Կրթության և գիտության նախկին նախարար (2003-06), նախագահի նախկին խորհրդական (2006-08), բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը նույնպես այն կարծիքին է, որ իմքայլականների նախաձեռնած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքին։
«Չպետք է որևէ կերպ խաթարել բուհերի ինքնավարությունը և այդ ինքնավարության հիման վրա բուհերի գործունեությունը, այդ գործունեության կազմակերպումը։ Այսինքն՝ բուհերը պետք է լինեն ինքնավար մարմին, ընդամենը նախարարությունները, պետական մարմինները պետք է բուհերին օգնեն, աջակցեն և դրանով ցույց տան իրենց համագործակցությունը կրթական համակարգի հետ», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց նախկին նախարարն՝ անդրադառնալով բուհերի ինքնավարությունը վերացնող օրինագծին, որը նախագահն ուղարկել է Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար։
Ըստ Երիցյանի՝ այս փոփոխությունները հակասում են ինքնավարության սկզբունքին և չեն կարող գործել։
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին գործիչն ասաց, որ կարևորը ճգնաժամից դուրս գալն է։ «Ամեն մեկիս քայլը պետք է լինի, որ կայանան իսկապես նոր ընտրություններ։ Կայանան այն ընտրությունները, որոնք իսկապես մեզ կհանեն ճգնաժամից և հնարավորություն կստեղծեն, որ երկրի զարգացման ուղենիշը կարողանանք բռնել»։
«Եթե երկիրը ճգնաժամի մեջ է, եթե երկիրը եկել-հասել է այստեղ, անկասկած, մենք այսօր չենք կարող գոհունակությամբ խոսել կառավարության աշխատանքից», - ասաց նախագահի նախկին խորհրդականը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության աշխատանքը։
Սերգո Երիցյանն ասաց, որ նախատեսված արտահերթ ընտրություններին պատրաստ է սատարել այն ուժերին, որոնց ծրագրերում հստակ ուղենիշներ կլինեն։ «Կսատարեմ, կօգնեմ, կաջակցեմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց նպատակը և գործելակերպը կլինի երկիրը դուրս բերել այս վիճակից», - ընդգծեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում