Հասարակություն

Առաջին հիսուսական Պապը՝ Ֆրանցիսկոսը

Առաջին հիսուսական Պապը՝ Ֆրանցիսկոսը

2025թ․ ապրիլի 26-ին Սուրբ Պետրոսի տաճարի առջեւ եւ Հռոմի փողոցներում խմբված շուրջ 400 հազար մարդու հրաժեշտի ու աղոթքների ներքո հուղարկավորվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, որը, հաղթելով թոքերի երկարատեւ հիվանդությունը, վերադարձավ Վատիկան եւ Հիսուսի Հրաշափառ Հարության տոնին ողջունեց Սուրբ Պետրոսի տաճարի բակում խմբված հավատացյալներին եւ, ի դեմս նրանց, համայն մարդկությանը, իսկ հաջորդ օրը կնքեց մահկանացուն։ 

Հիսուսականների ուխտը

Հռոմի պապերն ընկալվում են ոչ միայն իբրեւ կաթոլիկների առաջնորդ, այլեւ հաճախ՝ ողջ քրիստոնյա աշխարհի առաջնորդ՝ այն պարզ պատճառով, որ կաթոլիկներն ունեն աշխարհում ամենամեծ տարածվածությունը, հետեւորդների թիվը եւ քաղաքական ազդեցությունը։ Իսկ այդ առաջնորդող դիրքին, հատկապես՝ համաշխարհային տարածվածությանն ու հետեւորդների թվին, կաթոլիցիզմը հասել է գլխավորապես մի կրոնական օրդենի՝ 1540-ին հիմնադրված Հիսուսի Միության (Societas Iesu) կամ Հիսուսականների Ուխտի (Jesuit Order) շնորհիվ։ Քանի որ Հիսուսի անունը լատիներեն հնչում է Iesu, այլ կերպ՝ Jesus, հիսուսականը հնչում է Iesuit կամ Jesuit։ Հայերեն տառադարձությամբ՝ ճիզվիտ։  

Վստահաբար, ընթերցողների մեծամասնության մոտ ճիզվիտը կամ ճիզվիտականությունը անմիջապես կասոցացվեն միջնադարյան ինկվիզիցիայի հետ։ Ինչ դերակատարում են ունեցել հիսուսականները (Jesuits) կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիաների պրակտիկայում, դժվար է ասել, սակայն, վստահաբար, այդ առնչությունը դա չէ Հիսուսականների օրդենի էությունը, գաղափարախոսությունը կամ այցեքարտը։ Հիսուսականների օրդենը 1540-ին ստեղծվել է ի պատասխան եւ ի հակակշիռ գերմանացի հոգեւորական Մարտին Լյութերի հեղինակած «Իննսունհինգ թեզիսների» (1517թ․) եւ լյութերական շարժման, որն այնուհետ վերաճեց ռեֆորմիստական շարժման եւ ծնունդ տվեց քրիստոնեական աշխարհի մեծությամբ երրորդ՝ բողոքական կամ ավետարանչական եկեղեցուն։ Հիսուսականները պաշտպանում էին Հռոմի պապի իշխանությունը եւ կաթոլիկ եկեղեցին բողոքականների մեղադրանքներից ու այլախոհությունից։ 

Գուցե պապական իշխանության եւ կաթոլիկական պոստուլատների պաշտպանությունը նորություն չէր, դա անում էին նաեւ այլ կաթոլիկներ, բայց կերպը, թե ինչպես հիսուսականները սկսեցին դա անել, չուներ նախադեպ։ Հենց հիսուսականներն ասպարեզ բերեցին երկու «զենք», որոնք, ինչպես ժամանակը ցույց տվեց, ամենից արդյունավետն էին՝ Հիսուսի խոսքի եւ գործի մասին ուսմունքով մարդկանց եւ աշխարհը նվաճելու համար։ Հիսուսականների առաջին «զենքը» կրթությունն էր, նրանք անվերջ թվով կրթական հաստատություններ են հիմնադրել՝ տարրական դպրոցներից մինչեւ համալսարաններ, որտեղ կաթոլիցիզմի դասավանդումը զուգադրել են ծավալուն աշխարհիկ կրթության հետ՝ համալսարանական մակարդակում գրեթե միահյուսվելով ժամանակի գիտությանը։  Կրթությամբ մարդկանց գրավելու եւ առաջնորդելու այդ ձգտումը բերեց նրան, որ հիսուսականների կողմից կրթված մարդիկ դարձան ազդեցիկ ուժ՝ համալսարաններից մինչեւ պետական էսթաբլիշմենթներ եւ արքունիքներ։

Երկրորդ «զենքը», որով հիսուսականները նվաճեցին աշխարհը, միսիոներական գործունեությունն էր: Հենց հիսուսականները սկիզբ դրեցին դեպի աշխարհի չորս ծագերը, անհավատների կամ այլադավանների մեջ գնալու եւ քրիստոնեություն տարածելու վերմարդկային գործին։ Թե միջնադարում նման առաքելության զինվորագրվելու համար ինչ հոգեկան ուժ, ֆիզիկական դիմացկունություն եւ մտավոր պատրաստվածություն պետք էր ունենալ, դժվար է գերագնահատել։ Հիսուսականներն իրենց նվիրումով եւ հավատի ուժով դարձան ռահվիրաները միսիոներական գործունեության, որով էլ քրիստոնեությունն աննախադեպ տարածվեց ու հետեւորդներ ձեռք բերեց աշխարհի չորս ծագերում՝ Լատինական Ամերիկայից մինչեւ Աֆրիկա, Օկեանիա եւ Ասիա։

Առաջին հիսուսական Պապը

Հիմնադրումից գրեթե հինգ դար անց Հիսուսականների օրդենին պատկանող առաջին հոգեւորականն ընտրվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ՝ ի դեմս Ֆրանսցիսկոս պապի։ Մինչ Հռոմի պապ ընտրվելը եւ Ֆրանցիսկոս անունը վերցնելը նա Արգենտինայի մայրաքաղաքի՝ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր իր ծննդյան՝ Խորխե Մարիո Բերգոլիո անվամբ։ Ֆրանցիսկոս պապն ազգությամբ իտալացի էր, ծնվել էր Լատինական Ամերիկայում, Բուենոս Այրեսում եւ շուրջ քսանամյա հասակից անդամագրվել էր Հիսուսականների օրդենին։ Պապն իր ողջ կյանքում Հիսուսի համեստ աշակերտի էություն ու կերպար է ունեցել, ինչը նրան շատ է տարբերել այլ հոգեւորականներից եւ դարձրել չափազանց հայտնի ու սիրված ողջ աշխարհում։ Իր ողջ պապական գահակալության ընթացքում Ֆրանցիսկոս պապը երբեք չապրեց Վատիկանի Առաքելական պալատում, որտեղ Պապի պաշտոնական կեցավայր-հարկաբաժինն է, այլ ապրում էր Վատիկանի հյուրատան համեստ մի սենյակում։ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսական ծառայության շրջանում էլ Ֆրանցիսկոս պապն անգամ ծառայողական մեքենա չի պահել, սովորություն է ունեցել տնից աշխատավայր գնալ մետրոյով։ Իր հուղարկավորման կապակցությամբ էլ դեռ 2023-ին Ֆրանցիսկոս պապը գրի էր առել իր ցանկությունը, որ իր աճյունն ամփոփվի ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարի ստորգետնյա հարկաբաժնում, այլ հուղարկավորումը լինի Հռոմի Santa Maria Maggiore տաճարում, դագաղը դրվի հողի մեջ, շիրմաքարը լինի պարզ, առանց դեկորների եւ կրի միայն մեկ մակագրություն՝  Franciscus:  

Ինչ խոսք, վանական ասկետիզմի այդ էությունն ու վարքն էլ տպավորիչ էին, սակայն Ֆրանցիսկոս պապը ողջ աշխարհին այդքան սիրելի էր դարձել հատկապես իր հորդացող բարության, ողորմածության ու մարդասիրության համար։ Պապն այնքան ուրույն, առինքնող, զորեղ, փարոսի պես բարձրացած անհատականություն էր աշխարհում, որ բոլորն էին նրան տեսնում։ Օրինաչափ է, որ նրա հուղարկավորությանն աշխարհի 150 երկրից աշխարհիկ ու կրոնական գահակալներ, առաջնորդներ էին ժամանել Վատիկան։ 

Հայաստանից էլ Պապի հուղարկավորության կապակցությամբ Վատիկան մեկնեցին թե՛  Վեհափառ հայրապետը, թե՛ հանրապետության նախագահը։ Վեհափառի եւ նախագահի ներկայությունը հայ ժողովրդի եւ հայկական պետության երախտագիտության ու մեծարանքի տուրքն էր Հիսուսի ճշմարիտ նվիրյալին, մեծ հոգեւորականին եւ մարդուն, որի ջերմությունը հայ ժողովրդի հանդեպ սկիզբ է առել արգենտինահայության հետ բարեկամությունից եւ անմոռաց էջ է գրել հայության հիշողության մեջ։ Այսօր թե ապագայում դժվար գտնվի հայոց իրականության հետ կապ ունեցող որեւէ հայ, որ չիմանա, չհիշի, երախտապարտ չլինի  Ֆրանցիսկոս պապին Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի, Հայոց  ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար։ Նույն պատարագի ընթացքում նաեւ կատարվեց Գրիգոր Նարեկացու սրբադասումը եւ հռչակումը որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ։ Նույնքան անմոռանալի է Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցը Հայաստան, 2016-ին՝ «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով, երբ Պապի աղոթակցությամբ Գարեգին II Վեհափառ Հայրապետը պատարագ մատուցեց Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում։ Պապը Վեհափառի ընկերակցությամբ մեկնեց նաեւ Խոր Վիրապ, որտեղ աղոթեց եւ աղավնիներ բաց թողեց դեպի Հայաստանի խորհրդանիշ բիբլիական Արարատ։ 

Քրիստոնեություն ընդունելուց էլ առաջ 

Երեւի թե աստվածային տնօրինություն կար նրանում, որ Հիսուսական օրդենից սերած Պապն այդքան ջերմություն, բարեկամություն ունենա հայ ժողովրդի հետ, որի հետ Հիսուսի ունեցած անմիջական առնչությունն ու կապն անժխտելի է։ Սկսած Հիսուսի անվան հայերեն ստուգաբանություններից։ Ոմանք վստահաբար գիտեն, ոմանք՝ ոչ, Հիսուսի երկրային կյանքի ընթացքում իր անունը եբրայերեն, արամեերեն հնչել է Yeshua (Yahshua) Ha'Mashiach («Քրիստոս»-ը հունարեն բառ է, որ Հիսուսի անվանը դարեր հետո կցել են հույները)։ Իսկ Mashiach-ը շատ նման է Մասեաց-ին (Մասիս լեռան գրաբարյան անվանումը), Ha’Mashiach-ը, ինչպես հայերն են սրամտորեն նկատել, հնչում է համարյա Հայ Մասեաց։ Կամ դեռ միջնադարում հայերը «Յիսուս» անունը ստուգաբանել են, Հայկազյան բառարանում էլ դա կա, «Յիս յոյս», այսինքն՝ Ես եմ հույսը։ 

Սակայն մեկնաբանություններից այն կողմ, փաստ է եւ իրողություն, որ իր երկրային կյանքի ընթացքում միակ անձը, որին Հիսուսը գիր է հղել, եղել է Եդեսիայի հայոց Աբգար արքան։ Աբգար արքայի եւ Հիսուսի նամակագրությունն արձանագրված է թե՛ պատմահայր Խորենացու «Հայոց պատմության» մեջ, թե՛ Կեսարիայի պատրիարք Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցու պատմության», թե՛ հնարավոր է՝ սկզբնաղբյուր ծառայած ասորի հեղինակ Լաբուբնա բար Սենաակի պատմության, որն իր մասին հայտնում է, որ եղել է Եդեսիայի հայոց արքունի դպիրը (իր գահակալության սկզբում Աբգար արքան Մծբինից Եդեսիա է տեղափոխել Երվանդունիների ամբողջ արքունի դիվանը, անգամ Մծբինի մեհյանների մատյանները)։

Նույն՝ հայոց Աբգար արքան է հրեաների հալածանքներից Հիսուսին ու նրա հետեւորդներին պաշտպանել Հռոմի Տիբերիոս կայսեր հետ նամակագրությամբ, որ մեջբերել է Խորենացին։ Ի պատասխան հայոց Աբգար արքայի բարեխոսության եւ փաստարկների է Տիբերիոսը կարգադրել, որ Հռոմեական կայսրությունում ով ցանկանում է, Հիսուսին պաշտի իբրեւ Աստծո, նաեւ մահվան սպառնալիքով արգելել է չարախոսությունները Հիսուսի հետեւորդների դեմ։ 

Նույնպես փաստ է, որ իր դեմքի պատկերով, դրոշմով միակ կտավը Հիսուսն Աբգար արքայի նամակի պատասխանի հետ ուղարկել է Եդեսիայի հայոց արքունիք։ Դարեր անց կտավի գոյության մասին հայտնի է դարձել նաեւ Եվրոպայում «Եդեսիայի դիմապատկեր», Mandylion անուններով։ Ըստ ավանդությունների՝ Թուրինի սավանն էլ, որը ենթադրաբար այն պատանքն է, որի մեջ խաչից իջեցված Հիսուսի մարմինն են ծածկել, երկար ժամանակ Եդեսիայում է պահվել։ 
Ավանդազրույցների համաձայն՝ նաեւ Աբգար արքայի կինը՝ հայոց Հեղինե թագուհին, ամուսնու մահից հետո գնացել է Երուսաղեմ, բարեկամություն է հաստատել Մարիամ Աստվածածնի հետ, եւ այդ երկու կանայք են դարձել առաջին հոգատարը Երուսաղեմի Տերունական սրբավայրերի։ Թերեւս Հեղինե թագուհու հանգամանքն է բացատրում, թե ինչպես է պատահել, որ քրիստոնեական եկեղեցու առաջին պատրիարքի՝ Հակոբոս Տեառնեղբոր թե՛ տունը, թե՛ պատրիարքական աթոռը ժառանգվել է հայությանը։ Այդ տան հիմքերի վրա է բարձրանում այսօրվա մեր Սրբոց Հակոբեանց տաճարը Երուսաղեմում։ 

Չկա մի ուրիշ ժողովուրդ երկրագնդի վրա, որ Հիսուսի երկրային կյանքի ընթացքում եւ խաչելությունից հետո այդքան ջերմ, պաշտպանող ու մեծարող վերաբերմունք դրսեւորած լինի Հիսուսի հանդեպ, եւ օրինաչափ է, որ Հիսուսի թե՛ գիրը, թե՛ պատկերը, թե՛ իր եկեղեցու առաջին շինվածքն ու պատրիարքական աթոռը, թե՛ Հիսուսին խոցած գեղարդը հայությանն են ի պահ տրվել։ Հետեւաբար, գուցե ի վերին տնօրինություն էր, որ առաջին հիսուսական Պապի զգացումներն ու կապն էլ հայության հետ Հիսուսի ու հայության միջեւ եղած կապի ոգին կրեր։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image