Հրավառության կազմակերպիչներն առանց տուգանվելու բաց են թողնվել

Հրավառության կազմակերպիչներն առանց տուգանվելու բաց են թողնվել

Երեկ երեկոյան կառավարական ամառանոցների հարեւանությամբ՝ «Դվին» հյուրանոցի բակում, Երեւանի համար անասելի հզորությամբ հրավառություն իրականացնելու համար վարչական ձերբակալման են ենթարկվել ՍՊԸ-ի աշխատակիցներ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից։

Հրավառություն կազմակերպած ՍՊԸ-ի աշխատակիցներին ոստիկանության բաժնում 3 ժամ հարցաքննելուց հետո առանց տուգանելու բաց են թողել, քանի որ լռության ժամը խախտված չի եղել։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի համաձայն լռության ժամ է համարվում 23։00-ից 7-ը, որի ընթացքում հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում։ Հրավառությունը տեղի է ունեցել մինչեւ 23։00։

Գուցե ժամային առումով խախտում չկա, բայց ոլորտը կարգավորող տեսչական մարմինը պարտավոր է պարզել՝ արդյո՞ք նման ծավալի հրավառ նյութերի օգտագործումը Երեւանի ամենաբանուկ հատվածում համապատասխանել է օրենքով սահմանված թույլատրելիությանը։ 

Փորձեցինք կապ հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, սակայն մեր զանգը մնաց անպատասխան։