Հասարակություն

Մի «կտոր երշիկով» փոխանակել սեփական Երկիրը և Հայրենիքը

Մի «կտոր երշիկով» փոխանակել սեփական Երկիրը և Հայրենիքը

Հայաստանը հիմա փաստացի գտնվում է «դասակարգային» պայքարի մեջ, բայց ոչ թե հարուստների ու աղքատների պայքար է դա, այլ ամեն ինչ շատ ավելի բարդ ու խորքային է։ Մենք հայերս սովոր ենք մեզ «ուրիշ» համարել և, չգիտես ինչու, վստահ ենք, որ այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, իր մեջ կրում է «եզակիության կնիքը»։ Դա այդպես չէ: Բոլոր հասարակական կազմավորումները, ժողովուրդները, ազգերը, երկրները անցել են այս ճանապարհը և բախվել են նույն երկընտրանքի հետ: 

Բավական է հիշել ֆրանսիացի կլոշարներին, ռուս հեղափոխականներին, չինացի խունվեյբիններին և պարզ կդառնա, որ մենք ոչ առաջին ենք ոչ էլ վերջինը այդ գործընթացների գեներացման մեջ։ Ըստ էության, ունենք մի իրավիճակ երբ մեզ համոզում են փոխանակել մեր երկիրը, մեր հայրենակիցների կյանքը շինծու խաղաղության և հարաբերական բարեկեցության հետ։ Հիմա Հայաստանում իշխանության են մարդիկ, ովքեր մարմնավորում են պետական առաջնահերթությունների և խնդիրների ձևավորման «ստամոքսային» մոտեցումը։ Այսինքն՝ մեզ այժմ որոշակի ընտրություն է առաջարկվում, պայմանական «խաղաղության, սննդի, խմիչքի, բարեկեցության, իբր սոցիալական արդարության» և հայ ժողովրդի որոշակի հատվածի (արցախցիների) կյանքի, Հայրենիքի և սեփական պետականություն ունենալու իրավունքի միջեւ։ 

Մի խոսքով, փոխանակել մի «կտոր երշիկով» մեր իրավունքը` ունենալ սեփական Երկիր և Հայրենիք։ Միանգամայն բնական է, որ այս «ստամոքսային» մոտեցումն արձագանք է գտնում հասարակության որոշակի հատվածի մոտ՝ չնայած Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության կողմից այս գաղափարախոսության տոտալ մերժմանը։ Սակայն նույն հայկական իշխանությունը միտումնավոր մոռանում է ընդգծել, որ պատմությունը, քաղաքականությունը, սոցիոլոգիան ոչ մի օրինակ չգիտեն, երբ կյանքի է կոչվել «բարեկեցություն, խաղաղություն` «Հայրենիքի դիմաց» սկզբունքը: 

Ընդհակառակը, միայն սեփական էթնո-քաղաքական միավորի (ազգային հիմունքների վրա կառուցված պետության) առկայությունը կարող է երաշխավորել, որ ոչ ոք երբեք չի գա և չի որոշի քեզ սովամահ անել, վտարել կամ սպանել։ 
Այսինքն ՝ ունենք բացարձակ աննորմալ իրավիճակ, երբ իշխանությունը խաղաղության ու բարեկեցության կարգախոսների ներքո, փաստորեն, մահ, կորուստներ ու ավերածություններ է գեներացնում։

Ընդ որում, ավերածությունները կարող են և բավականին պարկեշտ ու խաբուսիկ տեսք ունենալ, ինչպես օրինակ Հայաստանում։ 

Մի խոսքով, ներկայիս հայկական իշխանության քաղաքական հայեցակարգը՝ «խաղաղություն և բարեկեցություն` Արցախի, Հայաստանի անկախության և հայերի կյանքի դիմաց», անխուսափելիորեն բերելու է ինչպես երկրի կորստի, այնպես էլ ազգային աղետի: 

Սրանք բացասական կանխատեսումներ չեն, սա քաղաքագիտական իրականություն է, որի հետ վիճելն անիմաստ է։ Դա նույն է, թե վիճարկես, որ 2×2=4: 

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image