«Հրապարակի» զրուցակիցն է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը:
-Բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ Ձեր կուսակցության անդամ Արմեն Աբովյանի՝ Տարոն Չախոյանի երեխայի ծննդյան հետ կապված հրապարակային շնորհավորանքը։ Չախոյանն իշխող ուժի ապատեղեկատվության, ՊՈԱԿ-ի ֆեյքերի ղեկավարն է համարվում, ով նաև քարոզչական դաշտում ՔՊ-ական առաջամարտիկներից է, ում` Ձեր կուսակցության ղեկավարին ուղղված մեղադրանքները հսճախ անցնում են թույլատրելիի սահմանը։ Կուսակցության ներսում այս մասով որևէ քննարկում եղե՞լ է:
-Ցավոք սրտի, իշխանություններն անհամբեր սպասում են, որ ինչ-որ մեկը սայթաքի և սկսեն անընդհատ քննադատել, ասել տեսեք՝ այսպես եղավ, այնպես եղավ, նույնը լրատվամիջոցներին է վերաբերվում: Մեր կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մեր քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանն ու ընդհանրապես մեր թիմը, մարդկանց գերակշիռ մեծամասնությունը, աներևակայելի բարձր մարդկային հատկանիշներով օժտված մարդիկ են և քրիստոնեական սկզբունքներով ապրող մարդիկ են ամենակարևորը` ներողամիտ: Յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել: Նույն անձը, որի մասին հարց եք տալիս՝ Արմեն Աբովյանը, ինքը համապատասխան տեսաուղերձով այդ թեմային անդրադարձել է և կարծեք խոսքը, շնորհավորանքը այլ ենթատեսքով է ցանկացել հղել, և սխալ է ընկալվել: Ինչքանով գիտեմ, իր մեկնաբանություններին հետևելով, ուզեցել է ցույց տալ, տեսեք` ի տարբերություն ձեզ, մենք ավելի մարդասեր ենք և շնորհավորում ենք երեխայի ծննդյան կապակցությամբ, իսկ դուք ավելի ագրեսիվ եք, հատկապես որ մեր շատ ու շատ ընկերներ քաղբանտարկյալ են, ունեն ընտանիքներ, երեխաներ, որոնք որ այսօր առանց ծնողների են մնացել:
- Բայց ոմանց մոտ հակառակ տպավորությունն է ստեղծվել:
-Գուցե հակառակ տպավորություն է ստեղծվել, ինչպես ասում են՝ поезд ушел, ունենք այն, ինչ ունենք… Մարդը դրա համար ներողություն է խնդրել:
-Իսկ ձեզ մոտ այդ հարցով քննարկում եղե՞լ է:
-Մենք նման հարցերի, անկեղծ ասած, ուշադրություն չենք դարձնում… Որպես այդպիսին, ես քննարկման չեմ մասնակցել, ես չգիտեմ եղե՞լ է առանձնազրույց կուսակցության առաջնորդի հետ, չգիտեմ, ես չեմ մասնակցել:
-Ընդդիմադիր հանրույթի մի մասին մտահոգում է, որ նման միջադեպերը կարող են ազդել մասնավորապես նաև ձեր վարկանիշի վրա, որովհետև ինչպես նշեցիք, իշխանությունները ցանկացած նման սայթաքում օգտագործում են և օգտագործելու են ձեր դեմ:
-Համամիտ չեմ, որովհետև այդ հարցերը մանր հարցեր են մեր գործերի դիմաց: Մենք բերել ենք նոր քաղաքական մշակույթ, մենք տարբեր բնակավայրերում մարդկանց խնդիրներին լուծում ենք տվել և շարունակում ենք լուծումներ գտնել, մենք շարունակելու ենք նույն գործելաոճով և այս մանր խնդիրները...նման խնդիրներ անընդհատ կարող են լինել: Որևէ քաղաքական ուժ երաշխավորված չէ նման միջադեպերից, դա շատ նման է ֆուտբոլին, երբ որևէ հայտնի թիմի ֆուտբոլիստ ինքնագոլի հեղինակ դառնա և սկսեն այդ մարդուն քննադատել: Այսինքն, ամեն ինչ հնարավոր է, դա կլինի անհաջող կամ սխալ ձևակերպված խոսք, խոսքից ինչ-որ հատված կտրել, մեր թիմակիցներից էլ կան, որ խոսքը կտրել են, դատական գործ կա այդ մասով, հետևաբար ես գտնում եմ, որ նման հարցերին չարժի լուրջ վերաբերվել:
-Ձեր քաղաքական ուժը երիտասարդ քաղաքական ուժ է, ու քննարկումներ կան, որ ՔՊ-ն հույս ունի, որ ընդդիմադիրների ճամբարից, մասնավորապես նաև ձեր քաղաքական ուժից մարդկանց գրավի իր կողմը՝ սահմանադրական մեծամասնության հարցը լուծելու համար: Այս մասով մտահոգություններ կա՞ն:
-Բնության մեջ որևէ բան բացառելն անմտություն է, չի կարելի բացառել ոչինչ: Բայց վստահեցնում եմ, այո, քննարկումներ եղել են, անհատական մակարդակով մեր ղեկավարի հետ` քաղաքական: Եվ որքանով ես գիտեմ, ճանաչում եմ, ամենօրյա ռեժիմով պինդ, ոգիները տեղը, գրագետ, ողջախոհ, բանիմաց, կամքից պինդ մարդիկ են ու ես քիչ հավանականություն եմ տեսնում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև մենք անցել ենք հսկայական պայքարի ճանապարհ և այս ճանապարհին բազմաթիվ մարդիկ են մաղվել և մնացել է սերուցքը: Իհարկե, մարդիկ կան, որոնք խորհրդարանում չեն, նույնպես սերուցք են հանդիսանում և հիմա կուսակցաշինական աշխատանքներով են զբաղված, ոչ պակաս կարևոր մարդիկ կան, ովքեր խորհրդարան չեն անցել, բայց համարժեք և հավատացած եղեք` մեր թիմը շատ պինդ թիմ է, իսկ այդ պնդությունը պայմանավորված է գաղափարական հենքով: Ես իմ անունից կարող եմ խոսել, միայն գաղափարն է ինձ մղել միանալ այս քաղաքական ուժին, այն օրվանից, երբ Սամվել Կարապետյանը եկեղեցին պաշտպանելու համար կալանավորվեց՝ այդ օրվանից սկսած: Եվ հիմնականում ամբողջ թիմը, մեծամասնությունը նույն գաղափարներով են առաջնորդվում, իհարկե բացառություններ կարող են լինել, որոնց ես չեմ ճանաչում:
- Սա առաջին խորհրդարանն է, որի բացման օրը վեհափառ հայրապետը ներկա չի լինելու:
-Դա ես համարում եմ համազգային խայտառակություն, ուրիշ կերպ չեմ կարող մեկնաբանել, մեծ ցավ եմ ապրում դրա համար: Մենք պայքարը սկսել ենք եկեղեցով, շարունակում ենք եկեղեցով, այդ եկեղեցին այնքան բարձր արժեք ունի, որ մենք չենք կարող այդ թեմային չանդրադառնալ, ուղղակի ցավ եմ զգում, ուրիշ ոչինչ: Այդպես էլ պետք է լիներ, սպասելի էր:
-Մյուս խորհրդարանի առաջին նիստի օրը վեհափառը ներկա կլինի՞, Ձեր կարծիքով:
-Եթե չունենայի այդ հավատը, չէի մտնի քաղաքական պայքարի մեջ: Այո, մեծ հավատ ունեմ, որ կարճ ժամանակ անց ամեն ինչ լավ է լինելու և բնականաբար մեր Առաքելական եկեղեցին, որ ունի հազարամյա պատմություն, միշտ եղել է մեր պատմության ակունքներում, հայապահպան գործունեություն է իրականացրել, ինստիտուտ է, ոչ միայն կրոնական կազմակերպություն, հետևաբար մեր եկեղեցին ինչպես կանգուն եղել է հազարամյակներով, այնպես էլ կանգուն մնալու է: Թող որևէ մեկը չկասկածի, ժամանակավոր մարտահրավերները կգան, կանցնեն: