Հասարակություն

Դեբեդի հովտում կորոլյոկի հիվանդություն է տարածվել՝ ռախիտ

Դեբեդի հովտում կորոլյոկի հիվանդություն է տարածվել՝ ռախիտ

Դեբեդի հովտի այգեգործներն ասում են, որ այս տարի արքայանարնջի՝ կորոլյոկի լավ բերք է ստացվել, սակայն բերքի իրացման գործում մեծ դժվարություններ կան։ Միրգը սովորաբար եկել են, հենց տեղում հավաքել, ապա այն Ռուսաստան արտահանողներ են եղել, նաեւ Հայաստանի շուկաներում են իրացրել, իսկ այս տարի քիչ են։ Միջին չափերի կորոլյոկը գյուղացիներից ընդունում են մեկ կիլոգրամը 120-130 դրամով, խոշոր չափերի կորոլյոկը՝ 150 դրամով։ Քանի որ բերքը վատ է իրացվում, շատերն այս տարի կորոլյոկից չիր են սարքում, որը, ի դեպ, բավականին բարձր արժեք ունի շուկայում` կիլոգրամը մոտ 10 հազար դրամ, կամ օղի են թորում: Բայց ամենավատն այն է, որ այս տարի մի ուրիշ պատուհաս էլ է գյուղացիների դռանը չոքել` տարածվել է կորոլյոկի նոր հիվանդություն, որը պտղաբույծները կորոլյոկի ռախիտ են կոչում։

Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղի պտղաբույծները մեզ հայտնեցին, որ բերքի 60-70 տոկոսն այս տարի այդ հիվանդությամբ վարակված է։ Գյուղատնտեսական երկիր Հայաստանում քանի որ գյուղնախարարություն չկա, էկոնոմիկայի նախարարության կազմում այժմ գյուղատնտեսությամբ զբաղվող մի քանի վարչություն է գործում, ուստի գյուղի եւ գյուղացու հոգսով զբաղվողներ էլ չկան։ Ղազախստանից օրերս ստացված անասնակեր, անորակ ցորենի վագոնները մեծ ցնծությամբ դիմավորող էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, որ անձամբ էր եկել հասել երկաթուղային Այրում կայարան, կարող էր իրեն մի քիչ նեղություն տալ` Այրում կայարանից մոտ 15-20 կմ ճանապարհ անցնել եւ ծանոթանալ Դեղձավանի, Պտղավանի, Բագրատաշենի, Դեբեդավանի գյուղացիների հետ, զրուցել, հետաքրքրվել, թե ինչ հոգս ու ցավ ունեն, հարցնել, թե ինչով կարող է պետությունն օգնել նրանց, որ այգիներում աճեցված բերքի իրացումն ապահովվի, կամ ժամանակին կարողանան կանխել ու պայքարել կորոլյոկի նորահայտ հիվանդության դեմ։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image