Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Անահիտ Հակոբյանն աբսուրդ է որակում Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե շարունակենք Արարատ լեռը համարել հայկական, ոչ մի պետություն Հայաստանին զենք չի տա, իսկ ով էլ տա, այն կլինի ժամկետանց, անպիտան։ Փաշինյանի աղմկահարույց այս հայտարարությունը եթեր գնաց Հայոց բանակի կազմավորման 33-ամյա տարեդարձից երկու օր առաջ։
«Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի եւ Արագածի դիսկուրսը։ Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի եւ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք՝ ինքներս, մեզ կդարձնենք թիրախ»,- ասել էր Փաշինյանը։ Անահիտ Հակոբյանը շեշտում է՝ Արարատը հայոց պետության խորհրդանիշն է, մենք Արարատով ենք սկսել մեր պատմությունը։
«Մեր համահայկական առաջին թագավորությունը կոչվել է Արարատյան կամ Վանի թագավորություն։ Այսօր ասել, որ Արարատի մասին խոսել չի կարելի, կամ մեզ այլ կերպ կվերաբերվեն՝ աբսուրդ է։ Հայոց պետականության գոյության ոչ մի ժամանակահատվածում մենք այսպիսի խայտառակ վիճակում գտնվող բանակ չենք ունեցել։ Ցանկացած պետության գոյության գրավականը տվյալ պետության զինված ուժերն են։ Մենք զինված ուժեր ունեցել ենք դեռ Վանի թագավորությունից»,- ասում է նա։ Հակոբյանի խոսքով՝ հայոց պետականության ոչ մի ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերը չեն ունեցել նման խայտառակ պատկեր, ինչպիսին այսօր է։
«Սարդուր 2-րդի 350 հազարանոց բանակը, Արտաշեսյանների օրոք Տիգրան Մեծի բանակը 300 հազարանոց բանակ էր, Արշակունիների օրոք՝ 120 հազարանոց բանակ, Երվանդունիների օրոք նոր կազմավորված թագավորությունն ունեցել է 48 հազարանոց բանակ, իսկ Բագրատունիների օրոք 90-100 հազարանոց բանակ ենք ունեցել։ Հայաստանի բանակը երբեք չի ունեցել մարտունակության նման ցածր մակարդակ»,-նշում է նա։
Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարը շեշտում է՝ բանակի այսօրվա վիճակը կապ չունի հայ զինվորի մարտական ոգու հետ։ «Հայ զինվորի մարտական ոգին միշտ բարձր է եղել, ուղղակի նրան պակասում է իշխանության մարմինների կողմից տրվող գնահատականը, որն այս պահին չունենք։ Այդ է պատճառը, որ մեր զինվորականության վիճակն այսօր այսպիսին է»։
Մանրամասն՝ տեսանյութում