10 տարում Միքայել Մինասյանը Նիկոլին 2 մլրդ դրա՞մ է տվել

10 տարում Միքայել Մինասյանը Նիկոլին 2 մլրդ դրա՞մ է տվել

ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանը, երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, հերքել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պնդումներն այն մասին, թե ինքը հանդիպել է Մինասյանին եւ գործարք առաջարկել՝ եթե ինքը չի ուզում «Հայկական ժամանակ» թերթն իր ընտանիքի մասին գրի, ապա պետք է «ինչ-որ քայլ անի»։ Նա ասել է, որ նման խոսակցություն առհասարակ չի եղել: 

«Իմ աղջիկը՝ Մարիամը, փոքր էր՝ 2-3 տարեկան, մենք  սրճարանում ծնունդ էինք անում: Եվ «ՀԺ»-ում լույս տեսավ մի հոդված, որ իբր իմ աղջիկը ձեռքին կրում էր ադամանդե շղթա, եւ ամենակարեւորը՝ սոսկան ոսկուց էր եւ ադամանդակուռ,- պատմում է տեսաբլոգեր Մինասյանը։- Հաջորդ օրն իմ կյանքում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործընկեր, «ՀԺ»-ի անդամ, այսօր՝ ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանը: Նա դաստիարակված ժպիտով ասաց, որ եթե չես ուզում, որ երեխայի մասին այդպիսի բաներ գրվեն, անձնականի մեջ մտնենք, դե, գիտես՝ Նիկոլը մի քիչ տարօրինակ ա, մի քիչ որ բան անենք...»: Հայկ Գեւորգյանը, ըստ Սարգսյանի փեսայի, առաջարկել է իրեն պատկանող «Պրեսստենդ» գործակալության հետ «առանց վերադարձի» պայմանագիր կնքել, որի պարագայում գործակալությունը վճարում է տպաքանակի ոչ միայն վաճառված, այլեւ չվաճառված մասի համար: 

Հայկ Գեւորգյանը վստահեցրել է, որ նման առաջարկ չի եղել: «Քանի որ 2007 թվականից «ՀԺ»-ն ուներ ամենամեծ թվաքանակը, տարածողները ձգտում էին «ՀԺ»-ի հետ էքսկլյուզիվ պայմանագիր կնքել: Եթե տեղի ունենար Միքայել Մինասյանի ասածը, ապա «Հայկական ժամանակի» տպաքանակը չպետք է նվազեր, ինչպես մյուս բոլոր թերթերինը, բայց ինտերնետի ակտիվացման հետ «ՀԺ»-ի տպաքանակը նվազել է»: 

Ինչ խոսք, 2007-2009 թվականներին «Հայկական ժամանակի» տպաքանակը բարձր էր: Դա կապված էր Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման, դրան հետեւած հուժկու ժողովրդական շարժման, Մարտի 1-ի դեպքերի հետ, իսկ այնուհետեւ՝ քրեական հետապնդումների ու դատավարությունների, որոնք սկսվել էին երկրում ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների, որոնց տրամադրություններն արտացոլում էր «Հայկական ժամանակը»: Սակայն հետագայում եւս, երբ քաղաքական ալիքը մարել էր, եւ դրա հետ մեկտեղ մարել էր հետաքրքրությունը «ՀԺ»-ի նկատմամբ, այն շարունակում էր ամենամեծ տպաքանակն ունեցող եւ «Պրեսստենդի» հետ անվերադարձ պայմանագրեր կնքած միակ թերթը մնալ: 

Ի դեպ, այս գործակալությունը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մամուլի տարածման մոնոպոլիստն էր եւ «խժռել» էր մյուսներին, այդ թվում՝ ավանդական «Հայմամուլը»: Փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, հաշվարկել է, թե Միքայել Մինասյանը որքան գումար է վճարել Նիկոլ Փաշինյանին: 
«Ենթադրենք, «Հայկական ժամանակի» տպաքանակը մեկ օրում եղել է 10 հազար օրինակ, իսկ յուրաքանչյուր օրինակի համար Մ. Մինասյանը Ն. Փաշինյանին վճարել է 100 ՀՀ դրամ: Այս դեպքում Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանին վճարել է՝

մեկ օրում՝     10.000 x 100 = 1.000.000 (մեկ միլիոն)
մեկ ամսում (20 օր)՝ 1.000.000 x 20 = 20.000.000 (քսան միլիոն)
մեկ տարում (10 ամիս)՝     20.000.000 x 10 = 200.000.000    (երկու հարյուր միլիոն)
տասը տարում (10 տարի)՝ 200.000.000 x 10 = 2.000.000.000    (երկու միլիարդ)։

Ստացանք, որ Միքայել Մինասյանը 10 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին վճարել է երկու միլիարդ ՀՀ դրամ»,- ասում է Հակոբ Ճարոյանը: Իսկ մեզ հետաքրքրեց նաև այլ հանգամանք՝ փաստորեն, 10 տարի Փաշինյանը որեւէ խնդիր չի ունեցել Միքայել Մինասյանի հետ, նրանք, կարելի է ասել, ջերմ գործընկերային հարաբերություններ են ունեցել, իսկ հիմա վերածվել են մահացու թշնամիների: Փաշինյանի կյանքում սա առաջին նման մետամորֆոզը չէ: Նույնկերպ էլ նա մի պահ «դավաճանեց» Տեր-Պետրոսյանին, նրան «բացահայտող» նյութեր տպագրելով իր թերթում՝ օրինակ, «Մեծ խառնակչություն» հոդվածաշարը, իսկ հիմա առաջին նախագահը նրան սատարող հայտարարություններ է անում: