Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը արձագանքեց իրենց հասցեին հնչող մեղադրանքներին՝ կապված անկարգություններ կազմակերպելու թեմայի հետ։
Նա հայտարարեց, որ ընդդիմությունը երբևէ բռնության կոչեր չի արել և հիշեցրեց նախկինում հնչեցված հայտարարությունները, որոնցում, ըստ նրա, արդարացվում էին ոստիկանների նկատմամբ հարձակումներն ու բախումները։ Իր ելույթի ընթացքում Դանիելյանը միացրեց նաև Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող ձայնագրություն։
Պատգամավորը անդրադարձավ նաև «Սրբազան պայքարի» գործին՝ պնդելով, որ ներկայացված նյութերը զրպարտություն են և կազմված են համատեքստից դուրս բերված ձայնագրություններից։ Նրա խոսքով՝ հրապարակված ձայնագրությունների մի զգալի հատված հստակ լսելի չէ, սակայն, այդուհանդերձ, դրանք ներկայացվում են որպես ամբողջական և հավաստի ապացույցներ։
Դանիելյանը նաև քննադատեց իշխանություններին՝ նշելով, որ նրանք տարիներ շարունակ խոսել են Մարտի 1-ի դեպքերի բացահայտման մասին, սակայն այդպես էլ ամբողջությամբ չեն բացահայտել գործը, թեև արդեն երկար ժամանակ է իշխանության են։
«Մոռացե՞լ եք, թե ով էր ասում՝ հոգիս փառավորվում է, որ ոստիկաններին հարվածում են»,- նշել է նա: