Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, որ այդ գումարը վճարենք

Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, որ այդ գումարը վճարենք

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնակցությամբ, երեկ 2 մլրդ դրամի դիմաց որոշեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ հիմա Քոչարյանի ընտանիքը զբաղված է այդ գումարը հայթայթելով։

Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով գրավի չափին, ասաց․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, որ գումարը մուտքագրելուց հետո հայրս դրսում կլինի՝ ազատության մեջ»։

-Իսկ հիմա որտե՞ղ է գտնվում Ձեր հայրը։

-Հիվանդանոցում է դեռ, նույն կարգավիճակով, քանի դեռ գրավի գումարը մուտք չի արվել համապատասխան հաշվեհամարին։

-Պարոն Քոչարյան, Ձեզ համար 2 մլրդ դրամը խոշո՞ր գումար է։

-Իհարկե, խոշոր գումար է, ինձ թվում է՝ 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար, ներառյալ նաև մեզ համար։ Այն, ինչ դատարանում ներկայացրել են փաստաբանները, ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որ դրա դիմաց ինչ-որ գումար ստանանք, որ այդ գումարը վճարենք։ Իսկ մնացած մասով, ինչպես գրասենյակն է հայտարարություն տարածել, երեկ ուղղակի մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին, ու հիմա այդ պրոցեսն է գնում։

-Հայաստանի՞ց են այդ մարդիկ։

-Ոչ միայն։

-Այսինքն՝ դուք, ձեր ընտանիքը, փաստորեն, կանխիկ 2 մլրդ դրամ չունե՞ք այս պահին, թե՞ ունեք, պարզապես կալանքի տակ են հաշիվները, ինչպես հայտարարել էր Ձեր հայրը։

-Ոչ, եթե կանխիկ ունենայինք, իհարկե, մենք էդ գումարի հարցը կլուծեինք։

-Իսկ եթե ձեր հաշիվները կալանքի տակ չլինեին, էլի՞ դուք չէիք կարողանա մուծել այս գրավը։

-Հիմա, գիտե՞ք, կդժվարանամ ասել, բայց շատ ավելի հեշտ կլիներ, իհարկե։ Գիտեք, հայրս քանի անգամ ասել է, որ տասը տարի աշխատում է ինչպիսի ընկերությունում Ռուսաստանում, և իր հաշվի վրա, հիմա, կա ինչ-որ գումար։

Շարունակությունը՝ վաղը, «Հրապարակ» օրաթերթի հերթական համարում։