Եվրոպայի եւ, առհասարակ, գլոբալ աշխարհաքաղաքական «երկնքում» անսպասելի «ամպրոպի» պես հնչեցին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի խոսքերը։ Օրերս նա աջակցեց հանրաքվե անցկացնելու եւ Ռումինիայի հետ իր երկրի միավորման գաղափարին: Ընդդիմության ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, որ նա հրաժարվում է այն պետությունից, որը, ըստ օրենքի, պարտավոր է պաշտպանել։ Եվ այսպես, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ աջակցում է երկրի միավորմանը Ռումինիայի հետ: Նա ասել է, որ եթե այդ հարցով հանրաքվե անցկացվի, ինքն «այո» կքվեարկի։ «Նայեք, թե ինչ է կատարվում Մոլդովայի շուրջ եւ աշխարհում այսօր: Փոքր երկրի համար դժվար է գոյատեւել որպես ժողովրդավարական եւ ինքնիշխան պետություն»,- բացատրել է նա։
Սանդուն, սակայն, ընդունել է, որ մոլդովացիների մեծամասնությունը դեմ է այդ գաղափարին, այդ իսկ պատճառով Քիշնեւը կենտրոնացած է Եվրամիությանը միանալու վրա: «Հարցումների հիման վրա ես հասկանում եմ, որ ներկայում բնակչության մեծամասնությունը չի աջակցի միավորմանը: Այնուամենայնիվ, շատերն աջակցում են ԵՄ-ին միանալուն: Այս նպատակը լիովին իրատեսական է»,- ընդգծել է նա։ Մոլդովայի ընդդիմությունը նշել է, որ Սանդուն խախտում է երկրի սահմանադրությունը, եւ որ նախագահը պարտավոր է պաշտպանել պետության ինքնիշխանությունը, այլ ոչ թե վերացնել այն: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է Մոլդովայի չեզոք կարգավիճակը, իսկ Սանդուն պատրաստ է հրաժարվել դրանից՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու օգտին։ Ավելին, 2023 թվականին երկիրն ընդունեց անջատողականության մասին օրենք։ Այն սահմանում է, որ Մոլդովայի անվտանգությանը սպառնալիք ստեղծելը նախատեսում է մինչեւ 20 տարի, իսկ պետության դեմ դավադրությունը՝ մինչեւ 7 տարի ազատազրկում։ Իշխող կուսակցությունն այն ժամանակ բացատրեց, որ օրենքն անհրաժեշտ էր Ուկրաինայում հակամարտության եւ Ռուսաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքների պատճառով։
Ընդդիմությունը պնդում է, որ Սանդուն պետք է այժմ հետապնդման ենթարկվի այս հոդվածներով։ Նախկին նախագահ Իգոր Դոդոնը բացատրել է, որ Մայա Սանդուն ցանկանում է պատմության մեջ մտնել որպես անկախ Մոլդովայի վերջին նախագահը եւ ձգտում է ղեկավարել միասնական պետությունը: «Նա կքվեարկի երկու երկրների միավորման օգտին ոչ թե իդեալի համար, այլ իր նկատմամբ եսասիրությունից դրդված եւ սեփական ապագան հաշվի առնելով»,- ընդգծել է նա։ Սոցիալիստական կուսակցությունը հատուկ հայտարարություն է տարածել, որում հայտարարում է, որ Սանդուն կատարել է քաղաքական դավաճանություն:
«Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազությունը, հետախուզության եւ անվտանգության ծառայությունը եւ բոլոր իրավասու մարմիններն անհապաղ սկսեն հնարավոր դավաճանության մասով հետաքննություն»,- ասվում է հայտարարության մեջ։ Խորհրդարանի նախկին անդամ Մարինա Տաուբերը քննադատել է Սանդուի այն միտքը, թե «դժվար է փոքր երկրի համար»: «Սա իշխող կուսակցության եւ նրա տնտեսական կառավարման ձախողման ուղղակի խոստովանություն է: Այս բոլոր տարիների ընթացքում Մայա Սանդուն իշխանության է եկել «ուժեղ Մոլդովա» կարգախոսով»: Այսօր նա փաստացի խոստովանում է, որ չի հավատացել իր ղեկավարած երկրին եւ նույնիսկ մտադիր չի եղել այն զարգացնել»,- բացատրել է նա։ Մոլդովացի կոմունիստները նույնպես կոչ են արել դատապարտել ազգային դավաճանությունը: «Նման իրավիճակ անհնար է պատկերացնել որեւէ այլ երկրում։ Պետությունները պայքարում են իրենց ինքնիշխանության համար, ամրապնդում այն եւ իրենց քաղաքացիների մեջ սերմանում հպարտության զգացում սեփական երկրի նկատմամբ։ Եվ միայն Մոլդովայում են իշխանության եկածները կեղծիքի, խաբեության եւ ընտրողներին կաշառելու միջոցով կոչ անում դրա վերացմանը»,- ընդգծում է Կոմկուսը՝ հայտարարության մեջ։
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Սանդուն խոսում է Ռումինիայի հետ միավորման մասին։ 2021 թվականին նա արդեն հայտարարել էր հանրաքվե անցկացնելու իր պատրաստակամության մասին։ «Շատերը կողմ են այս նախաձեռնությանը, բայց կա նաեւ հասարակության մեկ այլ մաս, որը վախեցած է միավորման գաղափարից։ Նման մեծ նախագիծը կարող է իրականացվել միայն ճնշող մեծամասնության աջակցությամբ։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- պնդել էր նա այն ժամանակ։
Հարցումները ցույց են տալիս, որ մոլդովացիների միայն 20-30%-ն է կողմ Ռումինիայի հետ միավորմանը։ Այս գաղափարի կողմնակիցները բացատրում են, որ հիասթափված են մոլդովական քաղաքական էլիտայից եւ նաեւ ընկճված են տնտեսական դժվարություններից։ Իսկ մոլդովացիների 50-60%-ը դեմ է միավորմանը։ Մոլդովայի հետ միավորումն ակտիվորեն քննարկվում է նաեւ Ռումինիայում։ 2024 թվականի մարտին վարչապետ Մարսել Չոլակուն հայտարարեց, որ Մոլդովայում «միայն ռումինացիներ» են ապրում։ «Մոլդովացիներ չկան, մոլդովական լեզու չկա, դա ռումիներենն է, եւ սրանք ռումինացիներ են»,- ասել էր նա։
Անցյալ տարվա հունիսին, Քիշնեւ կատարած այցի ժամանակ, Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարեց՝ երբ մոլդովացիների մեծամասնությունը քվեարկի միավորման օգտին, «Ռումինիան պատրաստ կլինի դրան»։ Մինչ քաղաքական միավորման թեման դեռեւս նոր է քննարկվում, երկրի ինտեգրացիան բավականին ակտիվորեն ընթանում է այլ ոլորտներում: 2023 թվականին Մոլդովան իր գազամատակարարման համակարգը փոխանցեց ռումինական ընկերությանը: Անցյալ տարի Քիշնեւը սկսեց էլեկտրաէներգիա գնել իր հարեւանից, պաշտոնյաները հայտարարեցին, որ երկու երկրների էներգետիկ համակարգերը կմիավորվեն մինչեւ 2029 թվականը։ 2023 թվականին Մոլդովայի խորհրդարանը նույնպես հաստատեց մոլդովական լեզվի վերանվանումը ռումիներենի, եւ դպրոցներում սկսեցին դասավանդել «Ռումինացիների պատմություն» առարկան: Տեղեկատվական տարածքն ակտիվորեն վերաձեւավորվում է. ռուսական եւ ռուսամետ լրատվամիջոցները դուրս են մղվում, իսկ Բուխարեստում գործող լրատվամիջոցներն ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերում: Մոլդովայի եւ Ռումինիայի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։
Մոլդովացի քաղաքագետ Ալեքսանդրու Կորինենկոն կարծում է, որ ցանկացած այլ երկրում նման կուրս վերցրած նախագահն արդեն իսկ կկանգներ իմպիչմենտի գործընթացի առջեւ, բայց ոչ՝ Մոլդովայում։ «Անհեթեթություն է, երբ Սահմանադրության երաշխավորը կոչ է անում լուծարել սեփական պետությունը։ Սակայն մեր դեպքում Սանդուի համար հետեւանքներ չեն լինի։ Մոլդովայում կան մի շարք միութենական քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ, որոնք ուղղակիորեն կոչ են անում երկու երկրների միավորմանը, եւ իրավապահ մարմինները որեւէ հարց չեն բարձրացրել նրանց վերաբերյալ։ Ցավոք, հասարակությունը նույնպես չի արձագանքում։ Մարդիկ զբաղված են իրենց գոյատեւմամբ, հիասթափված են ընդդիմությունից եւ, ընդհանրապես, քաղաքականությունից, ուստի նախընտրում են անտեսել ամեն ինչ»,- բացատրում է նա։
Մեկ այլ մոլդովացի քաղաքագետ՝ Կոռնելիու Չիուրեան նշում է, որ երկու երկրների միավորումը մոտ ապագայում սպասելի չէ։ «Կարծում եմ, որ դա ինքնաբուխ հայտարարություն էր, որը Մայա Սանդուի համար լուրջ քաղաքական սխալ դարձավ։ Այժմ մոլդովացիների մեծամասնությունը դեմ է միավորմանը։ Հարկ է նշել Մերձդնեստրը եւ Գագաուզիան, որոնք միանշանակ դեմ են։ Այս գաղափարը նաեւ ոգեւորություն չի առաջացնում Եվրամիությունում, որը պետք է կրի Մոլդովայի բեռը, եթե միավորումը տեղի ունենա։ Իսկ Ռումինիան չի պարտադրում, քանի որ հասկանում է, որ միավորումը էժան բան չի լինի»,- նշում է նա։ Եվրոպայում երկու երկրների միավորման եւ պառակտումների պրակտիկան նոր չէ․ հիշենք երկու Գերմանիաների՝ դեմոկրատական եւ դաշնային հանրապետությունների վերամիավորումը, Չեխոսլովակիայի տարանջատումը Չեխիայի եւ Սլովակիայի, Հարավսլավիայի մասնատումը եւ այլն, բայց որ աշխարհում տարբեր ժողովուրդներ պայքարում են ինքնիշխանության համար, փաստ է, եւ Մոլդովայի օրինակն այս առումով խիստ տարակուսելի է եւ մեր՝ հայերիս համար՝ նաեւ ուսանելի․․․