Ադրբեջանցիները երկաթե բռունցք են տեղադրել Հադրութում (լուսանկարներ)

Ադրբեջանցիները երկաթե բռունցք են տեղադրել Հադրութում (լուսանկարներ)

Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահոսկողության տակ անցած Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում կանգնեցվել է «Երկաթե բռունցք» հուշարձանը։

Այն տեղակայված է հուշահամալիրի դիմաց, որ կառուցվել է ի պատիվ ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների:

44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորականների պատվին տեղադրված հուշարձանն ունի բռունցքի տեսք, որի ստորին հատվածում պատկերված են զինծառայողներ, Ադրբեջանի զինված ուժերի զինանոցի անօդաչու թռչող սարքեր:

«Երկաթե բռունցք»-ն անվանումն է ռազմական գործողությունների, որոնք ձեռնարկվել են ադրբեջանական բանակի կողմից Արցախն օկուպացնելու ընթացքում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին խախտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք դարձած Մադրիդյան սկզբունքներից «ուժի չկիրառումը»՝ Ադրբեջանը Թուրքիայի գործուն աջակցությամբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ ու իր վերահսկողության տակ վերցրեց տարածքի զգալի հատվածը։ Պատերազմի ընթացքում ու հրադադարից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բռունցքը թափահարում էր ու հայկական կողմին սպառնում «երկաթե բռունցքով»։