Նվեր Մնացականյանը Հ1 է վերադարձել

Նվեր Մնացականյանը Հ1 է վերադարձել

Այսօր «Հրապարակին» հայտնի դարձավ, որ հեռուստալրագրող Նվեր Մնացականյանը վերադարձել է Հանրային հեռուստաընկերություն: Մնացականյանը նոր նախագիծ է սկսում՝ «Հանրային ռեպորտաժ»: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի վերաբերմունք է տածում Մնացականյանն օրվա իշխանությունների նկատմամբ, ապա կհասկանանք, որ վերջինիս Հ1 գնալը բոլորովին էլ պատահական չէ:

Հանրայինը եղել է և մնում է բոլոր ժամանակների իշխանական ամենաակտիվ քարոզչամեքենան: Եվ որքան էլ Պետրոս Ղազարյանը պնդի, թե Փաշինյանը Հանրայինում որևէ լծակ չունի և ոչ մի որոշում չի կայացնում, միևնույն է՝ ակնհայտ է, որ մեր հարկերի հաշվին ապրող հեռուստաընկերությունը ծառայում է օրվա իշխանությանը: 

Մնացականյանի հեղինակային հաղորդումը՝ «Հանրային ռեպորտաժը» եթեր կհեռարձակվի այսօր: Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին հեռուստալրագրող Նվեր Մնացականյանը հեռացվել էր հանրայինից: Նա նշել էր, որ իր հեռացման պատճառը Հ1-ում նոր դեմքերի ի հայտ գալն է:

Նվեր Մնացականյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ, այո, հանրային է վերադարձել, «Նոր նախագիծ է, ինձ հրավիրել են, ես էլ մասնակցում եմ»: Հարցին, թե հաղորդումն ունի՞ քաղաքական կոնտեքստ, լրագրողն ասաց. «Այն, ինչ ես անում եմ, հերիք է»: