործընթաց»։
Աղաջանյանի գնահատմամբ՝ չնայած ԱՄՆ նախկին վարչակարգը հավաքական Արեւմուտքի հետ Հայաստանի հարցում «դեմոկրատական, լիբերալիստական խորքային պետության ծրագրերով» է առաջնորդվել, որը սարսափելի վնաս է հասցրել մեր պետությանը, Արցախում ցեղասպանության ենք ականատես եղել, սակայն չենք կարող պնդել, որ այդ գիծը կարող է առաջ տանել նաեւ Թրամփի վարչակազմը․ «Թրամփն իր երկիրը հզորացնելու եւ իր հեռահար ծրագրերն առաջ տանելու խնդիր է դրել, այն է՝ Մերձավոր Արեւելքում իր հեռահար դաշնակցի՝ Իսրայելի համար առաջատար դիրքեր ապահովել։ Այո, այստեղ Թուրքիային եւ Ադրբեջանին օգտագործելու խնդիր կա, բայց այնքանով, որքանով որ Թուրքիան լիովին կհպատակվի ամերիկյան ցանկություններին։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Թուրքիան էլ իր խնդիրներն է առաջ մղում՝ քրդական պետության հետ կապված, ինչը հակադրվում է ամերիկյան մոտեցումներին։ Այս իրավիճակում ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն գործոն չեն կարող դառնալ, այլեւ անգամ քննարկման առարկա»։
Այսինքն՝ հայ-ամերիկյան ստորագրված փաստաթուղթն առոչի՞նչ է։ «Գիտեք, այդ փաստաթուղթը երկու կարեւոր էլեմենտ է պարունակում, բայց թե Թրամփի վարչակարգը որքանով կանդրադառնա այդ խնդիրներին, դեռեւս պարզ չէ։ Խոսքը սահմանային վերահսկողության հարցում խոստացված աջակցությունն է` հայտարարվեց, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային եւ սահմանային պարեկային թիմ կուղեւորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։ Իհարկե, սրա հեռահար նպատակը ոչ միայն ռուս սահմանապահներին մեր սահմանից հեռացնելն է, այլեւ Զանգեզուրի միջանցքի համատեքստում մասնավոր ընկերության կողմից հսկողության իրականացումը: Հավանաբար ակնկալում են, որ դա պետք է լինի ամերիկյան ընկերություն։ Հիմա պետք է սպասել-տեսնել՝ որքանով են այս խնդիրներն ակտուալ Թրամփի վարչակարգի համար, իմ պատկերացմամբ՝ նրանք դեռ հստակ պատկերացում չունեն՝ ինչպես վարվել Մերձավոր Արեւելքի թնջուկի հետ, որից էլ բխում է մեր տարածաշրջանի նկատմամբ անորոշությունը»,- ասաց Աղաջանյանը` ընդգծելով, որ նման իրավիճակում մեզ հնարավորություն է տրվում, որ հանրային աջակցությամբ կարողանանք հեռացնել իշխանություններին։
Կարծիքներ