Քաղաքականություն

Վաստակավոր ճակնդեղագործ Լֆիկն ու կոռուպցիայի դեմ պայքարող Նիկոլը

Վաստակավոր ճակնդեղագործ Լֆիկն ու կոռուպցիայի դեմ պայքարող Նիկոլը

Մարտի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական կառույցի, հերթական հաշվետվությունն է լսել։ Իհարկե, լավ է, որ երկրի ղեկավարն առանձին՝ ոլորտ առ ոլորտ այցելում է տարբեր գերատեսչություններ, լսում նրանց հաշվետվությունները, քննարկում առաջիկա անելիքները, բայց այդ հաշվետվությունները, որպես կանոն, վերածում են փիառ-ակցիաների՝ լուսանկարում, տեսագրում, հաղորդագրություններ տարածում, որտեղից հիմնականում ակնհայտ է դառնում, որ երկիրը ղեկավարում է նախկին գլխավոր խմբագիր, որը դիլետանտ է բոլոր հարցերում՝ ոչ մի թեմայի խորությամբ չի տիրապետում, բայց գիտակի տոնով ելույթներ է ունենում՝ երբեմն հարուցելով տվյալ ոլորտների մասնագետների ծիծաղը։ Սակայն ամեն դեպքում, արձանագրենք, որ այդ այցելությունները գուցե զգաստացնում են պետական համակարգերի աշխատողներին, ստիպում են հաշվետվություններ կազմել, վերանայել իրենց արածն ու ծրագրավորել անելիքները։

Վերադառնանք մարտի 11-ի հաշվետվությանը։ Այդ օրը վարչապետին է ներկայացվել Տեսչական մարմինների 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և տեսչական մարմինների ղեկավարները զեկուցել են 2023-ին իրականացված միջոցառումների մասին, տեղեկատվություն են ներկայացրել իրականացված ստուգումների, վերահսկողական, իրազեկման միջոցառումների մասին։ Խոսել են առկա խնդիրների, ռիսկերի մասին: Մեր ուշադրությունը գրավեց մի դրվագ, որի մասին նշել են կառավարությունից ուղարկված հաղորդագրությունում։

«Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ 40 ապօրինի լցակայան ապամոնտաժվել է, եթե այս պրոցեսը հանկարծ դադարեցնենք, դա նշանակում է, որ մենք այս 40-ին ուղղակի թիրախավորված շուկայից հանեցինք, ուղղակի վատություն արեցինք: Մեր քաղաքականությունն այն պիտի լինի, որ չպետք է երկրում ընդհանրապես լինի այդպիսի բենզալցակայան: Իրատեսորեն պարզ է, որ մենք չենք կարող դա մի օրում անել, ոչ էլ երկու օրում, ոչ էլ հինգ, բայց ասենք, ենթադրենք, 500-600 օրում պետք է անենք անպայման»: 

Ինչպես կասեր մեր գյուղի Ասատուր պապը՝ այ, շատ լավ ասեցիր, Փաշինյան ջան։ Ոչ մի բան թիրախավորված անելը լավ չէ՝ ամեն տեղ պետք է լինի հավասարություն եւ հավասար վերաբերմունք։ Բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն՝ եթե մեկին ձու գողանալու համար նստեցնում եք, պետք է ձի գողացողն էլ անպայման նստի։ Եթե մեկին ինչ որ տենդերի պատճառով գործից ազատում եք, տենդերները սեփական բիզնես սարքած մյուս նախարարը վաղուց պետք է ազատված լիներ գործից։ 

Իսկ «ապամոնտաժել» ասեցիր՝ հիշեցի․ ի՞նչ եղան էն Օպերայի մոտի սրճարանները, որոնց մի քանիսը 2018, թե 19 թվին հարայ-հրոցով քանդեցիք, ասեցիք, որ շուտով մյուսներն էլ եք քանդելու, որ օպերայի շուրջը ծառ-ծաղիկ, գազոն եք վերականգնելու, որ օպերայի բակը վերադարձվի երեւանցիներին։ Բա ինչո՞ւ չարեցիք՝ ո՞վ խանգարեց։ Թե՞ նպատակը Միշիկի «Ջազվեն» քանդելն էր, մնացածին ռիսկ չարեցիք կպնեք, որովհետեւ՝ եթե շարունակեիք, պետք է առաջիններից մեկը Լֆիկի սրճարանը քանդեիք։ Սրա անունն ի՞նչ է` եթե ոչ «թիրախավորված շուկայից հանել»։ Լցակայանի մասին ես ասում, այդ սրճարաններն էլ բա հիշիր:

Լֆիկ ասեցի, մի բան էլ հիշեցի.․ 2016-ի մարտի 16-ին այսօրվա վարչապետ, այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի բոցաշունչ ելույթ է ունեցել Ազգային Ժողովում՝ տնտեսական մրցակցության թեմայով։ Խոսել է «շաքարավազի շուկայում տիրող վիճակի մասին» եւ մասնավորապես՝ Ախուրյանի շաքարի գործարանի մասին, «որը պատկանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին»: 

Հարցնում է. «այն, իրոք, շաքարավազ արտադրող հզորությո՞ւն է, թե՞ ընդամենը բուտաֆորիա՝ պատրաստի շաքարավազը մի դռնով որպես հումք մտցնելու, մյուս դռնով որպես պատրաստի արտադրանք հանելու, եւ այսպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափելու համար»: Ասում է, որ հարցում էր ուղարկել գյուղատնտեսության նախարարություն՝ պարզելու, թե 2010, 11, 12, 13, 14 թվականներին Հայաստանում քանի տոննա շաքարի ճակնդեղ է աճեցվել եւ քանի տոննա մթերվել: Նաեւ ֆինանսների նախարարություն է դիմել, թե` քանի աշխատող ունի այդ գործարանը։ Եւ նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանել է. «հնարավոր չէ պարզել, թե Ախուրյանի շաքարի գործարանում որքան աշխատող կա, որովհետեւ «Ախուրյանի շաքարի գործարան» իրավաբանական անձ գոյություն չունի, կա «Ալեքս Գրիգ» ընկերություն, որի կազմի մեջ է մտնում շաքարի գործարանը, որն ունի 3000 աշխատող, հնարավոր չէ տարբերակել՝ այդ 3000-ից ով է Ախուրյանում աշխատում, ով Սեւանում եւ ով՝ «Երեւան Սիթի» խանութներում»: Ըստ այդմ էլ` հնարավոր չէ ասել, թե Ախուրյանի շաքարի գործարանը որքան հարկ է վճարել, որովհետեւ գործարանը հարկատու չէ, հարկատուն «Ալեքս Գրիգ»-ն է, ու հնարավոր չէ ասել, թե նրա վճարած հարկերից որքանն է շաքարավազի արտադրության համար, որքանը, ասենք, ձեթի վաճառքի: 

«Այսինքն՝ պարզ է, չէ՞, մի այսպիսի կոնգլոմերատ, աջաբսանդալ են սարքել, որտեղ նույնիսկ միկրոսկոպով չկարողանաս տարբերել՝ լոբին որտեղ է, բադրիջանը որտեղ է, մի հատ մեծ, ընդհանուր բան է», վրդովվում է պատգամավոր Փաշինյանը եւ շաքարի ու ճակնդեղի արտադրության, դրանց գների, հարկերի մասին մի բոցաշունչ ելույթից հետո ասում է.․« Բայց, տիկնայք եւ պարոնայք, հուսահատվելու կարիք չկա, քանի դեռ Հայաստանում կան ճակնդեղագործության այնպիսի նվիրյալներ, ինչպիսին Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն են: Կարծում եմ՝ ժամանակն է արդեն, իսկապես, մտածել պարոնայք Սամվել Ալեքսանյանին եւ Սերժ Սարգսյանին ՀՀ պատվավոր ճակնդեղագործի կոչում շնորհելու մասին»: 

Հիմա նույն Սամվել Ալեքսանյանը Փաշինյանի ամենասիրելի եւ ամենաարտոնյալ բիզնեսմեններից է, որը ոչ հարկերն է թաքցնում, ոչ աշխատողներին, նրա արտադրած շաքարն էլ ամենաքաղցրն է, իսկ պատվավոր ճակնդեղագործի փոխարեն էլ կարելի է պատվավոր ՔՊ-ականի կամ ՔՊ-ին կից պատվավոր բիզնեսմենի կոչում տալ նրան։

Արեգ Մարգարյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image