Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պատերազմում ծանր վիրավորված Ջալալ Հարությունյանին երեկ նշանակեցին ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Մարդիկ ենթադրեցին, որ պաշտոն տվեցին, որ նա էլ լռի։ Ի՞նչ է մտածում այս նշանակման մասին, հարցրինք ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։ «Ես առաջին հերթին մարդկային առումով, և որպես նախկին իմ ծառայակից, արժանիքները հաշվի առնելով՝ նորմալ եմ համարում, որովհետև Ջալալը մեր զինված ուժերի գրագետ, բանիմաց սպաներից մեկն է, նրա նշանակումը դիտարկում եմ զինված ուժերի կադրային քաղաքականության շրջանակներում»,-ասաց նա։
- Իսկ քաղաքական իմաստով ինչպե՞ս եք գնահատում։
- Ի՞նչ նկատի ունեք։
- Այն, որ շատերը սպասում էին, որ Ջալալ Հարությունյանն ապաքինվելուց հետո շատ բան կունենա պատմելու պատերազմում թույլ տրված սխալների մասին, գուցե բարձր պաշտոնով լռեցնո՞մ են նրան։
- Դե, էդ հարցերը պետք է տալ արդեն Ջալալին, ես իրենց էսօրվա հարաբերություններին ղեկավարության հետ չեմ տիրապետում, չեմ կարող ասել։
- Նույն կերպ Ձեզ էլ կարող էին առաջարկել պաշտոն, որպեսզի լռեիք, չբարձրաձայնեիք խնդիրների մասին, բայց Դուք խոսում եք, չեք լռում։
- Դուք չպետք է մոռանաք, որ ես արդեն 4 տարի է՝ որևիցե պետական պաշտոնի չեմ, և դեռևս 2016-ի հոկտեմբեր ամսին եմ մերժել բոլոր այն առաջարկությունները, երբ որ ինձ կառավարության կազմում չէին ընդգրկել՝ Անվտանգության խորհրդի քարտուղար և այլ բարձր պաշտոններ, այսինքն՝ ես այն անձնավորություններից եմ, որը փոփոխությունների կողմնակից է և փոփոխություններն են զարգացման հիմք հանդիսանում։ Ե՛ւ 2016 թվականին եմ դրա կողմնակիցը եղել, և՛, առավել ևս, այսօրվա այս, կարելի է ասել, ողբերգական ու նաև խայտառակ պարտությունից հետո։
- Այդ դեպքում ի՞նչը կարող էր ստիպել, որ Ջալալ Հարությունյանը համաձայներ։
- Դե, Ջալալ Հարությունյանը բանակի գործող գեներալ է, չեմ կարծում, թե գործող բանակի գեներալները պետք է քաղաքականությունից զերծ լինեն և, միևնույն ժամանակ, ինքնուրույն որոշումներ կայացնեն։ Ինքն ունի իր գնահատականը, ես իրեն՝ որպես անձնավորություն, հարգում եմ, և էդ հարցերը պետք է իրեն ուղղեք։
- Ստացվում է, որ բոլոր կարևոր ֆիգուրները, որոնք պատերազմի մասին կարող էին շատ բան ասել, այս ձևով մեկուսացվում են, որ չխոսեն։
- Դե, գիտե՞ք, պետք է հարց տալ՝ իսկ Ջալալը խոսելու բան ունի՞, էդ հարցերը պետք է տալ Ջալալին։ Ջալալն ունի իր վերլուծությունները, իր մեկնաբանությունները, և իր գնահատականի արդյունքում է իր ճակատագրին վերաբերող որոշումներ ընդունում։