«Հայաստան» դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։
«Նշված բոլոր դեպքերը գտնվում են մեր վստահված անձանց և իրավական խմբերի մշտական վերահսկողության ներքո։ Ստացված տեղեկությունները ստուգվում, փաստագրվում և սահմանված կարգով փոխանցվում են իրավասու մարմիններին։ Հիշեցնում ենք, որ ընտրական գործընթացին ցանկացած ապօրինի միջամտություն, այդ թվում՝ քվեաթերթիկների անօրինական շրջանառությունը, կարող է պարունակել իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ և ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։ Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց և դիտորդներին շարունակել տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին՝ ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը հետևողականորեն վերահսկում է իրավիճակը, կոչ է անում բոլոր քաղաքացիներին ազատ և անկաշկանդ իրացնել իրենց ընտրական իրավունքը, իսկ բոլոր մեղավոր անձինք պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության», ասված է հայտարարության մեջ։
Նկատենք, որ խախտումներն արձանագրելն ու փաստաթղթավորելը բավարար չէ, ավելին` դա ոչինչ չի փոխելու: Որովհետեւ եթե անգամ հետագայում վիճարկվեն ընտրությունների արդյունքները, ապա այդ խախտումների քանակը համադրելու են ՔՊ-ի ստացած քվեների քանակի հետ եւ հայտարարելու են, թե դրանք «չէին կարող ազդել ընտրությունների հավաքական արդյունքների վրա»:
Դա նշանակում է, որ յուրաքանչյուր խախտում հայտնաբերող հենց տեղում պետք է փորձի կանխել խախտումը, պայքարի դրա դեմ եւ ստիպի, որ շտկեն իրավիճակը: Հետոյի վրա հույս դնելն անիմաստ է: