«Հրապարակ»․ Ինչ են խախտել «Դվինի» հրավառություն անողները

«Հրապարակ»․ Ինչ են խախտել «Դվինի» հրավառություն անողները

Երեւանցիների ու Նիկոլ Փաշինյանի անդորրը խաթարած հրավառությունից 2 օր անց՝ մինչ այս պահը, ոչ մի պետական գերատեսչություն դեռ չի պատասխանել՝ քաղաքը «պայթեցրած» հրավառությունն օրենքի խախտմա՞մբ է եղել, պայթուցիկ նյութերի ծավալն օրենքով թույլատրելի՞ է եղել, թե՞ ոչ, եւ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի բնակավայրերի տարածքում նման մասշտաբի հրագործական նյութերի օգտագործման համար։

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական գրություններ են ուղարկել Երեւանի քաղաքապետարան եւ ներքին գործերի նախարարության՝ կոնկրետ այս դեպքով հրավառության օրինականությունը պարզելու համար։ Ըստ Զոհրաբյանի՝ տեսչական մարմինը տեղյակ չի եղել, որ մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում հատուկ տեսակի հրագործական նյութեր են կիրառվելու։

«Մենք նախապես չենք իմացել, որ «Դվինի» տարածքում նման տիպի հրավառություն պետք է անցկացվի։ Այդ տեսակի հրագործական նյութերի գործածման դեպքում ոստիկանությունը եւ Երեւանի քաղաքապետարանը հատուկ թույլտվություն պետք է տային եւ մեզ տեղյակ պահեին։ Տեսչական մարմինը տեղեկություն չի ունեցել, որ այդ օրը, այդ ժամին այդ տարածքում հատուկ տեսակի հրագործական նյութեր են կիրառվելու։ Մեզ պետք է ինֆորմացիա տային»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են համացանցի նյութերն ու եկել այն եզրահանգման, որ նման մասշտաբի հրավառ նյութերը բնակավայրերի տարածքում չէին կարող գործածվել։
«Նախ՝ Երեւանի քաղաքապետարանից եւ ՆԳՆ-ից պիտի թույլտվություն ունենային դրանք կիրառողները, ապա պետք է հատուկ լիցենզավորված լինեին։ Սովորական քաղաքացին, որը վերապատրաստում անցած չէ, իրավունք չունի անել այդ գործը։ Մենք ուսումնասիրել ենք տեսանյութերն ու սպասում ենք ՆԳՆ-ի ու Երեւանի քաղաքապետարանի պատասխանին, հասկանալու համար՝ թույլատրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե թույլտվություն տային, պետք է նաեւ մեզ տեղեկացնեին, մենք տեղեկացված չենք եղել»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցելու՝ ձեռք բերված փաստական ապացույցների հիման վրա։

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը հրավառություններով չի զբաղվում եւ այս թեմայով որեւէ անելիք չունի։ ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել։

Արձանագրենք, որ այսքան աղմուկ եւ իրարանցում առաջացրած միջադեպը, որի արդյունքում մարդիկ են ձերբակալվել եւ մի քանի ժամ պահվել ոստիկանությունում, Փաշինյանի ՊՊԾ հրամանատարն է ազատվել աշխատանքից, քանի որ Փաշինյանը կարծել է, թե հարձակում է տեղի ունենում, իսկ պարզելով, որ հարսանիքից հետո հրավառություն է, զայրացել է ՊՊԾ-ի վրա, թե ինչու են իր տան մոտակայքում նման բան անում։ Փաստ է, որ հրավառությունն իրականացնողները՝ չնայած վերեւից եկած հրահանգներին, չեն էլ տուգանվել, քանի որ որեւէ խախտում չի հայտնաբերվել, անգամ լռության ժամը չի խախտվել։  

Հիշեցնենք, որ 2023թ․ հուլիսին ԱԺ-ն ընդունեց նախագիծ, որով 2024-ից հրավառություններ կարող են կազմակերպել բացառությամբ պետական կառույցները՝ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։