Քաղաքականություն

Հայաստանի ղեկավարը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ այլ տարբերակ չկա

Հայաստանի ղեկավարը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ այլ տարբերակ չկա

Երկու ամիս է Արցախը շրջափակված է։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չի մոռացել խնդիրն ու շատ կարևորում է արցախյան հիմնախնդրի լուծումը։ Երկար տարիներ աշխատելով Ազգային անվտանգության ծառայությունում՝ ես միշտ ասել եմ, որ ինձ համար կարևոր է մեր մեծ հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանվածությունը, ուստի այսօր այս իրավիճակում չեմ կարող չանդրադառնալ այս հարցին ու չխոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին քիչ առաջ Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ցավոք ես այսօր նկատում եմ, որ իրոք վստահության պակաս կա։ Պակաս մեր ուժերի նկատմամբ, գրեթե չկա վստահություն որոշում կայացողների նկատմամբ, կա մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել ամենասարսափելին արցախյան պատմության մեջ։ Ցավոք այսօր իրավիճակն ավելի վատ է, քան հեռավոր 90-ականներին, Արցախը շրջափակված է, Ադրբեջանն ամեն օր մտածում է մի նոր բան անել արցախահայությանը հուսալքելու, հիասթափեցնելու համար, և ցավոք սրտի, տեղ-տեղ նրանց հաջողվում է, քանի որ, նորից եմ կրկնում, չկա միասնականություն, համախմբվածություն, վստահություն հատկապես որոշումներ կայացնողների նկատմամբ։ Մեկ բռունցք դառնալու փոխարեն այսօր տեսնում ենք, թե ինչպես են մեր ժողովրդին պառակտում յուրայինների ու հակառակորդների, սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, ռուսամետների ու արևմտամետների ու դրա արդյունքում չենք կարողանում ստեղծել այն ուժը, որը կկարողանա պայքարել այս դժվար իրավիճակում։ Կասկած չկա, որ այս վիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է ու նրա վարած քաղաքականությունը։ Իրականում հենց այդ քաղաքականությունը բերեց այն բանին, որ Հայաստանի փաստացի ղեկավարը խաղաղություն է մուրում ու փորձում է մեր ժողովրդին համոզել, որ ուղղակի այլ տարբերակ չկա։ Գիտե՞ք, խաղաղության օրակարգին դեմ խոսելն անլրջություն է, որևէ նորմալ մարդ չի կարող խոսել այդ օրակարգի դեմ, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, թե ի՞նչ գին ենք վճարելու դրա դիմաց, քանի որ այդ գինը վճարելու են ոչ թե այսօրվա կառավարիչները, այսօրվա իշխանությունները, այլ մենք բոլորս՝ հայ ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը»,-հավելեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image