Այլ

Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ

Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ

Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից.


«Սուրբ Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ, 2026 թվականի հունիսի 21-ին՝ կիրակի առավոտյան, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը կուսակրոն քահանա (աբեղա) ձեռնադրեց և օծեց դպրեվանեցի երկու բարեշնորհ սարկավագների՝ Հովհաննես Պայտունյանին և Աբրահամ Պայտունյանին՝ նրանց անվանակոչելով Տ. Նորայր աբեղա և Տ. Հրայր աբեղա։

Ձեռնադրության և օծման արարողության ավարտին Կոմիտաս արքեպիսկոպոսը հանդես եկավ օրվա խորհրդին համապատասխան քարոզով։

«Ողջույնի» պահին, Արամ Ա Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, միաբան հայրերը բարձրացան խորան և եղբայրական համբույրով ողջունեցին նորընծաներին՝ նրանց մուտքը Տիրոջ անդաստան և Կիլիկյան ուխտի միաբանական շարքեր ընդունելու առիթով։

Հայր Նորայրի լվացումը կատարեցին նրա կնքահայրությունը ստանձնած Տիգրան և Լյուսի Գարակավուրյան ամուսինները, իսկ հայր Հրայրինը՝ Ռաֆֆի և Անահիտ Քեսմեյան ամուսինները։

Տերունական աղոթքից անմիջապես առաջ տեղի ունեցավ Վեղարի օրհնության և հանձնման կարգը, որը կատարյալ հնազանդության և կրոնական ողջախոհության ուխտի խորհրդանիշն է։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, վեհարանի դահլիճում, հայր Նորայրը և հայր Հրայրը ծնկաչոք ստացան Վեհափառ Հայրապետի օրհնությունը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image