«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը գնահատել են ապօրինի` փորձում են բռնագրավել

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը գնահատել են ապօրինի` փորձում են բռնագրավել

2020 թվականի նոյեմբերի 7-ին, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պատերազմի մեջ էին, Հայաստանը բազմաթիվ զոհեր ու տարածքային կորուստներ ուներ, իսկ 2 օր անց՝ նոյեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանի կողմից պետք է ստորագրվեր կապիտուլյացիոն հայտարարությունը, ՀՀ դատախազությունը, պարզվում է` զբաղված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գույքի օրինականության ստուգումներով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում: Իսկ այսօր` 3 տարի ուսումնասիրելուց հետո, 2023 թվականի հոկտեմբերի 8-ին գործը տարել են դատարան, այն մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։ Այս քաղաքացիական գործով Գագիկ Ծառուկյանի շահերի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց՝ զավեշտալի է համարում, որ դատախազությունը 3 տարի ուսումնասիրություն է արել, իսկ պատասխանող կողմին, այսինքն՝ Ծառուկյանին ու նրա փաստաբաններին, ընդամենը 1 ամիս է ժամանակ տվել՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար։

«Զավեշտն այն է, որ իրենք 3 տարի ուսումնասիրություն են կատարում, ինքներդ էլ եք հասկանում, որ բավականին ծավալուն նյութ պետք է ուսումնասիրվեր, եւ այդքանից հետո մեզ ընդամենը 1 ամիս ժամանակ են տրամադրում, որպեսզի այդ բոլոր հարցադրումներին հանգամանալից պատասխաններ ներկայացնենք։ Բնականաբար, մենք պատասխանել ենք, որ ներկայացված հայցն ամբողջովին չենք ընդունում, պարոն Ծառուկյանը ոչ մի ապօրինի գույք չունի, հետագայում մենք ծանրակշիռ ապացույցներ կներկայացնենք։ Եթե հիշում եք, պարոն Ծառուկյանն Օլիմպիական կոմիտեի մոտ հարցազրույց տվեց, որում նշեց, որ 1989 թվականից ամբողջ ընտանիքով աշխատել են եւ ստեղծել են այն ամենը, ինչ ունեն։ Դրա վերաբերյալ ունենք բավականին ծանրակշիռ ապացույցներ, որոնք այժմ գտնվում են վերլուծության փուլում՝ իրավաբանների ու տնտեսագետների կողմից, հետեւաբար կարճ ժամանակ անց մենք մեր դիրքորոշումն ավելի առարկայական ու բովանդակալից կներկայացնենք ու կապացուցենք, որ պարոն Ծառուկյանը դեռ 80-ականների վերջերից ակտիվ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, իհարկե` թույլատրելիի սահմաններում։ Այն ժամանակ կային ձեռնարկություններ, կոոպերատիվներ, այդ ժամանակահատվածից զբաղվում է ե՛ւ տրիկոտաժի արտադրությամբ, ե՛ւ թրմօղու արտադրությամբ, գյուղատնտեսական բարիքների արտադրությամբ եւ այլն։ Բազմաթիվ ոլորտների հետ առնչվող գործունեություն է ծավալել, դրանց հետ կապված փաստաթղթեր կան, որոնք կներկայացնենք։ Ուղղակի ինձ մոտ զարմանք է առաջացնում այդ վերլուծությունը, որ պարոն Ծառուկյանի գույքն ամբողջ ծավալով ապօրինի է։ Վերջիվերջո, անձը 80-ականներից ի վեր աշխատել է եւ երկրում որեւէ ղեկավար պաշտոն չի զբաղեցրել, հայտնի ճշմարտություն է, որ 2003-2004 թվականներից է եղել պատգամավոր, բայց ԱԺ պատգամավոր լինելը ո՛չ նախարարի պաշտոն է, ո՛չ վարչության պետ, Ծառուկյանն առավելություն վերապահող ոչ մի պաշտոն չի զբաղեցրել»,- ասաց պաշտպանը։

Ըստ դատախազության՝ քաղհայցով վիճարկվում է Ծառուկյանին պատկանող հետեւյալ գույքի օրինականությունը․ 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ, 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր եւ բաժնետոմսեր, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ՝ շուրջ 16.8 մլրդ դրամ, 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը «հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների եւ այլ ելքերի հանրագումար»: Այսինքն` Ծառուկյանին պատկանող ամբողջ գույքը դատախազությունը գնահատել է որպես ապօրինի: Տարածված հաղորդագրությունից իմանում ենք, որ Գագիկ Ծառուկյանին եւ նրան փոխկապակցված անձանց արգելվել է տնօրինել մի շարք անշարժ եւ շարժական գույքերը։ Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նշված գույքերի ցանկում կա՞ն գործող բիզնեսներ, եւ եթե այո, ապա ինչպե՞ս է դա անդրադառնալու այդ ընկերություններում աշխատող անձանց վրա․ կկարողանա՞ն ժամանակին աշխատավարձ տալ՝ նկատի ունենալով, որ Ծառուկյանը հատկապես Կոտայքի ու Արարատի մարզերի մասշտաբով խոշոր գործատու է։

«Գործող բիզնեսներ կան, մենք փորձում ենք ամեն դեպքում այնպես անել, որ աշխատողների հետ կապված խնդիրներ չլինեն, որ բիզնեսը շարունակի իր բնականոն գործունեությունը, չնայած որ ընթացքում խոչընդոտներ լինում են։ Դրանց հետ կապված մենք անընդհատ դիմումներ ենք ներկայացնում ե՛ւ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ե՛ւ դատարան՝ որոշակի խնդիրներ լուծումներ ստացել են, սակայն դրանից ավել տեղեկություն չեմ կարող տալ․․․ վերջիվերջո, պարոն Ծառուկյանը տարբեր տեղեր տարբեր մասշտաբի շինարարություններ է իրականացնում եւ այդ ամենը կատարում է իր եւ իր ընտանիքի միջոցների հաշվին, այնտեղ կան շրջանառու միջոցներ, ոչ շրջանառու միջոցներ, հիմնական միջոցներ, նման չհասկացված պահեր էլ կան։ Խնդիրներ են առաջանում նաեւ մաքսային ծառայությունների հետ, անընդհատ ստիպված ենք լինում դիմումներ ներկայացնել եւ այլն, բայց փորձում ենք պատվով դուրս գալ այդ ամենից, մինչեւ որ մենք առարկայական կներկայացնենք մեր բոլոր ապացույցները, կհիմնավորենք, որ պարոն Ծառուկյանը որեւէ ապօրինի գույք չունի, եւ բնականոն էվոլյուցիա է ապրել այդ ընթացքը, այսինքն՝ սկսել է աշխատել 80-ականներից՝ երիտասարդ տարիքից, եւ մինչ օրս էլ ակտիվ գործունեություն է ծավալում»,- պատասխանեց փաստաբանը։