6 ԱՌԱՋԱՐԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
Այս անգամ կփորձեմ անդրադառնալ խիստ կարևոր և միաժամանակ` «մուխանաթ» թեմայի` ընդդիմության հնարավոր անելիքներին:
Տվյալ հարցի արդիականացումն ակնհայտ է` նոր գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկին ընդառաջ:
Թեման մուխանաթ է մի շարք պատճառներով: Նախ, նույնիսկ բանտային պատերից ներս են թափանցում հանրային տիրույթի քննարկումներն այս հարցով, մասնավորապես` «մանդատ վերցնել-չվերցնելու» լույսի ներքո: Մեկ այլ պատճառ է պահանջվող ինքնաքննադատությունը, որ ակնկալվում է հատկապես խորհրդարանական ընդդիմությունից:
Խնդրին լրացուցիչ ծանրություն հաղորդում է նաև այն հանգամանքը, որ ընդդիմության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք այլ կարծիք կարդալ, լսել և քննարկել չեն սիրում:
Այսքանով հանդերձ, որպես այլևս կրկնաքաղբանտարկյալ, որպես 2018-ից ընդդիմադիր խրամատում դիրքավորված և պայքարած ուժի փոխնախագահ, որպես մտահոգ հայ և նույնիսկ կալանավայրում ընդդիմության օգտին քվեարկած անձ՝ ունեմ ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն դա անելու:
Ուստի, մի քանի դիտարկում անեմ` ինչպես ընդհանրական, այնպես էլ կոնկրետ:
1. Կոնստրուկտիվ անտագոնիզմ:
Հայաստանում քաղաքական պայքարը վերջին տարիներին ընթանում է ռադիկալ անտագոնիզմի ոճով, և սա Փաշինյանի գիտակցված ընտրությունն է (թեմային անդրադարձել եմ նախորդ հոդվածներից մեկում): Ռադիկալ անտագոնիզմը թեպետ հյուծում է բոլոր կողմերին և իրականում քայքայում է պետությունը, ժամանակավոր և տակտիկական առավելություն է տալիս իշխանություններին` պետական ռեսուրսների՝ անխոչընդոտ և կամայական տնօրինման շնորհիվ:
Երբ ռեժիմի ընտրությամբ անտագոնիզմն անխուսափելի է, ապա պետք է փորձել այն տեղափոխել պակաս դեստրուկտիվ` բովանդակային դաշտ: Հանկարծ չշփոթե՛լ. Կոնստրուկտիվ բառն այստեղ վերաբերում է ոչ թե ռեժիմի նկատմամբ դիրքավորմանը, այլ առկա պրոբլեմների: Կարճ ասած` ընդդիմությունը ցանկացած կարևոր հարցի շուրջ պետք է ունենա հստակ, ընկալելի, ազգային շահի և մասնագիտական գիտելիքի վրա խարսխված այլընտրանք:
2. Այլընտրանքային կառավարություն:
Բովանդակային այլընտրանքը կարող է գեներացնել կառավարիչների և մասնագետների այլընտրանքային թիմը: Ուստի, քաղաքագիտության մեջ հայտնի այս գործիքը դիտավորյալ չեմ անվանում «ստվերային», հատկապես, որ այդ կառույցի գործունեությունը պետք է մաքսիմալ հանրային և տեսանելի լինի: Հասկանում եմ բոլոր այն դժվարությունները, որոնք կապված են այս առաջարկի իրականացման հետ: Բայց երկու պայմանի պարագայում այն հնարավոր է դարձնել քաղաքական պայքարի կայուն, արդյունավետ և ինստիտուցիոնալ միջոց: Այդ երկու պայմաններն են` զրո ամբիցիա և 100% հետևողականություն:
3. Թիրախային պորտֆելներ:
Վերցնելով մանդատները և հայտարարելով, որ ԱԺ-ի բոլոր մեխանիզմները և լծակներն օգտագործվելու են պայքարի շարունակության համար, պետք է հաշվարկված մոտենալ ԱԺ հանձնաժողովների պաշտոնների բաշխմանը, որը կարգավորվում է Դոնթի բանաձևով: Միանգամից ասեմ, որ նախորդ ԱԺ-ում, ըստ իս, այդ ընտրությունը ճիշտ չէր կատարվել (Եվրասիական և տնտեսական հանձնաժողովները չունեին քաղաքական մեծ ռեսուրս և ռեզոնանս): Առաջարկում եմ առաջին ընտրությամբ վերցնել պետաիրավականից, ֆինանսաբյուջետայինից կամ արտաքին կապերից մեկը (ըստ ամենայնի, արտաքին կապերը կարող է հասնել ընդդիմությանը)։
Երկրորդ ընտրությամբ նախապատվությունը տալ կամ կրթության, մշակույթի և գիտության, կամ սոցիալական բլոկի մեկ այլ ոլորտով խոշոր հանձնաժողովի։ Թիրախային է դառնում նաև Եվրաինտեգրման հանձնաժողովը` հաշվի առնելով իշխանությունների «եվրոխաղերը», ինչպես նաև մարդու իրավունքների հանձնաժողովը` նկատի ունենալով այդ ոլորտի համակարգային ճգնաժամը։ Մի խոսքով, պետք է ընտրել հանձնաժողովներ, որոնց գործունեությունը, մանդատը, ոլորտները կարելի է մաքսիմալ կապիտալիզացնել ներսում և դրսում։
4. Նոր մեդիա-ռազմավարություն
Ակնհայտ է, որ քարոզչական դաշտում իշխանություններն ունեն առավելություն` թե՛ դասական, թե՛ ժամանակակից դաշտերում:
Ընդունելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ (Հ1, պետական ռեսուրսներ, ճնշումներ ընդդիմադիր մամուլի հանդեպ և այլն)`խոստովանենք, որ այս դաշտում անհրաժեշտ են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ մեթոդական փոփոխություններ։ Աներկբա է, որ առանց գրագետ, վերանայված և բազմաշերտ նոր մեդիա-ռազմավարության, պայքարի հաջողության հավանականությունը խիստ նվազում է։
5. «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն
Ստեղծված իրավիճակում Արցախի թեման նոր ԱԺ-ի ինստիտուտներում ներառելը պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ։ Երբ չի լինելու Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ձևաչափը, կարելի է նորից, ինչպես 2021-ին, փորձել ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով, թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու։ Ուստի որպես Պլան B` կարելի է հայտարարել «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն /ակումբ/շրջանակ նախաձեռնելու մասին, որի շուրջ համախմբել և աշխատեցնել համապատասխան գործիչների և կառույցների։
6. Մնալ կոկորդին
Կասկած չունեմ, որ առաջին իսկ օրերից իշխող մեծամասնությունը փորձելու է հարձակվել, փչացնել, կուլ տալ ընդդիմությանը Խորհրդարանում։ Շատ կարևոր է դիմադրել` արժանապատիվ և միասնական։ Նույնիսկ ֆիզիկական իմաստով 64։41 հարաբերակցությունը պաշտպանության համարժեք հնարավորությունների դաշտ ապահովում է, եթե ընդդիմությունը պինդ մնա և առաջնորդվի «один за всех, и все за одного» սկզբունքով։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
27.07.2026թ.
Քաղաքականություն
6 առաջարկ՝ խորհրդարանական ընդդիմությանը․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Ամենաընթերցված
Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում
Այսօր վաղ առավոտից համացանցը քննարկում է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին դաժան ծեծի...
Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․
Նիկոլ Փաշինյանի շրջապատը էլ նախկին ծակ շալվարավորները կամ դատարկ գրպանավորները չեն, որոնցով այդքա՜ն...
ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, սահմանափակումների հարցը...
Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին, ընդգծելո...
×
❮
❯