Հասարակություն

Դեգրադացված միտք ու դեգրադացված երկիր

Դեգրադացված միտք ու դեգրադացված երկիր

Այսօրվա Հայաստանում քաղաքական միտքն իրոք որ սարսափելի դեգրադացիայի է ենթարկվել: Այն այնքան է դեգրադացվել, որ չի կարողանում անգամ ընկալել այնպիսի պարզ ճշմարտություն, որ պետության ղեկավարը մեկն է, որը ռազմաքաղաքական գործընթացները չի գնահատում միայն կորուստներից «անպայման խուսափելու» տրամաբանությամբ: Նրա գործունեության նպատակն այս իմաստով ոչ թե կորուստներից, ցավոք՝ նաեւ զոհերից խուսափելն է, այլ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը: Իհարկե, կորուստներն ու զոհերը չեն կարող անտեսվել երկրի ղեկավարի կողմից: Բայց դրանք նրան պետք է հետաքրքրեն՝ միայն ավելի քիչ կորուստներով պետության առջեւ դրված խնդիրները լուծելու տեսակետից:

Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր եւ այդպես կլինի վաղը: Այդպես կլինի, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս փորձը, եթե ժամանակին չես լուծում երկրի առջեւ դրված խնդիրները, ապա դրանք, միեւնույն է, ստիպված ես լինելու լուծել հետո եւ լուծել մի քանի անգամ ավելի շատ զոհերով ու կորուստներով:

Տեսեք՝ եթե Ադրբեջանը մեկ կամ մի քանի ամսից Հայաստանի դեմ, իրոք, լայնածավալ պատերազմ սկսի, արդյոք չի՞ ստացվի այնպես, որ Փաշինյան Նիկոլի՝ «Հայաստանին ուզում են ներքաշել պատերազմի մեջ, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ չներքաշվենք»-ի տրամաբանությամբ որդեգրված ռազմաքաղաքական դիրքորոշումը Հայաստանին ավելի շատ վնաս տվեց, քան այն վնասները, որոնք Հայաստանը հնարավոր է կրեր, եթե, ասենք, նույն թվականի սեպտեմբերի 18-ին ինքը նախահարձակ լիներ: Իհարկե, այդպես կստացվի: Այդպես կստացվի, որովհետեւ սեպտեմբերի 18-ին մենք դեռ թշնամու բանակի թիկունքում ունեինք բավականին մարտունակ Արցախի պաշտպանության բանակ, ինչը, անշուշտ, անգամներով փոքրացնում էր այդ պատերազմում մեր պարտվելու հավանականությունը:

Մյուս հանգամանքը, որն այդպես էլ չի տեղավորվում այս երկրի դեգրադացված պատկերացումներում, վերաբերում է այսօրվա Հայաստանում ամենաքննարկվող դարձած «խաղաղության պայմանագրին»: Սկսած այս երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարությունից, վերջացրած ամենավերջին փորձագետը, այսօր շատ են սիրում խոսել այդ պայմանագրի մասին: Դրան վերաբերող շատ ենթադրություններ ու հաշվարկներ են արվում, շատ հիպոթեզներ են առաջ քաշվում ու ապացուցվում: Բայց ո՛չ նրանց արած ենթադրություններում ու հաշվարկներում, ո՛չ նրանց բերած ապացույցներում չկա այն ամենակարեւոր հարցի պատասխանը, թե Ալիեւը, ով հաջողված պետական գործիչ լինելուց զատ, նաեւ իր երկրի հաջողված նախագահն է, այդ ինչու պետք է Ադրբեջանի համար «տարածաշրջանային առաջնորդություն» ապահովող պատերազմն ինչ-որ «կասկածելի խաղաղության» հետ փոխի: Խաղաղություն, որն իր թշնամի երկիրը՝ Հայաստանը, կարող է, եթե ոչ Նիկոլի օրոք, ապա, վստահաբար, երբեւէ օգտագործել՝ զինվելու եւ ռեւանշի գնալու համար: Նրանց հաշվարկներում ու ապացույցներում չկա այդ հարցի պատասխանը: Բայց դա չի նշանակում, որ այդ հարցը չունի պատասխան: Այդ հարցը, իհարկե, ունի պատասխան, ու այդ պատասխանը, միանշանակ, «չի փոխելու»-ի մասին է:

 Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image