Երեկ Ազգային ժողովում հերթական՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրն էր։ Ու թեեւ հարցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէին ուղղվում, սակայն նա տեղից ուղղորդում էր կառավարության անդամներին, թե ինչպես պատասխանեն։ Դահլիճում նստածները, օրինակ, նկատեցին, թե նա ինչ դժգոհություն դրսեւորեց Արարատ Միրզոյանի նկատմամբ, որը, պատասխանելով Աղվան Վարդանյանի հարցին, ակնհայտորեն կիքս թույլ տվեց՝ չժխտելով հանրաքվեի հավանականությունը։
Ա․ Վարդանյանն արտգործնախարար Միրզոյանին հիշեցրեց իր նախորդ հայտարարություններից մեկը, որտեղ նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից մարտի 10-ին փոխանցված առաջարկներում, մեծ հաշվով, անընդունելի ոչինչ չկա․․․ Վարդանյանը հետաքրքրվում էր, թե խնդրո առարկա փաստաթուղթը, ստորագրվելու դեպքում, «ներպետական ինչ ընթացակարգ պետք է ունենա»։ ԱԳ նախարարն ասաց․ «Ենթադրել կարող եմ, որ միջպետական պայմանագիրը պետք է գա ԱԺ վավերացման»։ Արձագանքելով, Աղվան Վարդանյանը նկատեց, որ արդեն ունենք նման դեպքեր, երբ խախտվել է մեր տարածքային ամբողջականությունը, այնինչ նման դեպքերում այդ պայմանագրերը պետք է գային խորհրդարանի վավերացմանը, ՍԴ-ում քննվեին, եւ հավելեց․ «Ես այդ ամենի մասին գիտեմ, ինձ զուտ Ձեր տեսակետն էր հետաքրքրում։ Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակներ ստեղծվեն, որ հանրաքվեի անհրաժեշտություն առաջանա»։
ԱԳ նախարարը չբացառեց դա․ «Հարցը նոր է իմ համար, պետք է մտածել, պետք չէ բացառել, սկզբունքային բան չկա բացառելու»։ Փաշինյանի թիմակիցը թերեւս ենթադրեց, որ ժամանակին ագորայի մասին ճառեր ասող եւ ժողովրդի կարծիքը հարցնելու պատրաստակամություն հայտնած իր առաջնորդը դեմ չի լինի եւ բացահայտ չի ասի «ոչ, հանրաքվե չենք անելու»։ Սակայն երբ պատասխանելուց հետո վերադարձավ իր տեղը, պարզվեց, որ շեֆը խիստ դժգոհ է, եւ հանրաքվեն նրա պլանների մեջ չի մտնում։ Փաշինյանը տեղում ինչ-որ դիտողություն արեց Միրզոյանին, իսկ հաջորդ հարցին պատասխանելու համար ամբիոն բարձրացած արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հանձնարարեց անդրադառնալ Աղվան Վարդանյանի հարցին եւ հերքել հանրաքվեի հնարավորությունը։
Եվ չնայած կանոնակարգը չի նախատեսում նախորդ հարցին անդրադառնալ, բայց Անդրեասյանն իր խոսքը սկսեց դրանով․ «Ձեր բարձրացրած խնդիրը՝ հանրաքվեի հետ կապված, մենք նման ընթացակարգ չունենք միջպետական պայմանագրերի, համաձայնագրերի հետ կապված»։ Իրոք՝ համաձայնագրերը վավերացվում են ՍԴ-ում եւ ԱԺ-ում, բայց եթե խոսքը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը եւ սահմաններին, այդ հարցերը բացառապես հանրաքվեով, այսինքն՝ ազգաբնակչության կողմից որոշվելիք հարցեր են։ Պարզ դարձավ, որ Փաշինյանը փոխելու է մեր երկրի սահմանները եւ դա անելու է միանձնյա՝ առանց հանրության կարծիքը հարցնելու։