Քաղաքականություն

Ալեքսանդր 6-րդ Պապի բախտն ինչպե՜ս է բերել, որ Իտալիայում Ենոքավան չի եղել

Ալեքսանդր 6-րդ Պապի բախտն ինչպե՜ս է բերել, որ Իտալիայում Ենոքավան չի եղել

Ենոքավանը գյուղ է ՀՀ Տավուշի մարզում, որտեղից, որքան գիտեմ, սերում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե մեկն իրեն թույլ տա սոցցանցերին հետեւել, բավականին շատ, բայց չճշտված տեղեկատվություն կգտնի Փաշինյանի մասին, օրինակ՝ ինչ հիվանդությամբ է տառապել եւ որտեղ է մահկանացուն կնքել Նիկոլ Փաշինյանի մայրը, ով է Փաշինյանի հայրը, որի հետ ունի դիմագծերի անժխտելի նմանություն։ Մյուսները գիտեն՝ որտեղ, երբ, ինչով է զբաղվել Փաշինյանի հետ ապրող Աննա Հակոբյանը։ Չորրորդները գիտեն, թե որտեղից են Փաշինյանի հոգեկան անհավասարակշիռ պահվածքի ախտանիշները՝ նույն բառերի բազմակի կրկնություն, ցնցումներ ամբողջ մարմնով, աչքերի ոլորվող ոսպնյակներ՝ դեմքի խելագար արտահայտությամբ, ձեռքերի անկանոն շարժումներ, մե՛կ ծիծաղ, մե՛կ կատաղություն եւ այլն, եւ այլն․․․ եւ այդ ամենը՝ տեսախցիկների առջեւ։

Այդուհանդերձ, որեւէ արժանավայել անձ չի կարող իրեն թույլ տալ նմանվել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ական խառնակույտին եւ այլոց ծնողների, զավակների, ընտանիքի, անկողնու ու չգիտես էլ ինչ հարցերի մեջ խառնվել։ Չնայած Փաշինյանի պարագայում՝ նրա ծննդյան եւ կյանքի հանգամանքները տարբեր պատճառներով, հիմնականում՝ մասնագիտական, կարող են որոշակի շրջանակների հետաքրքրել, սակայն լայն հասարակությանը հետաքրքրում են, վստահաբար,  Փաշինյանի վերջաբանն ու հանրային տեսադաշտից վերանալը։ Ներկա պահին, սակայն, Փաշինյանը՝ համոթ Հայաստանի, շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը եւ զուգահեռաբար էլ հիվանդագին մտասեւեռմամբ զազրախոսել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Վեհափառ հայրապետի հասցեին, ի մասնավորի այն թեմայով, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետն ունի զավակ, թե՝ ոչ, եւ ինչ է հետեւում այն դեպքում, եթե ունի։ 
Վեհափառ հայրապետն ունի զավակ, թե ոչ, կիմանա ինքը՝ Նորին Սրբությունը։

Ամեն պարագայում, Խաթունա Ներսիսյանը, որի լուսանկարն անվերջ տարածում են ՔՊ-ականները, եւ նա, լուսանկարից դատելով, իսկապես գեղեցիկ կին է (ի հակադրություն գեղջկական, կոպիտ դիմագծերով Փաշինյանի եւ նրա դուստրերի), ապա 25 տարի առաջ էլ՝ 1999-ին, երբ կաթողիկոսական ընտրություններ էին, եւ Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին արք. Ներսիսյանը կաթողիկոսական թեկնածու էր, դարձյալ Խաթունա Ներսիսյանի անունը հոլովվում էր։ Այն ժամանակ Արարատյան թեմի աշխատակազմից առանց որեւէ խնդրի բացատրեցին, որ Խաթունա Ներսիսյանը Գարեգին սրբազանի (ներկայիս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին II Վեհափառ Հայրապետ) եղբոր դուստրն է։ Ես Արարատյան թեմի առաջնորդարան էի գնացել, սրբազանի օգնականների հետ խոսում էի, եւ դա ինձ բացատրեցին այն պատճառով, որ կաթողիկոսական ընտրություններին ընդառաջ՝ հոդված էի գրում «Առավոտի» համար։ Այդ հոդվածի համար, հիշում եմ, հանդիպեցի բոլոր կենտրոնական անձանց՝ թե՛ աշխարհիկ իշխանությունում, թե՛ հոգեւոր, ովքեր առնչվում էին 1999-ի կաթողիկոսական ընտրությանը․ Շահեն Կարամանուկյանին, որը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր, Լեւոն Մկրտչյանին, որը Կրոնի գործերով պետական խորհրդի նախագահն էր եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականը, Գարեգին արք․ Ներսիսյանին, որն Արարատյան թեմի առաջնորդն էր եւ կաթողիկոսական գահի երկու հիմնական հավակնորդներից մեկը, եւ, իհարկե՝ Ներսես արք․ Պոզապալյանին՝ կաթողիկոսական տեղապահը, գահի հիմնական հավակնորդը, եւ ինքս տարիներ ի վեր Պոզապալյան սրբազանին անձամբ ճանաչելով, խորապես հարգում էի եւ անչափ ցանկանում էի, որ հենց նա ընտրվեր կաթողիկոս։ 

Մարդիկ կարող են ցանկանալ, մարդիկ կարող են ծրագրել, սակայն իրադարձությունները միշտ էլ տնօրինում է Աստված։ Կաթողիկոսի ընտրությանը որքան էլ մարդիկ միջամտություն կամ մասնակցություն ունենան, վերջնահաշվում Աստված է տնօրինում, թե ով դառնա կաթողիկոսական գահակալ։ 1999-ին Աստծո կամքը եւ տնօրինությունն էր, որ Թադեէ Աթոռին, Գրիգոր Լուսավորչի գահին բարձրանա Գարեգին արք․ Ներսիսյանը եւ օծվի իբրեւ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Հետեւաբար՝ եղիցի կամքն Աստծո։ Ինչպես Աստծո կամքը, օրհնությունն ու պաշտպանությունն ուղեկցել են Գարեգին II Վեհափառին նախորդ 25 տարիներին, այնպես էլ թող հովանի եւ ուղեկից լինեն հաջորդ 25 տարիներին։ 

 

Ալեքսանդր 6-րդ պապը, Չեզարե Բորջիան եւ Հիսուսի պատկերը

Ես խիստ անհավանական եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա գեղջկական, տխմար, տգետ հարցադրումները՝ Վեհափառի անձնական կյանքի, զավակներ ունենալ-չունենալու մասին, Մայր Աթոռում որեւէ ուշադրության կամ պատասխանի արժանացնեն։ Սակայն ավելի էական է այն հարցը, թե զավակ կամ նույնիսկ զավակներ ունենալը կարո՞ղ է ստվեր նետել Վեհափառ հայրապետի անձի կամ գահակալության վրա։ Իրավական-կանոնական առումով նման հարց կարող է քննարկվել երեւի միայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում՝ ամեն պարագայում, դրանից ցածր որեւէ եկեղեցական մակարդակում չի կարող, աշխարհիկ կառույցներում առհասարակ չի կարող։ Սակայն մարդկության, եկեղեցու եւ քրիստոնեության պատմությանը նայելով՝ զավակի, զավակների գոյությունը երբեւէ առանձնապես խոչընդոտ չի եղել ո՛չ Հռոմի սրբազան քահանայապետերի, ո՛չ էլ այլ պատրիարքների, կաթողիկոսների գահակալության համար։ 

Հռոմի սրբազան քահանայապետերի պարագան, ընդսմին, առանձնակի հետաքրքիր է։ Ոչ այն պատճառով, որ հատկապես միջնադարում, երբ ողջ Արեւմտյան Եվրոպան գոնե անվանապես Հռոմի Սրբազան կայսրության կազմում էր, երբ ինկվիզիցիայի դատարաններից մինչեւ խաչակրաց արշավանքներ ամենայն ինչ Հռոմի պապերին էր առնչվում, Հռոմի պապերը, ամենքին տեսանելի լինելով հանդերձ, զավակներ էին ունենում՝ առանց իրենց գահակալության համար որեւէ սպառնալիքի։ Հռոմի պապերի անթաքույց զավակներ ունենալու պարագան հետաքրքիր է այն պատճառով, որ կաթոլիկ եկեղեցում առհասարակ գյություն չունի ամուսնացյալ հոգեւորականի կարգ, այնտեղ հոգեւոր ծառայության ցանկացած աստիճանում կուսակրոնության դրվածք է գործում։ Որեւէ կաթոլիկ հոգեւորական չի կարող ամուսնացյալ լինել կամ զավակ ունենալ՝ ըստ կանոնի։ Սակայն Հռոմի պապերն անթաքույց զավակներ ունենում էին։ Բազմաթիվ կարդինալներ՝ նույնպես։ 

Ամենից հայտնի ու հետաքրքիր դեպքը, ըստ իս, կապված է Հռոմի Ալեքսանդր (Ալեխանդրո) 6-րդ պապի հետ, որը ցայսօր հիշվում է հատկապես Չեզարե Բորջիայի հայրը լինելու համար։ Ալեքսանդր 6-րդ պապն իսպանացի ազնվական էր` Roderic Llancol i de Borja, ծնվել է 1431-ին, Վալենսիայում, եկեղեցական ծառայությունը սկսել է պատանեկան հասակից՝ Արագոնի կարդինալի հովանավորությամբ, որն իր մորեղբայրն էր։ Հետո տեղափոխվել է Իտալիա, իրավունք ուսանել Բոլոնիայում, հասել իրավագիտության դոկտորի կոչման։ Մորեղբոր՝ Արագոնի կարդինալ Alfons de Borja-ի՝ Հռոմի պապ ընտրվելուց հետո Roderic de Borja-ն վերստին ակտիվացել է եկեղեցական գործերում, շատ չանցած՝ կարդինալ է ձեռնադրվել եւ սրընթաց բարձրացել Վատիկանի հիերարխիայով։ 1470-ականներին կարդինալ Roderico de Borgia-ն, ինչպես նրան Իտալիայում էին կոչում, բացահայտ եւ երկարատեւ սիրավեպ է սկսել Հռոմի ազնվական ընտանիքներից սերող մի կնոջ հետ։ Այդ սիրային կապից չորս զավակ է ծնվել, այդ թվում՝ Չեզարե Բորջիան (Cesare Borgia)՝ 1475-ին։ 1492-ին կարդինալ Բորջիան ընտրվել է Հռոմի պապ՝ վերցնելով Ալեքսանդր 6-րդ անունը։ Ալեքսանդր 6-րդ պապը մահացել է 1503-ին՝ 72 տարեկան հասակում։  

Չեզարե Բորջիան ապրել է շատ ավելի կարճ, քան իր հայրը, ընդամենը 31-32 տարի։ Ընդսմին, հայրը նրան տարել է կրոնական ծառայության ուղիով, մինչեւ իսկ կարդինալ է ձեռնադրել, բայց Չեզարեն հրաժարվել է կրոնական տիտղոսներից, ծառայությունից, ընտրել է ռազմական կարիերան (1500-ին ստանձնել է Պապական զորքերի հրամանատարությունը)։ Իր ռազմաքաղաքական դերակատարությամբ, ծրագրերով, ծավալած արշավներով Չեզարեն դարձել է իր ժամանակի երեւի ամենավառ անհատականությունն Իտալիայում։ Նիկոլո Մաքիավելիի Il Principe («Տիրակալը») գործը հենց Չեզարե Բորջիայի մասին է։ 

Մաքիավելին շուրջ երկու տարի եղել է Չեզարե Բորջիայի պալատում՝ 1500-ականներին, երբ Չեզարե Բորջիայի պալատում էր ծառայում նաեւ Լեոնարդո դա Վինչին՝ որպես ռազմական ինժեներ եւ ճարտարապետ։ Ահա, այս ժամանակ էլ կատարվում է ամենից հետաքրքիրը, ինչն անմահացնում է Չեզարե Բորջիայի անունը եւ դիմագծերը ժամանակի մեջ։ Ալեքսանդր 6-րդը, ի թիվս պապական իշխանության մի շարք կարեւոր կանոնակարգումների, իտալական ինքնավար «հանրապետություններին» պապական իշխանության ուղեծիր բերելու եւ այլն, նաեւ որոշում է, որ Հիսուսը չի կարող պատկերվել, մարդկանց գիտակցության մեջ ասոցացվել սեմական դիմագծերի հետ (ինչպիսին ունեն հրեաները, արաբները, ասորիները): Հիսուսը պետք է պատկերվի Նոյի Հաբեթ որդուց սերված ժողովուրդների արտաքինով, սպիտակամորթ։ Եվ քանի որ այդ ժամանակ գրեթե ամենքը կարծում էին, որ Չեզարե Բորջիան ամենագեղեցիկ տղամարդն է Իտալիայում, որոշվում է, որ հենց Չեզարե Բորջիայի դիմագծերը դրվեն Հիսուսի դիմապատկերի հիմքում։ Ըստ մի վարկածի, Ալեքսանդր 6-րդ պապն է մտահղացել, որ Հիսուսի դիմապատկերի բնորդը լինի իր որդին՝ Չեզարեն, եւ Դա Վինչին գաղափարին հավանություն է տվել։ Ըստ այլ վարկածի՝ Դա Վինչին է հուշել որ Հիսուսի լավագույն բնորդը կլինի Չեզարեն։ Արդյունքում, Ալեքսանդր 6-րդ պապի մտահղացմամբ, թե Լեոնարդո դա Վինչիի հուշումով, վերջնահաշվում Հիսուսը պատկերվում է Չեզարե Բորջիայի դիմագծերով, եւ 500 տարի դա Հիսուսի ամենահայտնի, ամենատարածված, թերեւս նաեւ ամենասիրված սրբապատկերն է աշխարհում։ 

Այժմ ի՞նչ՝ համարենք, որ Ալեքսանդր 6-րդ պապի բախտը մեծապես բերե՞լ է, որ Իտալիայում չի եղել կորած-մոլորված Ենոքավան գյուղ, որ այդտեղից սերված ոմն հիվանդ ու տգետ դուրսպրծուկ պապի օրինական կամ անօրինական զավակների թեմային խառնվեր։ Թե՞ գիտակցենք, որ այդ՝ Նիկոլ Փաշինյանի բախտն է բերել, որ Վերածննդի ժամանակների Իտալիայում չի ծնվել, այլապես իր տգետ ու բանսարկու էության, լպիրշ հարցադրումների համար կարող էր ինկվիզիցիայի խարույկի վրա այրվել։  

Իսկ, ընդհանրապես՝ Փաշինյանն իր ողջ էությամբ, աշխարհընկալումով, մտածողությամբ հուդայականության-մահմեդականության մակարդակում է, ոչ թե քրիստոնեության։ Նա չգիտի, որ հուդայական-մահմեդականների համար է դրվածքը վեր մարդուց, քրիստոնյաների համար՝ «Շաբաթն է մարդու համար, ոչ թե մարդը՝ շաբաթի»։ Այս մասին՝ հաջորդիվ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image