Սովորաբար մտածող մարդը (հատկապես վերջինիս մեծ կոչված տեսակը) ինչ-որ փառասիրական մի բնազդով կամ առավել կատարյալ մի բանով միտքն զբաղեցնելով՝ այդպիսով իսկ կատարյալ դառնալու ենթագիտակցական ցանկությամբ, աշխատում է խորհել բարձրակարգ բաների մասին։ Փիլիսոփաները նույնիսկ հեռանում են երկրային ատրիբուտիկայից եւ աշխարհը քննում «ազնվազարմ», վերացական եզրաբանություններով։
Իսկ իմ միտքը հանկարծ զբաղեցրեց՝ նույնիսկ անհարմար եմ զգում հիմա ասել՝ մի կենդանի-ամենահալածվածը, ամենաարհամարհվածը, ամենածաղրվածը, հավանաբար արդեն հասկացաք՝ ավանակը․․․ Ես հիմա ուզում եմ մտքերս կիսել ձեզ հետ, քննելով, այսպես կոչված՝ էշի ֆենոմենը․․․
Դեռ իմ մանկության ժամանակներում, երբ էշը․․․ ֆենոմեն չէր, այլ մեր հարեւան Բուլղար պապի դաժանությունների զոհը (ծեծ, չափից դուրս անխնա շահագործում եւ այլն), ինձ գրավում էր այդ կենդանու աչքերի անսահման տխրությունը - եւ ո՞վ կասի, թե դա էշ է՝ անխելքության մարմնացում․․․ Ո՜չ, այդ կենդանու աչքերի տխրությունն ասում է, որ այն լա՜վ էլ հասկանում է աշխարհի բանը, լա՜վ էլ հասկանում ու․․․ խորհում է իր ճակատագրի մասին։ Այդ մե՛նք ենք մեզ․․․ էշի տեղ դնում՝ այդ խեղճ կենդանուն էշ անվանելով՝ բառիս բացասական իմաստով, իհարկե․․․
Իմ ճանաչած առաջին էշը՝ Բուլղար պապի էշը, հիշում եմ, որ մի արտառոց «շնորհք» էլ ուներ, ասում էին, որ այդ էշի զռռոցները ճիշտ համընկնում են կլոր ժամերի հետ՝ այնպես, որ այդ զռռոցներով կարելի էր ժամացույց ուղղել․․․ Մեր համագյուղացիներն էին ասում, ես շա՜տ գիտեմ․․․
Հիմա անցնենք, այսպես կոչված, էշի ֆենոմենին։ Այդ կենդանին հետաքրքիր է (քիչ էր մնում ասեի՝ հետաքրքիր սուբյեկտ է), օրինակ, հենց նրանով, որ միակ կենդանին է անվան մեկից ավելի հոմանիշների թվով - ավանակ, էշ, գրաստ, եւ դեռ էլի հոմանիշներ կարող են լինել․․․ Դա խոսում է այն մասին, որ իրերը բառով ձեւակերպող մարդը դժվարությամբ է ներթափանցել, ո՞նց ասենք, էշի էության խորքերը ու մի քանի տարբերակ է ստեղծել՝ այդ կենդանուն անուն տալու համար։
Էշը, անվիճելիորեն, ընտանի կենդանիներից ամենադիմացկունն է, իր զանգվածի համեմատ՝ ամենաբարձր բեռնատարողություն ունեցողը, խնամքի առումով՝ մասնավորապես կերի, ամենասակավապետը եւ․․․ ամենահնազանդը (մի հատկություն, որ թյուրիմացաբար տեղիք է տվել ամենաանխելք կենդանին անվանվելու)։ Կարիք չունենալով էշի տխուր, ասել է թե՝ մտածող աչքերի մասին նորից հիշեցնելու, ասենք, որ ունենք էշի անխելքության մասին հերյուրանքը ժխտող մի հզոր կռվան եւս։ Դա այն է, որ, ըստ ավանդության, հին ժամանակներում էշը մասնակցել է մարդու ինժեներական աշխատանքներին։ Էշն ամենաօպտիմալ ուղին ընտրելու «ոսկե» բնազդն ունի - եւ ճանապարհաշինական աշխատանքներ կատարելիս հնում էշի վրա 2 (կամ մեկ՝ իր հակակշռով) կարաս կամ տիկ են կապել՝ կրաջրով լի, որի ստորին փոքր անցքից կրաջուրը ծորացել է ու էշի «կամավոր», ազատ ընթացքի․․․ ընթացքում նշել կառուցվելիք ճանապարհի ամենանախընտրելի ուղղությունը։ Այդպիսով, էշը ոչ միայն․․․ ուղղամիտ է (մարդու ըմբռնմամբ` անխելքությունը նաեւ ուղղամտություն է նշանակում), այլեւ՝ ուղղագնաց․․․
Ես համառորեն պնդում եմ էշի խելացիության, առնվազն՝ որոշ բանականության օգտին, թեեւ շատ ընդդիմախոսներ կունենամ։ Ինձ ընդոստ կառարկեր նաեւ մեր համագյուղացի Մանյակ մորաքույրը, ով դաժան կարծիք ունենալով իր ավանակի մասին՝ անունը դրել էր Ախմախ․․․ Եթե գյուղամիջում էշը հանկարծ փորձեր ուտել գետնին ընկած լրագրի կտորը, բղավում էր․ «Ախմա՜խ, էդ ե՞րբ տառաճանաչ դարձար․․․»։ Կամ՝ մի անգամ երբ էշը շեղվեց ու չենթարկվելով գնաց դեպի կոլտնտեսության գրասենյակ, Մանյակ մորաքույրը գոռաց․ «Ախմա՜խ, էդ ո՞ւր ես գնում, էդտեղ քո նման քի՞չ անգրագետ կա, որ դու էլ ես գնում․․․»։
Սա խնդրում եմ ընդունել որպես մի թեթեւակի քնարական, նոստալգիկ շեղում իմ հետազոտության շարադրանքի մեջ։
Մի քիչ ավելի ինտիմ ոլորտներ մտնելով՝ ասենք, որ էշը միակ ընտանի կենդանին է, որ խառնածիններ է տալիս։ Դիցուք՝ ջորին, որ ձիու եւ էշի խառնածինն է։ Որքանով է ճշմարիտ՝ չգիտեմ, բայց ես լսել եմ մեր գյուղի մեծերից, որ էշը նաեւ միակ կենդանին է, որ գայլին չի դիմադրում, հեշտ զոհ է գնում։ Գայլը՝ ըստ այդ պատմությունների, մոտենում է էշին, սկսում է խաղալ հետը (էշը պատրաստակամ մասնակցում է խաղին), այնուհետեւ, երբ գայլն անցնում է հոշոտելուն, էշը գրեթե տեղից չի շարժվում։ Էշի այս հատկությունը (ես կասեի՝ էշությունը) անբացատրելի է մնացել ինձ համար ու թեեւ հակասում է էշի խելացիության մասին նախորդ շարադրանքում բերված թեզին, հարկ համարեցինք քննության առնել՝ գիտական բարեխղճությունից դրդված․․․ Ի՞նչ է կատարվում էշի ներաշխարհում այդ պահին՝ դժվար է ասել․․․ Գուցե գայլն ինչ-որ միստիկ մի հնարքով խեղճ կենդանուն գցո՞ւմ է այդ վիճակի մեջ․․․ Չգիտեմ։ Նման բաներ լինում են։ Օրինակ, ժամանակին ինձ շատ էր հետաքրքրում այս հարցը։ Պատմում էին դեպքերի մասին, երբ առնետը մարդկային քիթ, ականջ է կրծել, ու հարց էր առաջանում, թե ինչպես է լինում, որ առնետի քնած զոհն այդ պահին ցավից չի արթնանում․․․ Հետո պարզվեց (իմացա), որ առնետը կրծելու ընթացքում իր թքով անզգայացնող հեղուկ է ներարկում զոհի վերքի մեջ։ Ներողություն եմ խնդրում, եթե այս դաժան պատկերի ներմուծմամբ անհարկի փչացրեցի իմ այս տարօրինակ էսսեի թողած ռոմանտիկ տպավորությունը․․․
Գրաբար, հին տեքստերում հանդիպել է էշի «մոխրաթավալ» անվանումը (էշի անվան մի հոմանիշ եւս, ահավասիկ), ասել կուզի՝ այս կենդանին հակում, սեր ունի մոխրի մեջ թավալ տալու, եթե մոխիր է հանդիպում։ Ես այս մասին գործնական ապացույցներ չունեմ, Բուլղար պապի էշի կատարմամբ է՛լ նման բաներ չեմ տեսել իմ մանկության օրերին։ Եթե դա ճիշտ է, ապա հեռուն տանող ենթադրությունների պիտի գնանք՝ ուզենք, թե չուզենք․․․ Արդյոք դա չի՞ խոսում այս՝ ինչ խոսք, առեղծվածային կենդանու հեթանոսական, մասնավորապես՝ կրակապաշտական հակումների ու նախասկզբի մասին։ Այս առումով, էշը կարող էր որոշ ժողովուրդների տոտեմը լինել։ Մոխրի մեջ թավալ տալ սիրելու հանգամանքն այս կենդանուն պատմության առասպելական հեռուներն է տանում՝ ընդհուպ մինչեւ փյունիկ թռչունի հայտնի պատմությունը․․․
Կամ ՝ ինչո՞վ բացատրել էշի կաթի բուժիչ հատկությունը, մասնավորապես, երեխաների կապույտ հազը բուժելու։ Դրա օգուտը ես տեսել եմ մանուկ ժամանակ, երբ հովեկ մի տիկին իր երեխաների կապույտ հազը բուժելու համար ամեն օր գալիս, տանում էր մեր էշի կաթը, իմ ու եղբորս համար բերելով հրաշալի՜ կոնֆետներ․․․
Իհարկե, էշի ֆենոմենը կարոտ է բազմակողմանի, խորը ուսումնասիրության։ Իմ կարողության սահմաններում ես ինչ-որ բան արեցի, այնուամենայնիվ՝ հետագա ուսումնասիրողների համար որոշ տեսական նախադրյալներ ստեղծելով, եթե, իհարկե, չափից ավելի հավակնոտություն չկա իմ խոսքում․․․
Զավեն ԲԵԿՅԱՆ