Այլ

Հայը դեռ անակնկալ ունի․․․

Հայը դեռ անակնկալ ունի․․․

Նարեկ Կարապետյանին չեմ ճանաչում։ Մտածում էի, որ նա Սամվել Կարապետյանի և իր հոր ստվերի տակ ծվարած գործիչ է՝ հերթական «ժառանգական ֆիգուր», որի քաղաքական կշիռը ձևավորվել է ոչ թե գաղափարով, այլ ազգանունով։ Երեկ, երբ հայտարարեց, որ Հ1-ում զրուցելու է Պետրոս Ղազարյանի հետ, գլխովս մի անհարմար միտք անցավ՝ դու՜ էիր պակաս։ Դու էլ գնա ու խայտառակիր «Մեր ձևով» շարժումը՝ մի նախաձեռնություն, որը դեռ չի հասցրել քաղաքական ինքնություն ձևավորել, բայց արդեն թիրախավորվել է իշխանական մեդիա-մեքենայի կողմից։
Խոստովանեք, որ շատերդ եք ինձ պես մտածել և սպասում էիք, որ Պետրոս Ղազարյանը, որին ես պատկերացնում եմ «հավ փետրողի դերում», նրան իջեցնելու է եռացող ջրով կաթսայի մեջ՝ հերթական անգամ ապացուցելով, որ Հանրային հեռուստատեսությունը հաճախ ավելի շատ ծառայում է իշխանական օրակարգին, քան հանրային շահին։ Գաղտնիք չէ, որ իշխանությունը Պետրոսին  տվել է եռացող ջրով լի մի խոր կաթսա, դանակ, որ մոտը եկողների «բմբուլները հանի»՝ քաղաքականապես չեզոքացնելու, վարկաբեկելու կամ հանրային աչքում մանրացնելու համար։
Բայց՝ ի զարմանս ինձ, Նարեկն  իր դրական, հանդարտ աուրայով կարողացավ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Պետրոսը, ինչի համար կոչված է ու բոլ-բոլ վարձատրվում է՝ քաղաքական ճնշման, պիտակավորման և նյարդային մանիպուլյացիաների համար, զինաթափ եղավ։ Ինչպե՞ս նա կարողացավ հաղթահարել այդ բարիերը։ Գուցե որովհետև ընտրեց ոչ թե հակամարտության, այլ արժանապատիվ ինքնավստահության լեզուն՝ այն, ինչին մեր քաղաքական դաշտում վաղուց չենք հանդիպում։

Պետրոսի հաղորդումը ես նմանեցնում եմ մի սև ճահճի, որտեղ քաշում են այլախոհներին ու ընկղմում ցեխի մեջ՝ հանրային ընկալման մեջ թուլացնելու, ոչ թե գաղափարապես վիճարկելու համար։ Թե ով ինչքանով է դիմագրավում, բայց ասեմ, որ յուրաքանչյուրից հաստատ ինչ-որ բան պակասում է՝ կամ համարձակություն, կամ սառնասրտություն, կամ ներքին անկախություն։

Պետրոսն իր ողջ իշխանական ռեսուրսով չկարողացավ Նարեկին իջեցնել այդ ցեխի մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև Նարեկը կարողացավ համոզիչ բացատրել, որ իրենք գալիս են ոչ թե հերթական քաղաքական հաշվեհարդարի, այլ համերաշխություն սերմանելու համար՝ մի գաղափար, որն այսօրվա բևեռացված Հայաստանում և  հնչում է գրեթե հեղափոխական։

Պետրոսի քաղաքական գլուխկոնձիները, ոստյունները, գլդոր-մլդոր գալը չփրկեց նրան։ նա, ինչքան էլ պատրաստվել էր քաղաքական գլուկոնձուն, հանրության առաջ թավալ տվեց ու փռվեց․․․ Այստեղ հարցը նրա փռվելը չէ, որին հաճախ ականատես ենք եղել, հարցը այլ բանի մեջ է։

Մենք չգիտենք մեր ազգի պոտենցիալը։ Մեզ թվում է, թե սպառվել է հայ ազգը, թե հանրային դիմադրությունն ու առողջ դատողությունը մարել են, բայց այն մի կետից ճառագում ու զարմացնում է՝ երբեմն ամենաանսպասելի մարդկանց միջոցով։ Հայը դեռ անակնկալ ունի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image