Ոչ մի սահման` զոհվածի քույր, մայր, հայր, սրանց համար գոյություն չունի

Ոչ մի սահման` զոհվածի քույր, մայր, հայր, սրանց համար գոյություն չունի

Այսօր Դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի ունեցավ Տաթևիկ Վիրաբյանի` Տաթև Արցախ և 10 արցախցի ակտիվստների գործով դատական երկրորդ նիստը: Նշենք, որ արցախցի ակտիվիստ Տաթև Արցախի դեմ հարուցվել է երկու քրեական վարույթ` մեկը ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար, մյուսը` սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիաներին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ոստիկանական ուժերը սադրանքի էին դիմել, ապա բիրտ ուժ կիրառել արցախցի երտասարդների դեմ, ինչի արդյունքում տեղի ունեցած վեճից հետո ավելի քան 11 արցախցի կանգնել է դատարանի առաջ: 

Տաթևիկ Վիրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դատաքննությունից ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ժողովրդավարության անվան տակ հանդես եկող իշխանությունները փորձում են ամեն գնով լռեցնել ազատ խոսքն ու ընդդիմադիր ակտիվիստներին.

«Լսումների ընթացքում քննարկվեց 11 մեղադրյալների խափանման միջոցների հարցը: Այնտեղ կան Արցախից ուսանողներ, որոնք տնային կալանքի տակ են և այլն, սակայն ներկայացված միջնորդությունները բնականաբար մերժվեցին: Հայաստանում կան դատախազներ, որոնք ունեն բարդույթներ, որոնցից ոչ մի կերպ ազատվել չեն կարողանում և օրենքով գործելու փոխարեն, գործում են` ինչպես իրենց հարմար է, իսկ դա կախված է նրանից, թե ինչքան բարձր կերևան իշխանության աչքին: Մեղադրյալները հիմնականում երիտասարդներ են: Նրանցից մեկն, օրինակ աշխատում է, որ ընտանիքի օրվա հացը վաստակի և այս դատական նիստերը խանգարում են իր աշխատանքին, միջնորդություն էր ներկայացվել, որ երիտասարդը բոլոր նիստերին չմասնակցի, սակայն անգամ դա մերժվեց դատարանի կողմից: Ես ասել եմ և նորից կասեմ` քաղբանտարկյալների և քաղհալածյալների բոլոր դատական նիստերն անցնում են շատ ծիծաղելի պայմաններում: Արդեն անգիր ենք արել, միջնորդություն ենք ներկայացնում, իսկ դատարանը, դատախազը միջնորդությունը մերժում է, առանց որևէ հիմնավոր բացատրություն, ուղղակի, այդպես են ուզում, այդպես են անում և վերջ:

Իհարկե, դատավորներ էլ կան, ովքեր ուզում են ազատվել իշխանական գերությունից, սակայն կաշկանդվածություն կա: Կոնկրետ այս գործի շրջանակներում թե դատախազը և թե դատավորները կաշկանդված են ու չեն կարողանում իրենց գործն անել, ինչպես հարկն է: Մեր «շատ սիրելի» դատախազների ու քննիչների կարծիքով` բողոքի ակցիա անելը խուլիգանություն է, այ այսպիսի ժամանակներում ենք մենք ապրում: Կար ժամանակ, որ մարդիկ հայրենիք պաշտպանելու համար հերոսացվում էին, իսկ հիմա դա խուլիգանություն է համարվում: Իմ պաշտպանը` Արսեն Բաբայանն, այսօր միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի իմ դեմ քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը ոչ մերժվեց, ոչ էլ հաստատվեց, պետք է որոշակի ուսումնասիրություն կատարեն: Սարսափելի է, որ գրեթե բոլոր ակտիվիստները արցախցիներ են: Կա մի երիտասարդ, որի 18 տարեկանը նոր է լրացել` կալանավայրում: Ամենացավալին այն է, որ ուսանողներ են, դասերից ու քննություններից են զրկվում, այսինքն` այս իշխանությունները սարսափում են երիտասարդներից: Այս իշխանությունը պատրաստ է լկտիաբար ապացուցել, որ իր համար չկան սահմաններ ու կարմիր գծեր, որ իրենք անգամ պատրաստ են արցախցի անչափահասներին դատել, իրենց ուզածին հասնելու համար: Ոչ մի սահման` զոհվածի, քույր, մայր, հայր, սրանց համար գոյություն չունի, բոլորիս կդատեն և անգամ օֆ չեն անի: Նա, ով այս տականք իշխանությունների դեմ փորձում է ընդդիմանալ, հայտնվում է այս վիճակում, դատվում, հայտնվում կալանավայրերում և այլն: Բայց ես մի բան կասեմ, սրանց մոտ ստացվում է միայն դատելն ու փակելը, բայց ընկճել` երբեք: Նրանք գործ ունեն արցախցի ակտիվիստների հետ», - խոսքը եզրափակեց Տաթև Արցախը: