Երեւան-Բաքու-մյուսներ` նոր հնարավոր քաղաքական գործարքի տեսլականն ուրվագծվում է
«Հրապարակն» իր «Սկզբում` ընտրություն, հետո` հանրաքվե» հոդվածում բավականին հետաքրքիր տեղեկություններ էր հրապարակել։ Այն պատկերը, որը գծված է հոդվածում, հասկանալի է։ Մի կողմից ունենք ամեն գնով խաղաղության հասնելու պատրաստ պաշտոնական Երեւան, մյուս կողմից՝ դեռեւս մաքսիմալիստական հավակնոտություն դրսեւորող պաշտոնական Բաքու։ Միաժամանակ նաեւ՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, պաշտոնական Բաքուն ունի որոշ մտավախություն, որ եթե Հայաստանում հանկարծ իշխանություն փոխվի, ապա 44-օրյա պատերազմի արդյունքների քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիան կարող է կիսատ մնալ, կամ կարող են ստիպված լինել նշաձողն իջեցնել` նվազեցնելով ակնկալիքների սանդղակը։ Մեզ հատկապես հետաքրքրեց հոդվածի վերջին մասը, որտեղ ասվում է, որ Փաշինյանն ուզում է նախ ընտրությունների գնալ, հաղթել դրանցում եւ ապա նոր անցնել Ալիեւի պահանջների կատարմանը, այսինքն՝ «Հայաստանի Սահմանադրության փոփոխությանն ու Անկախության հռչակագրից հրաժարվելուն»։
Հոդվածում արտահայտված միտքը, թե «Փաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող հանրաքվե անել եւ Սահմանադրություն փոխել», իհարկե, ունի տրամաբանություն, սակայն կարծում ենք, որ այս մտադրության եւ շարունակության՝ «ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել եւ դրանից հետո միայն կատարել Ալիեւի պահանջը», արանքում ավելի հետաքրքիր նյուանս կա։ Եթե հիմա, օրինակ, Փաշինյանը հանրաքվե անցկացնի Սահմանադրության փոփոխության մասով, այն կարող է պարզապես կայացած չհամարվել այն պատճառով, որ մարդիկ չեն գնա հանրաքվեի։ Կամ էլ՝ կարող է գնան, բայց մերժեն։ Սա ձեռնտու տարբերակ չէ ո՛չ Փաշինյանի համար, ո՛չ, առավել եւս՝ Բաքվի։ Հանրաքվեն ընտրությունների հետ կամ ընտրություններից հետո մատուցելն ավելի խելամիտ է։
Ի վերջո, ընտրական գործընթացներ, նախընտրական արշավ` իր ամբողջ «աղմուկ-աղաղակով», որպես գործիք կարող են բավականին մեծ ազդեցություն ունենալ հայաստանյան հասարակության հանրային գիտակցության վրա, որպեսզի ընտրությունների հետ նաեւ հանրաքվեն հնարավոր լինի իշխանության քիմքին հաճո տարբերակով անցկացնել։ Ինտրիգը հենց այստեղ է։
Ոչ իշխանական ճամբարում Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ էլ ասեն, սակայն հակված ենք համարելու, որ Փաշինյանն «աչքաբաց» ու պրագմատիկ մարդ է ե՛ւ կյանքում, ե՛ւ քաղաքականության մեջ։ Ու կարողանում է ճիշտ կոմբինացիաներ մշակել` հատկապես եթե հարցը վերաբերում է «քաղաքական առեւտրին»։ Ու այդ քաղաքական առեւտուրն այս դեպքում արդեն կայանալու է Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Հայաստանի գործող ղեկավարը շատ լավ տեղյակ է Ադրբեջանի ղեկավարի մտավախություններից, որոնց մասին վերեւում նշեցինք։
Հետեւաբար, դա կօգտագործի իր շահերի համար։ Այսինքն՝ կհասկացնի, որ «խաղաղության դարաշրջանը» կամ «Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման պատմական պահն» իրատեսական կարող է լինել միայն այն դեպքում եւ կենսագործվել ու հասցվել իր տրամաբանական եզրագծին, եթե Հայաստանում ինքը լինի իշխանության ղեկին։ Հետեւաբար կարեւոր է, որ մինչեւ ընտրությունների ավարտը, անկախ այն հանգամանքից՝ դրանք 2025, թե 2026 թվականին են լինելու, ցնցումներ չլինեն, առավել եւս՝ ռազմական սադրանքներ: Նաեւ՝ ինքը ստանա Բաքվի (եւ Անկարայի, ինչու չէ՝ նաեւ Մոսկվայի եւ մյուս շահագրգիռ կողմերի) աջակցությունը որպես իշխանություն՝ լեգիտիմ ճանապարհով վերարտադրվելու համար, որպեսզի դրա հիմքով էլ կարողանա տրամաբանական եզրագծին հասցնել այն գործընթացները, որոնք ընթանում են տեւական ժամանակ։
Սա, ըստ էության, այն քաղաքական գործարքն է, որի կնքման տեսլականը կարծես կամաց-կամաց սկսում է ուվագծվել «երկնակամարում»։ Ընդ որում, կարելի է նույնիսկ կանխատեսել, թեեւ կանխատեսումներ անելը ներկա հարափոփոխ ժամանակներում խիստ անշնորհակալ գործ է, որ այդ գործարքը հնարավոր է հաջողությամբ կնքվի ե՛ւ Բաքվի, ե՛ւ Անկարայի, ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ մյուս շահառուների հետ համատեղ, քանի որ գործարքի իրականացման հարցում, եթե այն դիտարկում ենք արտաքին՝ ռեգիոնալ ճարտարապետության կամ աշխարհաքաղաքականության տեսակետից, Փաշինյանը մրցակից չունի։ Հայաստանի ընդդիմադիր ճամբարն այդպես էլ չկարողացավ արտաքին աշխարհում ճիշտ երկխոսություն ծավալել ու արտաքին խաղացողների, գլոբալ ուժային կենտրոնների աչքում ընդունելի դառնալ եւ դրանով այլընտրանք ստեղծել Հայաստանի գործող իշխանություններին։
Կարծիքներ