Հասարակություն

Լիլիան Գալստյանը վաղվանից կարող է մտնել ԱԺ

Լիլիան Գալստյանը վաղվանից կարող է մտնել ԱԺ

Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը, որը օգոստոսի 5-ից ԱԺ աշխատակազմի որոշմամբ իրավունք չուներ մուտք գործել խորհրդարանի վարչական շենք, վաղվանից կարող է լուսաբանել ԱԺ աշխատանքները։

«Ինձ նոր զանգահարեցին խմբագրությունից և հայտնեցին, որ վաղվանից կարող եմ գնալ ԱԺ»,-«Հրապարակին» ասաց Լիլիան Գալստյանը։ Կայքի փաստաբան Իրմա Ճաղարյանն էլ  «Հրապարակին» հայտնեց, որ ի պատասխան իր գրության, որ Լիլիան Գալստյանի նկատմամբ որոշման համար ԱԺ-ն նման իրավասություն չունի, այսօր ստացել են պատասխան գրություն՝ առանց որևէ հիմնավորումների։ «Ասելով, որ թույլատրվում է մուտք գործել ԱԺ տարածք, այդ թվում՝ օգոստոսի 17-ին կայանալիք նիստին»,- նշեց փաստաբանը։

Ի դեպ, ըստ նրա, արգելքը վերաբերել է 7-րդ նստաշրջանի վերջին նիստերին, քանի որ 8-րդի համար լրագրողների հավատարմագրումը սեպտեմբեր ամսին է։

Panorama.am-ը գրել էր, որ երբ արգելվեց Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ, խմբագրությունը հարցեր է ուղղել ութերորդ գումարման ԱԺ-ում հսկիչ անցագրային կետերի թվի, դրանց տեղակայման վայրի մասին։

Քանի որ լուսանկարիչը ո՛չ Բաղրամյան պողոտայի, ո՛չ Դեմիրճյան փողոցի անցակետերում որևէ լուսանկարում չէր իրականացրել, ու ԶԼՄ-ներն էլ տեսանկարահանել ու լուսանկարել էին պահպանության ծառայության աշխատակիցների դեմքերը, Panorama.am-ն ԱԺ-ին հարցեր է ուղղել հնարավոր նոր անցագրային կետերի ու դրանց տեղակայման վայրերի մասին, որպեսզի հետագայում այդ հատվածներում չլուսանկարի։
 
Ի պատասխան` ԱԺ-ից ասացին. «ԱԺ տարածքի անցագրային կետերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։
 
Ի դեպ, ԱԺ-ում անվտանգության աննախադեպ միջոցառումները հաշվի առնելով, հարց ուղղեցինք, թե քանի աշխատակից է նիստերի օրերին ծառայություն իրականացնում ԱԺ-ում։ Այս հարցն էլ անպատասխան են թողել։

Ներկայացվել են ԱԺ աշխատակազմին ուղղված Panorama.am-ի հարցերն ու դրանց պատասխանները.

1. 8-րդ գումարման խորհրդարանի տարածքում քանի՞ հսկիչ անցագրային կետ կա։ ԱԺ նստավայրի տարածքի ու շենքի ո՞ր հատվածներում են տեղակայված դրանք։
2. 7-րդ գումարման ԱԺ-ում քանի՞ հսկիչ անցագրային կետ է եղել։ Ո՞ր տարածքներում էին տեղակայված դրանք։
3. Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանն օգոստոսի 4-ին ո՞ր հսկիչ անցագրային կետում է խախտել ԱԺ նախագահի որոշման պահանջները։
4. 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի յուրաքանչյուր նիստի օր պահպանության ծառայության քանի՞ աշխատակից է ծառայություն անցկացնում ԱԺ տարածքում և բակում։
5. Այն օրերին, երբ նիստեր չկան, ԱԺ տարածքում պահպանության ծառայություն իրականացնողները քանի՞սն են։
6. Ինչո՞վ է պայմանավորված նման թվով աշխատակիցների ներկայությունն ու ծառայությունն ԱԺ-ում։
7. Օգոստոսի 2-4-ը ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքներն ինչպիսի՞ն են։ Ի՞նչ վտանգավոր առարկաներ են հայտնաբերվել պատգամավորների մոտ։
8. ԱԺ տարածքում և շենքում լրագրողների գործունեության սահմանափակումներն ինչո՞վ են պայմանավորված։
9. Ինչո՞ւ նոր սահմանափակումների մասին իրազեկումներ չկան ԱԺ տարածքում և շենքում, ինչո՞ւ դրանք չեն ուղարկվել ԶԼՄ-ների խմբագրություններ:
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին աշխատակազմը ծանուցում էր ուղարկել կայքի խմբագրություն` հայտնելով, որ վերջինս խախտել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները» և լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս: ԱԺ աշխատակազմի գրության համաձայն` Լիլիան Գալստյանը խորհրդարանի առաջին նստաշրջանում ԱԺ մուտք գործել չէր կարող, սակայն կարող էր դիմել ԱԺ աշխատակազմին` հավատարմագրվելու 2-րդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար:

Հիշեցնենք նաև, որ 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկին փոխվեցին ԱԺ վարչական շենքում գործող անվտանգության կանոնները, և դրա  հետևանքով խորհրդարանում աշխատող լրագրողները չեն կարողանում ազատ տեղաշարժվել, քանի որ, ըստ այդ որոշման, հատուկ վերահսկելի գոտի են համարվում Ազգային ժողովի նիստերի դահլիճը, Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը, Ազգային ժողովի նախագահի ընդունարանը, Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո: Առանց համապատասխան զննման մուտքը հատուկ վերահսկելի գոտի թույլատրվում է միայն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ:

Աշխատանքային գոտի է համարվում Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Ազգային ժողովի խմբակցությունների աշխատասենյակների տարածքը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image