Չար ու մեծամիտ

Չար ու մեծամիտ

Մատենադարանում երեկ հավաքվել էր մեր երկրի էլիտայի մի մասը: Թեման Արցախն էր, Արցախի հարցի լուծումը: Իրավաբաններ, քաղաքագետներ, դիվանագետներ էին խոսում: Տարբեր վերլուծություններ էին անում, լուծումներ ու ելքեր առաջարկում: Անգամ այս փակուղային իրավիճակում, երբ թվում է` բոլոր ճանապարհները փակ են, եւ մեր ճակատագիրն այլեւս մենք չենք տնօրինում, այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, պարզվում է` դեռ մեծ թվով քայլեր ու անելիքներ կան, որոնք իշխանությունը չի անում` նախընտրելով հանձնվելն ու հանձնելը: Լսում էիր այդ մարդկանց, եւ սիրտդ կծկվում էր ցավից: Լավ` չունեք խելք, գիտելիք, գրագիտություն, վատ կողմնորոշվեցիք բազում հարցերում, չկարողացաք արագ եւ արդյունավետ լուծումներ գտնել, ձեր թիմում չունեիք բավարար պրոֆեսիոնալիզմ ու ճկունության մասնագետներ, բայց կարող էիք, չէ՞, օգտվել այս մարդկանց խելքից, գրագիտությունից, փորձից:

Կարող էիք, չէ՞, լսել նրանց առաջարկները, խորհուրդները: Ոմանց անգամ առաջարկել, որ պետության եւ հայրենիքի համար կենսական հարցերում ձեր կողքին կանգնեն, աջակցեն ձեզ: Գոնե արտերկրում ներկայացնեն մեր պետությունը, երբեմն իրավական եւ այլ փաստաթղթերի մշակմանը մասնակցեն: Կարող էիք, չէ՞, թիմ-թիմ խաղալու փոխարեն այս մարդկանց գիտելիքներից ու կապերից օգտվել, որ ձեր ապաշնորհությամբ երկիրը չհասցնեիք այս վիճակին: Լավ, հասկացանք` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Աշոտյանին ու Շարմազանովին չեք սիրում, չեք հանդուրժում, ինչո՞վ են ձեր մերժմանն արժանացել Վարդան Օսկանյանը, Արամ Օրբելյանը, Ավետիք Չալաբյանը, շատ ուրիշները, որոնք հանուն հայրենիքի պատրաստ կլինեին աջակցել անգամ ձեր նման անմեղսունակներին: խորհուրդներ կտային, առաջարկներ կանեին: Ինչո՞ւ եք դուք այդքան չար եւ մեծամիտ: